HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սլովակ միլիոնատերը մեղադրվում է հետաքննող լրագրող Յան Կուցիակի սպանությունը պատվիրելու մեջ

Սլովակ գործարար, մուլտիմիլիոնատեր Մարիան Կոչները դատարանի առաջ կկանգնի՝ հետաքննող լրագրող Յան Կուցիակի սպանությունը պատվիրելու մեղադրանքով: Սպանության մոտիվը եղել է լրագրողի հետաքննությունը՝ կապված Կոչների գործունեության հետ: Դա հաստատվել է հիմնավոր ապացույցներով, որոնք այժմ ենթակա չեն հրապարկման: Այս մասին երեկ՝ մարտի 14-ին, հայտարարել է Սլովակիայի դատախազությունը, սակայն Կոչներին մեղադրանք էր առաջադրվել դեռևս մարտի 8-ին:

«Մենք դեռևս չենք գտել սպանության գործիքը, սակայն մենք ապացույցներ ունենք, թե խոսքը կոնկրետ որ զենքի մասին է»,- ասել է դատախազության ներկայացուցիչը, որի անունը չի հրապարակվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Հիշեցնենք՝ 2018 թվականի փետրվարի 25-ին հետաքննող լրագրող Յան Կուցիակին և նրա հարսնացու Մարտինա Կուշնիրովային սպանված էին գտել մայրաքաղաք Բրատիսլավայից 65 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վելկա Մաչա գյուղի իրենց տանը: 

Նրանց սպանությունը կազմակերպելու կասկածանքով 2018-ի մարտին ձերբակալվել էին իտալական մաֆիայի ներկայացուցիչներ, սակայն մի քանի օր անց նրանք ազատ էին արձակվել: 

Յան Կուցիակը աշխատում էր Aktuality.sk կայքում: Նա զբաղվում էր իտալական մաֆիայի և Սլովակիայի քաղաքական վերնախավի ներկայացուցիչների կապերի մասին լրագրողական հետաքննություններով:

Սակայն Կուցիակի վերջին հետաքննությունը, որը հրապարկվել էր նրա սպանությունից երկու շաբաթ առաջ, վերաբերում էր հենց Մարիան Կոչներին, մասնավորապես վերջինիս պատկանող Five Star Residence շքեղ բնակելի համալիրի շուրջ ծագած հարկային խարդախությունների մասին:

Դրանից առաջ Յան Կուցիակը մի քանի անգամ ևս անդրադարձել է Մարիան Կոչների գործունեությանը, հատկապես Սլովակիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ նրա կասկածելի կապերին: Կուցիակը գրել է նաև այն մասին, թե ինչպես են Եվրամիության կողմից Սլովակիային տրամադրվող գյուղատնտեսական սուբսիդիաները ուղղվում Կոչներին պատկանող ընկերություններ:

Նշենք, որ հետաքննող լրագրողի սպանությունից մոտ 20 օր անց Սլովակիայի կառավարությունը՝ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի գլխավորությամբ հրաժարական տվեց

2018-ի սեպտեմբերին ոստիկանությունը ձերբակալել էր 4 կասկածյալի, այդ թվում Կոչների թարգմանչուհուն: Այդ պահին Կոչները արդեն իսկ կալանավորված էր՝ հարկային խարդախությունների գործի շրջանակներում:

Դեռևս կենդանության օրոք Յան Կուցիակը բազմիցս հայտարարել էր, որ սպառնալիքներ է ստանում Մարիան Կոչներից:

Գլխավոր լուսանկարը՝ Aktuality.sk-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter