HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Մէկ կադր» կինոփառատոնի մրցութային «Զրո բյուջե» նոր հարթակը. 1 մլն դրամ՝ կինոարտադրողին

«Մէկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնի այս տարվա նորություններից մեկը «Զրո բյուջե» ֆիլմարտադրության հարթակն է, որը հնարավորություն կտա ռեժիսորներին եւ կինոարտադրողներին մրցակցային կարգով ստանալու 1 մլն դրամ։

Մրցանակային ֆոնդը կբաշխվի ըստ տարվա փիթչին (լսումներին) հրավիրված փորձագետների որոշման։ Մասնակցել կարող են ինչպես ՀՀ քաղաքացի, այնպես էլ կեցության իրավունք ունեցող ռեժիսորներն ու կինոարտադրողները։

Փառատոնի հիմնադիր-նախագահ Գագիկ Ղազարէն նշում է, որ հարթակը ստեղծելու գաղափար դեռ վաղուց է եղել, եւ վերջապես հնավորություն եղավ այն իրագործելու««Զրո բյուջե», որովհետեւ մեխը քիչ միջոցներով հնարավոր առավելագույնը ստեղծելու ձգտումն է։ Սա շատ լավ հնարավորություն պիտի որ լինի երիտասարդ կինոարտադրողների եւ ռեժիսորների համար»,- նշում է Գագիկ Ղազարէն։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 17 տարվա պատմություն ունեցող «Մէկ կադր» կինոփառատոնն այս տարի առաջին անգամ է արժանացել համապատասխան պետական կառույցների ուշադրությանը՝ արդյունքում ստանալով ՀՀ մշակույթի նախարարության համաֆինանսավորման հաստատումը։ «Զրո բյուջե» կինոարտադրության հարթակի իրագործման հնարավորությունը պայմանավորված է նաեւ պետական այս աջակցությամբ։

Ովքեր կարող են դիմել

Հայտարարված մրցույթին կարող են դիմել կինոզարգացման փուլն ավարտած եւ նկարահանելու պատրաստ մինչև 15 րոպե տեւողությամբ խաղարկային եւ վավերագրական, ինչպես նաեւ հետարտադրական փուլում գտնվող կինոնախագծերի ռեժիսորները եւ կինոարտադրողները` առանց տարիքային սահմանափակման (անիմացիոն ֆիլմերի նախագծեր չեն ընդունվում): Դիտարկվելու են միայն այն նախագծերը, որոնց հեղինակները երաշխավորում են, որ առավելագույնը մեկ տարվա ընթացքում (մինչեւ գալիք տարվա «Մէկ կադր» կ/փ-ի բաց հայտագրման ավարտը) կավարտեն ներկայացված ֆիլմի նախագծի ամբողջական ֆիլմարտադրությունը։ Հայտագրվողը կարող է ներկայացնել միայն մեկ նախագիծ։

Դիմելու կարգի եւ վերջնաժամկետի մասին

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2019 թվականի ապրիլի 20-ն է։ Ընտրության արդյունքների մասին հեղինակները կտեղեկացվեն մայիսի 10-ին։

Փիթչինգ․ մասնակցության կանոններ

Մրցանակակիր կարող են ճանաչվել մեկ կամ մի քանի նախագիծ: Կինոնախագծերի փիթչը տեղի կունենա 17-րդ «Մէկ կադր» կինոփառատոնի ընթացքում (օրերը կհայտարարվեն ոչ ուշ, քան փառատոնի բացման օրվանից մեկ շաբաթ առաջ): Ընտրող հանձնաժողովի որոշումը վերջնական է եւ ենթակա չէ փոփոխման։ Ընտրված նախագծի ռեժիսորի եւ կինոարտադրողի մասնակցությունը Փիթչին պարտադիր է։

Կինոնանագիծը հեղինակած յուրաքանչյուր թիմ ունենալու է 8 րոպե սահմանված ժամանակ՝ ներառյալ նախագծի թրեյլերը։ Յուրաքանչյուր փիթչին հաջորդելու է հարցուպատասխան՝ ներկայացնողների եւ որոշում կայացնողների միջեւ։

Արդյունքները ներկայացվելու են «Մէկ կադր» կինոփառատոնի փակման արարողության ժամանակ։

Հայտագրման մանրամասները՝ այստեղ։

Լուսանկարը՝ «Զրո բյուջե» կինոարտադրության հարթակի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter