
Օպերայի սրճարանների հարցով վերջնական որոշումը կկայացնի քաղաքապետ Հայկ Մարությանը
Երևանի քաղաքապետարանում քաղաքային իշխանությունների և Օպերային հարակից սրճարանների ներկայացուցիչների միջև կայացած հանդիպման ընթացքում այդպես էլ չի գտնվել ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը: Սրճարանատերերը առաջարկել են գոնե 5 տարի աշխատել, չնայած այն բանին, որ 10 տարվա վարձակալության պայմանագիր ունեն: Այս առաջարկության վերաբերյալ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն ասել է, որ կքննարկեն քաղաքապետի հետ:
«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն առաջարկել է՝ եթե խնդիր է դրված վերականգնել Օպերայի ճարտարապետական դիմագիծը, ապա պետք է ապամոնտաժել Օպերայինն հարող բոլոր սրճարանները, այլ ոչ թե մի քանիսը: Այս առնչությամբ Վիկտոր Մնացականայնն ասաց, որ իրենց քաղաքական թիմը դեմ է այդ տարբերակին:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը նշեց, որ առաջին փուլում կապամոնտաժվեն «Ջազվե», «Ատլանտիկ», «Շոկոլադնիցա», «Ռիչ» և «Մոնտալ» սրճարանները: Մնացականյանը վստահեցրեց, որ գաղտնի ապամոնտաժումներ չեն լինելու:
Միևնույն ժամանակ Մնացականյանը ընդգծեց, որ ինքը ապամոնտաժմանն այլընտրանք չի տեսնում, սակայն վերջնական որոշումը կկայացնի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանն այսօր առավոտյան սկսել էր ապամոնտաժել Օպերային հարակից սրճարանները, սակայն սրճարանների աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ թույլ չտալով իրականացնել ապամոնտաժումը: Սրճարանատերերի հետ զրույցներում որոշվեց քննարկումը տեղափոխել քաղաքապետարան և ժամանակավորապես դադարեցնել ապամոնտաժման գործընթացը:
Մեկնաբանել