HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արմեն Ամիրյանին և «Շարմ հոլդինգ»-ին փոխկապակցված ընկերությունները Հանրային ռադիոյի վարձակալներն են

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը 2015-ին Հանրային ռադիոյի կարիքների համար կառավարությունից տարածք խնդրեց՝ պատճառաբանելով, թե ռադիոն տեխնիկան տեղակայելու տարածք չունի: Մինչդեռ այդ ժամանակահատվածում ռադիոն իր շենքում վարձակալությամբ տարածք էր տրամադրել 7 ընկերության:

Տևական ժամանակ Հանրային ռադիոյի տնօրինությունը հրաժարվում էր «Հետք»-ին տեղեկացնել, թե վարձակալ հանդիսացող այդ ընկերությունները տարեկան որքան գումար են վճարում ռադիոյին: Պետական շենքում վարձակալած տարածքի վարձավճարը ռադիոյի տնօրինությունը համարում էր առևտրային գաղտնիք՝ պնդելով, թե այն ենթակա չէ հրապարակման։

Հանրային ռադիոյի շենքում վարձակալած տարածքների վարձավճարների մասին տեղեկատվություն ստացանք միայն Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին ուղղված գրավոր հարցմամբ` պնդելով, որ պետական շենքում վարձակալած տարածքների վարձավճարների չափը չի կարող առևտրային գաղտնիք համարվել, հետեւաբար հրապարակման ենթակա է:

Այժմ ներկայացնենք, թե ովքեր են Հանրային ռադիոյի վարձակալները, ինչ գործունեություն են ծավալում ռադիոյի տարածքում և թե ինչպես են դարձել վարձակալներ:

Այժմ Հանրային ռադիոյի շենքում 6 ընկերության վարձակալությամբ տարածք է տրամադրված: Այդ ընկերությունները առնչվում են կա՛մ ռադիոյի նախկին տնօրեն, մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանին, կա՛մ «Շարմ հոլդինգ»-ին:

2018 թվականին Հանրային ռադիոն վարձակալությունների դիմաց 30 մլն դրամ է ստացել: Ռադիոյի շենքում այժմ տարածք են վարձակալում «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ռադիո, «Ավտոռադիո», «Էֆ էմ թայմս», «Մասթեր Էյդիվի», «Փրայմ քոմերշլ», «Սքայ էյ էմ» ընկերությունները:

Մինչ այս տարվա փետրվարը ռադիոյում տարածք է վարձակալել նաև «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՓԲԸ-ն, որը, կառավարության 2019թ. հունվարի 31-ի որոշմամբ, լուծարվել է:

Թե ում են պատկանում այս ընկերությունները և որ թվականից են հայտնվել ռադիոյի շենքում, ներկայացնում ենք առավել մանրամասն:

«Ար Ռադիո Միջմայրցամաքային» ռադիո

Հանրային ռադիոյի տարածքում բազմամյա վարձակալներից է ռադիոյի նախկին տնօրեն, մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանին փոխկապակցված «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ռադիոն: Ընկերությունը ռադիոյում տարածք է վարձակալում 2005 թվականից, երբ դեռ Արմեն Ամիրյանը Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն էր, և ընկերության սեփականատերը նրա եղբայր Արայիկ Ամիրյանն էր։ Արդեն 2006 թվականին ընկերության սեփականատեր դարձավ Արմեն Ամիրյանը՝ իր իսկ ղեկավարած կառույցում վարձակալ հանդիսանալով։

Թեև Հանրային ռադիոյից տեղեկացրել են, որ ընկերությունը ռադիոյում տարածք է վարձակալում 2005 թվականից, սակայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ ընկերության իրավաբանական հասցեն 2003 թվականի հուլիսի 17-ից Հանրային ռադիոյի շենքն է:

«Ար Ռադիո Միջմայրցամաքային»-ը Հանրային ռադիոյում ամենամեծ մակերեսով տարածքն է վարձակալում․ նրան վարձակալությամբ հատկացված է 11 սենյակ՝ 221 քմ ընդհանուր մակերեսով: Տարածքի համար ընկերությունը 2018-ին ռադիոյին ամսական վճարել է 885 հազար դրամ (տարեկան՝ 10.6 մլն դրամ):

«Ար Ռադիո Միջմայրցամաքային» ռադիոն եթեր է հեռարձակվում 102.8 հաճախականությամբ, վերջինս՝ ըստ Հանրային ռադիոյի տրամադրած տեղեկատվության, չի օգտվում Հանրային ռադիոյի ռադիոընդունիչներից և ռադիոհաղորդիչներից: «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ռադիոյի գործադիր տնօրենը Մհեր Մարգարյանն է՝ Հանրային ռադիոյի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի ղեկավարը:

2017 թվականի սեպտեմբերի 4-ին Արմեն Ամիրյանն ընկերության իր բաժնեմասը՝ 34 %-ը, վաճառել է իր ընկերությունների հաշվապահ Կարինե Շահինյանին։ 

Շահինյանի անունը՝ որպես հաշվապահ, նշված է նաև Ամիրյանի հետ փոխկապակցվող ևս մեկ ռադիոկայանի՝ «Ավտոռադիո»-ի աուդիտորական հաշվետվությունում:

«Ար Ռադիո Միջմայրցամաքային» ընկերության մյուս սեփականատերերը Միշա Հակոբյանն (33 %) ու Քանարիկ Զամբազյանն են (33 %)՝ Յաքուբի Ջամբազյանի ազգակիցը: Միշա Հակոբյանն ու Ջամբազյան Յաքուբը հիմնադիրներ են եղել նաև «Ա թիվի» հեռուստաընկերությունում, որտեղ բաժնեմաս են ունեցել Արմեն Ամիրյանն ու նրա եղբայրը՝ Արայիկ Ամիրյանը: «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ռադիոյի պաշտոնական կայքի համաձայն՝ ընկերության բաժնետերերի խորհրդի նախագահը Արմեն Ամիրյանն է։

«Ար Ռադիո Միջմայրցամաքային» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1999 թվականին: 2002-2006 թվականներին ռադիոյի հիմնադիր-բաժնետեր է եղել Արայիկ Ամիրյանը, ապա 2006-2015 թ․ ընկերության բաժնեմասերը անցել են Արմեն Ամիրյանին։ 2016-ին Ամիրյանը՝ մշակույթի նախարար դառնալուց երկու ամիս անց, կրկին դարձել է ընկերության սեփականատերերից մեկը (մինչ 2017 թ.-ի սեպտեմբեր)։ Ամիրյանը մշակույթի նախարարի պաշտոնում 2016-2017 թվականներին ներկայացրած տարեկան հայտարարագրում նշել է, որ եկամտի զգալի մասը՝ մոտ 22 մլն դրամ, գոյացել է «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ռադիոյում ունեցած շահաբաժնից։

«Ար Ռադիո Միջմայրցամաքային» ընկերությունը ստեղծվել է 1995 թվականին՝ որպես Հայաստանից ռադիոհեռարձակումների միջազգային օպերատոր:

«Ավտոռադիո»

Հանրային ռադիոյում տարածք է վարձակալում Արմեն Ամիրյանին փոխկապակցված ևս մեկ ռադիոկայան՝ «Ավտոռադիո»-ն: Այս ռադիոկայանի ներկայիս սեփականատերերն են` Ամիրյանի եղբորորդին՝ Արտավազդ Ամիրյանը (34 %) ու Քրիստինե Սարգսյանը (66 %): Արտավազդ Ամիրյանն այս ընկերությունում բաժնեմաս ունի դեռևս 2004 թվականից և ռադիոյում տարածք է վարձակալում 2007 թվականից, երբ հորեղբայրը ռադիոյի տնօրենն էր։ Նշենք, որ Արտավազդ Ամիրյանն արդեն 3 տարի բնակվում է Միացյալ Նահանգներում։

Չնայած Հանրային ռադիոյից հայտնել են, որ ընկերությունը ռադիոյում տարածք է վարձակալում 2007 թվականից, սակայն պետական ռեգիստրի տվյալներով՝ ընկերության իրավաբանական հասցեն դեռևս 2004 թվականի նոյեմբերից ռադիոյի շենքն է:

«Ավտոռադիո» ՍՊԸ-ն ռադիոյի շենքում զբաղեցնում է մոտ 78 քմ մակերեսով տարածք: Նախորդ տարի ընկերությունը ռադիոյին ամսական վճարել է 311 հազար դրամ (տարեկան՝ 3.7 մլն դրամ):

Ընկերության տնօրենը Զարուհի Կարախանյանն է։ Նա Արմեն Ամիրյանին փոխկապակցված մեկ այլ ռադիոկայանի՝ «Ռադիո Երևան»-ի սեփականատիրոջ՝ Վախթանգ Կարախանյանի քույրն է։ Նշենք, որ համացանցի մի քանի աղբյուրներում Վախթանգ Կարախանյանը ներկայացվում է որպես «Ավտոռադիո»-ի և«Ռադիո Երևան»-ի գլխավոր պրոդյուսեր:

«Էֆ էմ թայմս»

2009 թվականից Հանրային ռադիոյի տարածքում գործունեություն է ծավալում Արմեն Ամիրյանին փոխկապակցված ևս մեկ ռադիոկայան՝ «Ռադիո Երևան»-ը։ Այս ռադիոկայանի սեփականատերը «Էֆ էմ թայմս» ընկերությունն է։ Ընկերությունն այժմ Հանրային ռադիոյի շենքում զբաղեցնում է մոտ 50 քմ մակերեսով տարածք: Այս տարածքի համար ընկերությունն ամսական վճարել է 197 հազար դրամ, 2018-ին ընդհանուր առմամբ՝ 2.4 մլն դրամ:

«Էֆ էմ թայմս» ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին Արմեն Ամիրյանի եղբորորդու՝ Արտավազդ Ամիրյանի կողմից, որն ընկերության սեփականատեր է եղել 8 ամիս։ Դրանից հետո՝ 2006-2016 թվականներին, ընկերության բաժնեմասն անցել է Կարինե Շահինյանին: 

2016 թվականի փետրվարից «Էֆ էմ թայմս» ընկերության սեփականատեր է դարձել Վախթանգ Կարախանյանը՝ Ամիրյանի հետ առնչվող «Երևան FM» և «Ավտոռադիո» ռադիոկայանների գլխավոր պրոդյուսերը:

Հանրային ռադիոյի փոխանցմամբ՝ «Էֆ էմ թայմս» ընկերությունը Հանրային ռադիոյի շենքում տարածք է վարձակալում 2009 թվականից, այդ ժամանակ Արմեն Ամիրյանը Հանրային ռադիոյի տնօրենն էր:

Սակայն պետական ռեգիստրի տվյալներով` «Էֆ էմ թայմս»-ի իրավաբանական հասցեն հիմնադրման տարվանից՝ 2006 թվականից, Հանրային ռադիոյի շենքն է:

Ստացվում է՝ Արմեն Ամիրյանը պետական գրանցման ժամանակ իրեն պատկանող ընկերությունների իրավաբանական հասցե է նշել Հանրային ռադիոյի շենքը, հետագայում ռադիոյում դարձել է վարձակալ կամ հենց հիմնադրելիս ռադիոյում տարածք է զբաղեցրել, սակայն տարիներ անց միայն՝ ձևակերպվել որպես վարձակալ:

«Ռադիո Երևան»-ը հեռարձակվում է 101.9 հաճախականությամբ՝ «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ռադիոկայանի FM հանրապետական ցանցով։ Այս մասին գրված է «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ռադիոկայանի պաշտոնական կայքում։

«Մասթեր Էյդիվի»

Հանրային ռադիոյի շենքի մյուս վարձակալը դերասան, Երևանի ավագանու նախկին անդամ Հրանտ Թոխատյանի որդու՝ Արամ Թոխատյանի ընկերությունն է։ Թոխատյանին պատկանող «Մասթեր Էյդիվի» ընկերությունը գովազդային և մարքեթինգային գործունեություն է ծավալում։ Ընկերությունը Հանրային ռադիոյի շենքում զբաղեցնում է 70 քմ մակերեսով տարածք: Նախորդ տարի ռադիոյին, որպես վարձավճար, ամսական վճարել է 354 հազար դրամ, իսկ ողջ 2018-ի համար՝ 4.2 մլն դրամ:

Արամ Թոխատյանն աշխատում է նաև հոր ղեկավարած «Շարմ Հոլդինգ» ընկերությունում։

Արամ Թոխատյանին է պատկանում ընկերության բաժնեմասի 83 %-ը, իսկ մյուս 17 % բաժնեմասի սեփականատերը Սամվել Սահակյանն է, որը միաժամանակ Հանրային ռադիոյի տարածքում գործունեություն ծավալող «Փրայմ քոմերշլ»-ի տնօրենն է։ «Փրայմ քոմերշլ» և «Մասթեր Էյդիվի» ընկերությունները ևս փոխկապակցված են, քանի որ դրանց հիմնադիրները «Շարմ Հոլդինգ»-ի ներկայացուցիչներն են:

«Փրայմ քոմերշլ», «Սքայ էյ էմ»

Հանրային ռադիոյի տարածքում գործունեություն են ծավալում նաև «Փրայմ քոմերշլ» և «Սքայ էյ էմ» ընկերությունները, որոնք այժմ պատկանում են միևնույն սեփականատերերին: Ընկերությունները գովազդային և մարքեթինգային ծառայություններ են մատուցում։

Ընկերությունները հիմնադրել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն, «Շարմ Հոլդինգ»-ի նախկին գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը:

«Փրայմ քոմերշլ» ընկերությունը Հանրային ռադիոյում տարածք է վարձակալում 2013 թվականից (2018-ին զբաղեցրել է 98 քմ մակերեսով տարածք, վճարել է 5.9 մլն դրամ), «Սքայ էյ էմ»-ը՝ 2015-ից (2018-ին զբաղեցրել է 44 քմ մակերեսով տարածք, վճարել՝ 2.7 մլն դրամ)։

Կարեն Ղազարյանը «Փրայմ քոմերշլ»-ի գլխավոր տնօրենն է եղել 2008-2013 թվականներին, որից հետո բաժնեմասերը փոխանցել է կնոջը՝ Լիանա Սուքիասյանին։ Իսկ «Սքայ էյ էմ» ընկերությունը հիմնադրել է հենց Լիանա Սուքիասյանը և սեփականատեր է եղել մինչ 2018 թվականի հոկտեմբեր:

Արդեն 2018 թվականի հոկտեմբերին այս ընկերություններում ունեցած 51-ական տոկոս բաժնետոմսերը Կարեն Ղազարյանի կինը փոխանցել է ամուսնու ղեկավարած «Շարմ Հոլդինգ» ընկերության աշխատակցին՝ 25-ամյա Մարատ Ռոստոմյանին։

Այժմ «Փրայմ քոմերշլ» և «Սքայ էյ էմ» ընկերություններում բաժնեմասեր ունեն նաև վրացի Դավիդ Շիմշիլաշվիլին (11 %) և ղազախական «Դաս մարկետինգ ԿԶ» ընկերությունը (38 %):

«Դաս մարկետինգ ԿԶ» ընկերությունն ու Դավիդ Շիմշիլաշվիլին համատեղ ևս մեկ բիզնես ունեն, նրանք վրացական «LLC Das Georgia» ընկերության համասեփականատերեր են, որի տնօրենը հենց Շիմշիլաշվիլին է։

Դավիդ Շիմշիլաշվիլին ընկերական հարաբերություններ ունի Կարեն Ղազարյանի հետ: Հավանաբար հենց այս հանգամանքով է պայմանավորված Դավիդ Շիմշիլաշվիլիի և «Դաս մարկետինգ ԿԶ»-ի բաժնեմասերի ձեռքբերումը «Փրայմ քոմերշլ» և «Սքայ էյ էմ» ընկերություններում:

«Դաս մարկետինգ ԿԶ» գովազդային ընկերությունը գործում է Ղազախստանում, Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Մոնղոլիայում և Ուկրաինայում:

Վրաստանի պետական ռեգիստրի տվյալներով՝ Դավիդ Շիմշիլաշվիլին «Վրացական գովազդի ասոցիացիա» շահույթ չհետապնդող կազմակերպության տնօրենն է (NPO Association of Georgian Advertisment) և Վրաստանում ունի գովազդային գործունեությամբ զբաղվող 9 ընկերություն։

Դավիթ Շիմշիլաշվիլին 2018 թվականի նոյեմբերի 1-ին Երևանում հանդիպել է նաև մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի հետ: Ինչպես նշված է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի նրա էջում, նախարարի հետ քննարկել են 2019-2020 թվականներին կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսը Լոնդոնում ու Մոսկվայում, Փարիզում կամ Բրյուսելում կազմակերպելու հարցը:

Ամփոփելով Հանրային ռադիոյում վարձակալությունների մասին հրապարակումը՝ կարող ենք նշել, որ ռադիոյի շենքում տարածք վարձակալած ընկերությունները պատահական անձանց չեն պատկանում, ավելին՝ մեծ մասամբ փոխկապակցված են միևնույն անձանց։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter