HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«ԱՆԻ» ԲԲԸ-ն պատրաստ չէ Ջրաձորի ջրանցքի օտարման համար հավելյալ վճարել

Մարտի 6-ին «Հետք»հրապարակել էր «ԱՆԻ» ընկերության՝ Ջրաձորի ջրանցքի օտարման գործարքի մասին, որի իրավաչափության հարցն այս պահին քննվում է Քննչական կոմիտում։ Պետական գույքի կառավարման կոմիտեի տեղակալ Սերգո Աթանեսյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ ջրանցքի օտարման գործարքում կան կեղծ տվյալներիբրև ընկերության գույքը գնահատվել է 30 միլիոն դրամ, այնինչ դրա իրական արժեքը 244 միլիոն դրամ է։

«ԱՆԻ» ԲԲԸ-ն պարզաբանում է իրենց օտարված գույքի շուրջ տեղի ունեցող իրավական գործընթացն ու ընկերության դեմ հնչած մեղադրանքները։ Նշենք, որ ընկերությունը Ջրաձոր ջրանցքի տարածքում 2009 թվականից շահագործում է «Ջրաձոր» փոքր ՀԷԿ-ը:

Ընկերության խորհրդատու, սեփականատիրոջ որդի Մեսրոպ Մանուկյանն ասում է՝ Պետական գույքի կառավարման կոմիտեն ամբողջությամբ չի ուսումնասիրել օտարման գործարքի պայմանները, գույքը վերագնահատողները չեն եկել տարածք,  վերագնահատում կատարել և այդ գործընթացը շոու դարձրել: Նրա փոխանցմամբ՝ թե՛առաջին գնահատողը, թե՛ վերագնահատողը եղել է Պետգույքի կառավարման կոմիտեի «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը․ «Մեր ընկերության կողմից որևէ փաստաթուղթ չի կեղծվել»,- պնդում է նա։

Մանուկյանը իրավապահ մարմիններին առաջարկել է ֆինանսատնտեսական փորձաքննությունը իրականացնել՝ պարզելու համար այս գործարքից պետությունը վնաս է կրել, թե օգտվել․ «Քննչական կոմիտեն միայն նշանակել է ապրանքագիտական փորձաքննություն, մենք ասում ենք՝ եթե դուք խնդիրը դրել եք, որ պետությանը վնաս է հասցվել, տրամաբանորեն է, որ պետք է հիմնավորեք ֆինանսատնտեսական փորձաքննությամբ։ Այսինքն՝ որքան է պետությունը վնաս կրել։ Եթե գործարքը չի լինելու, եկեք քննարկենք, թե պետությունը որքան վնաս է կրում»։

Ընկերության սեփականատեր Գևորգ Մանուկյանն ասում է՝ եթե գործարքը վերանայվի և այն ուժը կորցրած ճանաչվի, պետությունը տարեկան մոտ 280 միլիոն դրամի վնաս կկրի։ Նշում են, որ նախկինում պետությունն ամեն տարի ջրանցքի այդ հատվածի սպասարկման համար 5-6 միլիոն դրամ դոտացիա է տվել, սակայն ջրանցքի օտարումից հետո այդ գումարը չի փոխանցվում, ընկերությունը իր միջոցներով է ոռոգման ջրի սպասարկումն իրականացնում։

Մեսրոպ Մանուկյանը 2012-2017 թվականներին աշխատել է որպես ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի օգնական։ Ասում է՝ գործարքում Մանուկյանը որևէ միջնորդություն չի ունեցել։

Մեսրոպ Մանուկյանն ու հայրը պնդում են, որ 2017 թվականին կատարված գույքի գնահատման 30 միլիոն դրամն էլ իրանց համար անընդունելի է եղել, կառավարությանն անգամ խնդրել էին ջրանցքն իրենց անհատույց տրամադրել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բարեկարգման համար մեծ աշխատանքներ կան իրականացնելու։ Իսկ եթե քննության ավարտից հետո որոշվի, որ ընկերությունը վերագնահատված արժեքի համար պետք է լրացուցիչ վճար կատարի, «Անի» ԲԲԸ-ի սեփականատեր Գևորգ Մանուկյանն ասում է՝ չեն վճարի և կպահանջեն իրենց ներդրած 88 միլիոն դրամը՝ գույքը պետությանը հետ վերադարձնելով։

Ընկերության խորհրդականը նաև ընդգծում է, որ գույքը գնահատելիս հաշվի չի առնվել նաև, որ ջրանցքը սեյսմակայուն չէ, այն գտնվում է 9 բալից բարձր սեյսմակայուն գոտում, քայքայված է, և դրա հիմքերը ամրացնելու մեծ աշխատանքներ պետք է կատարվեն։  

Այն հանգամանքը, որ գնահատման հաշվետվությունում բացակայում է գնահատողի ստորագրությունը, ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ դա իրենց հետ կապ չունի, այն Պետգույքի կառավարման կոմիտեի ՊՈԱԿ-ն է իրականացրել, իսկ կոմիտեի  նախագահի կալանավորված տեղակալ Աշոտ Մարկոսյանի հետ փոխկապակցվածությունն էլ այնքանով է, որ նա ասպիրանտուրայում եղել է Մեսրոպ Մանուկյանի գիտական  ղեկավարը, համատեղ գիրք են հեղինակել։ Սակայն Մանուկյանները վստահեցնում են, որ նա գործարքի իրականացման համար որևէ միջնորդություն չի ունեցել։

Մանուկյանն ասում է՝ 15 տարվա ընթացքում ջրանցքի բարեկարգման համար 540 միլիոն դրամ են ներդնելու, դրանից հետո ջրի կորուստը կնվազի, իրենց ՀԷԿ-ը առավել շատ հոսանք կարտադրի, տարեկան մոտ 50 միլիոն դրամով կավելանան իրենց վճարվող ավելացված արժեքի հարկն և շահութահարկը. «Ջրանցքի առաջին նպատակը գյուղացիներին անխափան ոռոգման ջուրն ապահովելն է։ Այս պարագայում, եթե վերանայվի ջրանցքի գնահատման արժեքը, մենք գնահատման ցանկացած նոր արժեքի հետ համաձայն չենք, ընդունելի չէ։

Նույնիսկ ի սկզբանե ասել եմ՝ 30 միլիոն դրամն ընդունելի չէ, քանի որ տվյալ գույքը իրավունք չունենք ո՛չ վաճառելու, ո՛չ գրավ դնելու։ ՀԷԿ-ը վաճառելու պարագայում և ներդրումային գրաֆիկը խախտելու դեպքում, այն հետ ենք վերադարձնում պետությանը։

Նույնիսկ ջրանցքում գտնվող խողովակաշարը, որը մետաղաջարդոն է, որ պետք է փոխենք, դրանք էլ վաճառելու իրավունք չունենք, հետ ենք վերադարձնում պետությանը։ Որպես տնտեսվարողի մեզ հետ կնքված պայմանագիրի պայմանները նվաստացուցիչ են»,-նշում է Մեսրոպ Մանուկյանը:

Նշենք, որ 2017 թվականի ապրիլի 13-ին կառավարությունը 23 միլիոն դրամով «ԱՆԻ» ԲԲԸ-ին օտարեց Ջրաձոր ջրանցքը, դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը, 7060 քառ. մետր թունելը, ինչպես նաև ջրանցքը սպասարկող կառուցվածքները։ Սակայն պետական գույքի կառավարման կոմիտեն պնդում է, որ ջրանցքի շուկայական արժեքը 245 միլիոն դրամ է։ Առքուվաճառքի այս գործարքի վերաբերյալ կոմիտեն նյութեր է փոխանցել դատախազությանը։

Մեսրոպ Մանուկյանի լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter