HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Հայրենադարձ ընտանիքն առանց որևէ վճարի մաքսատնից կստանա իր անձնական գույքը. Սիսակ Գաբրիելյան

Մշտական բնակության նպատակով Լիբանանից Հայաստան տեղափոխված Իշխան Ավո Ոսկերիչեանի ընտանիքն իր անձնական գույքն առանց մաքսատուրքի կկարողանա մաքսային պահեստից ստանալ, սակայն մինչ այդ օրենսդրական փոփոխություն տեղի կունենա: Այս մասին  ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Հետք»-ն օրերս հրապարակել էր «Հայրենադարձ ընտանիքի անձնական գույքը ՊԵԿ-ը պահանջում է 16 հազար դոլարով մաքսազերծել» վերտառությամբ նյութ, որտեղ մենք ներկայացրել էինք հայրենադարձ Իշխան Ավո Ոսկերիչեանի խնդիրը, որին նա բախվել էր իր անձնական գույքը ներմուծելու ժամանակ: Ոսկերիչեանի անձնական գույքը ենթակա է եղել մաքսազերծման, քանի որ նա մշտական բնակության վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված ժամկետները խախտել էր՝ 1 տարվա մեջ 6 ամսից քիչ էր բնակվել արտերկրում: ՊԵԿ-ն էլ պարզաբանել էր, որ օրենսդրության սահմաններում քաղաքացուն գոհացնող լուծում գտնել հնարավոր չի եղել:

Պատգամավորը վստահեցնում է, որ հայրենադարձ ընտանիքը հնարավորինս սեղմ ժամկետում առանց որևէ վճարի մաքսատնից կստանա իր անձնական օգտագործման գույքը (որի համար պահանջվում էր վճարել մոտ 8 միլիոն դրամ): «ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանի ու վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ ակտիվ աշխատանքի արդյունքում համապատասխան նախագիծն արդեն իսկ պատրաստ է, հնարավորինս շուտ կլինի նաև ԱԺ օրակարգում: Զրուցել եմ նաև հայրենադարձ ընտանիքի հետ, լուրը ուրախացրեց, պատրաստ են մի փոքր էլ սպասել: Նրանք կարող են վճարեն նաև սահմանված գումարը, ստանան գույքը ավելի վաղ, իսկ օրենքի փոփոխության հետադարձ ուժի կիրառելիության շնորհիվ հետ ստանան նաև գումարը (սոցիալական վիճակը հաշվի առնելով սա քիչ հավանական է): Տվյալ խնդրին բախվել են բազմաթիվ այլ հայրենադարձներ, գուցե չեն հրապարակայնացրել, կխնդրեմ տեղեկացնեք բոլորին: Հայրենադարձ յուրաքանչյուր քաղաքացի թանկ է մեզ համար»,- գրել է Սիսակ Գաբրիելյանը:

Մեր հրապարակումից հետո պարզ դարձավ, որ բազմաթիվ հայրենադարձ ընտանիքներ բախվել են այս խնդրին, քանի որ գործող օրենսդրության համաձայն՝ հայրենադարձը կարող է ազատվել անձնական գույքի մաքսազերծման վճարից, եթե վերջին 1 տարվա մեջ առնվազն 6 ամիս բնակված կլինի այլ երկրում:

Մեկնաբանություններ (2)

Oganes
Ամոթ ունեք դուք հայը իր տան գույքը բերելու համար պետք տուրք տա կառավարության գոնե մի խայտառակեք ձեզ
Oganes
Ամոթ ունեք դուք հայը իր տան գույքը բերելու համար պետք տուրք տա կառավարության գոնե մի խայտառակեք ձեզ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter