
Սլովակիայի կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, հրաժարական է տվել
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մարտի 15-ին հրաժարական է տվել: Նրան հետևել է նաև ամբողջ կառավարությունը, քանի որ դա է պահանջում Սլովակիայի սահմանադրությունը:
Հրաժարական տալու պատրաստակամության մասին Ֆիցոն հայտնել էր դեռ մարտի 14-ին: Սլովակիայի արդեն նախկին վարչապետի հրաժարականը պայմանավորված է երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամով, ինչի պատճառը սլովակ հետաքննող լրագրող Յան Կուցիակի սպանությունն է:
Լրագրողին և նրա հարսնացուին սպանված էին գտել փետրվարի 25-ին Վելկա Մաչա գյուղի իրենց տանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրաժարականներ էին տվել նաև Սլովակիայի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Ռոբերտ Կալինյակը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիլիամ Յասանը և կառավարության այլ անդամներ:
27-ամյա լրագրողի սպանությունից հետո Սլովակիայի մոտ 50 քաղաքներում մեկնարկեցին բազմահազարանոց բողոքի ակցիաներ: Ցուցարարաները պահանջում էին կառավարության հրաժարականը, ինչն ի վերջո տեղի ունեցավ:
Յան Կուցիակը հետաքննում էր իտալական «Նդրանգետա» ('Ndrangheta) հանցավոր խմբի և Սլովակիայի կառավարության միջև կապերը: Ըստ լրագրողի պատմությունների՝ կալաբրիական մաֆիայի ներկայացուցիչները Սլովակիայի արևելքում տիրացել էին Եվրամիության տրամադրած գյուղատնտեսական սուբսիդիաներին, ինչին առնչություն են ունեցել նաև Ռոբերտ Ֆիցոյի կառավարության անդամները:
Ֆիցոյի կառավարության հրաժարականից հետո նրա տեղակալ Պետեռ Պելեգրինիին հանձնարարվել է նոր կառավարություն ձևավորել:
լուսանկարը՝ Stephanie Lecocq/EPA
Մեկնաբանել