HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Օտարերկրացիները՝ Հայաստանի անշարժ գույքի շուկայում. որ երկրներից են, ինչ են գնում-վաճառում

2018 թվականի ընթացքում Հայաստանում անշարժ գույքի 4990 առուվաճառքի գործարքների կողմ են հանդիսացել օտարերկրյա քաղաքացիները։ Դա կազմել է հանրապետությունում իրականացված ընդհանուր առուվաճառքի գործարքների 10.9 %-ը։ Այս տվյալները ներկայացրել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն։ «Հետք»-ի հետ զրույցում կոմիտեից պարզաբանեցին, որ նման վիճակագրություն են վարում 2018 թվականից, հետևաբար՝ 2017 թվականի տվյալների բացակայությունը թույլ չի տալիս հասկանալ դինամիկան՝ օտարերկրյա քաղաքացիների գործարքները 2018-ին աճե՞լ են, թե՞ նվազել։ Մինչդեռ, նման համեմատությունը թույլ կտար հասկանալ՝ իրականում որքանով են նախորդ տարի օտարերկրյա քաղաքացիներն ակտիվ եղել անշարժ գույքի առուվաճառքի հարցում և արդյոք տեղի ունեցած հեղափոխությունն ազդել է նրանց վարքագծի վրա։ Նշենք, որ անշարժ գույքի մի շարք գործակալներ արձանագրել են, որ նախորդ տարի հեղափոխությունից հետո մի քանի ամիս օտարերկրյա քաղաքացիների հետաքրքրությունը Հայաստանի անշարժ գույքի նկատմամբ մեծացել է։

Բոլոր դեպքերում, եղած ցուցանիշները հետաքրքիր են։ Օրինակ՝ 2018 թվականին օտարերկրյա քաղաքացիներն առավելապես վաճառողի դերում են եղել։ Մասնավորապես, առուվաճառքի նշված 4990 գործարքներից 1581-ի դեպքում օտարերկրյա քաղաքացիները հանդիսացել են միայն գնորդ և 3247-ի դեպքում՝ միայն վաճառող։ Իսկ 162 առուվաճառքի գործարքի դեպքում երկու կողմն էլ հանդիսացել են օտարերկրյա քաղաքացիներ։ Եթե այս պատկերը դիտարկենք տոկոսային հարաբերակցությամբ, ապա ստացվում է, որ գործարքների 31.7 %-ի պարագայում օտարերկրացիները գնորդներ են, 65.1 %-ի պարագայում՝ վաճառողներ, իսկ 3.2 %-ի պարագայում՝ և գնորդներ, և վաճառողներ։

Օտարերկրացիները Հայաստանում մեծ մասամբ բնակարան են գնում ու վաճառում

Ինչպես նշեցինք 1581 գործարքի դեպքում օտարերկրյա քաղաքացիները գնորդ են եղել։ Այս գործարքների 52.1 %-ի ժամանակ նրանց գնած գույքը եղել է բնակարան։ Օտարերկրյա քաղաքացիները գնել են ինչպես բնակարաններ, այնպես էլ առանձնատներ, հողեր, արտադրական և հասարակական նշանակության շինություններ ու ավտոտնակներ։

Վաճառքի դեպքում ևս մեծ մասամբ գույքը եղել է բնակարան։ Մասնավորապես, 3247 գործարքի 53.2 %-ի դեպքում վաճառվող գույքը բնակարան է։

Գործարքները կենտրոնացված են Երևանում

Ըստ Կադաստրի կոմիտեի՝ օտարերկրյա քաղաքացիների կողմից գնված անշարժ գույքի թիվը 2018-ին կազմել է 1743: Հիշեցնենք, որ 1581 գործարքի դեպքում օտարերկրյա քաղաքացիները հանդիսացել են միայն գնորդ, 162-ի դեպքում՝ և գնորդ, և վաճառող։

Օտարերկրացիները անշարժ գույք գնելիս նախապատվությունը տալիս են առավելապես Երևանին։ 1743 անշարժ գույքի կազմում 63.2 %-ը բաժին է ընկել Երևանին։ Համեմատաբար մեծ տեսակարար կշիռ ունեն նաև Կոտայքը՝ 11.1 % և Արմավիրը՝ 7.4 %:

Իսկ վաճառված անշարժ գույքի թիվը կազմել է 3409, որից 37.3 %-ը՝ Երևանում է։ Արարատին բաժին է հասնում 12.1 %-ը, Արմավիրին՝ 11.1 %-ը, Կոտայքին՝ 9.8 %-ը։

Թե գնորդները, թե վաճառողները մեծ մասամբ Ռուսաստանից են

Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ անշարժ գույքի գործարքների կազմում մեծ է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կշիռը։ Գնորդներ և վաճառողներ կան նաև ԱՄՆ-ից, Իրանից, Սիրիայից, եվրոպական պետություններից և այլն։

Նախորդ տարի օտարերկրյա քաղաքացիների կողմից գնված 1743 անշարժ գույքից 877-ը գնել են Ռուսաստանի քաղաքացիները։ Կադաստրի կոմիտեից «Հետք»-ին պարզաբանեցին, որ խոսքը ոչ թե 877 անձի մասին է, այլ՝ այդքան գնված անշարժ գույքի և հնարավոր է, որ անձերի թիվն ավելի փոքր է, քանի որ մեկ անձը կարող է ձեռք բերել մեկից ավելի անշարժ գույք։

Չի բացառվում, որ այն օտարերկրյա քաղաքացիների մեջ, որոնք գույք են գնում կամ վաճառում Հայաստանում, մեծ է մեր հայրենակիցների թիվը, որոնք ապրում են արտերկրում և հանդիսանում են այդ երկրների քաղաքացիներ։ Սակայն, նման վիճակագրություն ևս չկա։ Փոխարենը դա կարող են փաստել անշարժ գույքի գործակալները։

Հավելենք, որ նախորդ տարի ռուսաստանցիների գնած անշարժ գույքի կազմում գրեթե կեսը բնակարան է։

 

Մեկնաբանություններ (1)

Զոհրաբ Հովհաննիսյան
Հարգելի խմբագրություն խնդրում եմ այս հրաշալի հոդվածը փոխանցել ՀՀ Իրավապահ մարմիններին որովհետև ՉԻ ԿԱՐԵԼԻ ԲԱՑԱՌԵԼ որ այդպիսի բանակարաններում թաքնվեն տեռռոռիստներ, հատկապես ԱՅԼ անորոշ ձևակերպմամբ երկրներից եկածները: Նախապես Շնորհակալություն ձեր հասկացողության և ձեր էլեկտրոնային կայքի գոյության համար: Ես շատ մեծ սիրով կարդում եմ ձեր հոդվածները ինչքան ազատ ժամանակ ունենամ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter