
Սլովակ հետաքննող լրագրողի սպանության գործով ձերբակալվել են իտալական մաֆիայի հետ կապ ունեցող անձինք
Սլովակ հետաքննող լրագրող Յան Կուցիակի և նրա հարսնացուի սպանության գործով կան ձերբակալվածներ: Repubblica-ի փոխանցմամբ՝ Սլովակիայի ոստիկանությունը ձերբակալել է եղբայրներ Անտոնինո և Բրունո Վադալաներին, ու նրանց զարմիկ Պետրո Կատրոպային:
Վադալաները և Պետրո Կատրոպան կապեր են ունեցել իտալական «Նդրանգետա» ('Ndrangheta) հանցավոր խմբի հետ, որի գործունեությունը, մինչև իր մահը՝ Կուցիակը հետաքննում էր: Վերջինս ուսումնասիրում էր Սլովակիայի արևելքում հանցավոր խմբերի ներկայությունը և նրանց ունեցած դերը երկրի գյուղատնտեսությունում, որոնց մասին հետաքննությունների շարք են պատրաստել Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի ուսումնասիրման նախագիծը (OCCRP), Իտալիայի հետաքննական լրագրության նախագիծը (CCIJ) և Չեխիայի հետաքննական լրագրության կենտրոնը (IRPI):
OCCRP-ն նշում է, որ Կուցիակի անավարտ ուսումնասիրությունները օգտագործած պատմությունները ներկայացնում էին Կալաբրիայում գտնվող «Նդրանգետա»-ի կլանների և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կառավարության կապերի մասին տեղեկություններ: Վադալաների հետ բիզնես կապեր ունեցող Մարիա Տրոսկովան նախօրեին հեռացել է վարչապետի օգնականի պաշտոնից: Իրենց պաշտոնները լքել են նաև Սլովակիայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիլիամ Յասանը և մշակույթի նախարար Մարեկ Մադարիչը:
Վադալա կլանը, որը նախկինում ևս խնդիրներ է ունեցել իրավապահ մարմինների հետ, սերում է Իտալիայի Կալաբրիա մարզի Բովա Մարինա քաղաքից, որը վերահսկվում է «Նդրանգետա»-ի կողմից: 2000-ականների սկզբին Սլովակիայում հայտնվելուց հետո Վադալա ընտանիքը գյուղատնտեսական կայսրություն ստեղծեց, ինչը նրանց 13 միլիոն եվրո բերեց Եվրամիության գյուղատնտեսական սուբսիդիաներից: Կուցիակը սպանվեց մինչև իր կամ մյուս լրագրողների կողմից Վադալաների ու հանցավոր խմբերի միջև կապերի փաստը ապացուցելը, սակայն նրա ուսումնասիրությունները հանգեցրին խարդախությունների, հարկերից խուսափելու և Իտալիայից ու Սլովակիայից գումարի շորթման դեպքերի բացահայտմանը:
Ինչ վերաբերում է Պետրո Կատրոպային, ապա նրա հայրը հետաքննվել է Բովա Մարինայում Վադալաների հետ կապերի կասկածանքով: Նա հայտնի էր «Մաստրո դի Ջորնատա» մականունով, ով պատասխանատու էր կլանի գործողությունների կազմակերպման և «Նդրանգետա»-ում հավաքագրման համար:
2016 թվականին Կատրոպան բիզնես կապեր է հաստատել Սլավոմիր Յասանի հետ, ով նախօրեին հրաժարական տված Վիլիամ Յասանի որդին է: Հենց Յասան-ավագն է Վադալա կլանի նախկին բիզնես գործընկեր Մարիա Տրոսկովային ներկայացրել Սլովակիայի վարչապետին: Արդյունքում և՛ Վիլիամ Յասանը, և՛ Մարիա Տրոսկովան փետրվարի 28-ին հրաժարական են տվել:
լուսանկարը՝ AFP-ի
Մեկնաբանել