
Երևանից Տավուշ` ագրոտուրիզմի զարգացման նպատակով
Քարտեզագրող Գարիկ Փայտյանն ու կինը՝ մասնագիտությամբ դիվանագետ Էսթեր Զաքարյանը, արդեն 7 ամիս բնակվում են Տավուշի մարզի Նորաշեն համայնքում: Տավուշի գյուղերում փորձում են գտնել զբոսաշրջիկներին հետաքրքրող արտադրանք, ծառայություններ, դրանք հավաքում և ներկայացնում են տարբեր տուրիստական գործակալությունների, արշավախմբերի:
«Նորաշենը մեր գյուղն է: Այստեղ ապրել եմ մինչև 12 տարեկան, հետո ընտանիքիս հետ տեղափոխվել Երևան։ Հիմա էլ ծնողներս քաղաքում են: Դեմ էին Նորաշեն տեղափոխվելուս և մինչև վերջ էլ չէին հավատում, որ կթողնեմ քաղաքում առկա հեռանկարները, կտեղափոխվեմ Նորաշեն։ Անգամ տեղափոխվելուց հետո մտածում էին, որ երկար չենք դիմանա (հատկապես երևանցի կինս) ու կվերադառնանք»,- պատմում է Գարիկը:
Գարիկն աշխատել է Գիտությունների ազգային ակադեմիայում որպես քարտեզագրող: Տավուշ տեղափոխվել է պատասխանատվության զգացումից դրդված` իրեն պատասխանատու է զգում կարողությունները հանուն իր տարածաշրջանի զարգացման ծառայեցնելու հարցում։ Տավուշում արդեն գործում է մի քանի հյուրատներից կազմված ցանց, որոնք հիմնել են մարզի գյուղացիները՝ Գարիկի և կնոջ օգնությամբ: Գարիկը նաև արշավներ է կազմակերպում դեպի Տավուշի համայնքներ:
«Այստեղ տեղափոխվել ենք, որպեսզի մեր կարողությունները ներդնենք համայնքի զարգացման գործում։ Հիմնական գործունեությունը, որով զբաղվում ենք, զբոսաշրջությունն է։ Մինչև մեր գալը այստեղ զբոսաշրջություն, կարելի է ասել, չկար, հիմա որոշակի ակտիվություն արդեն իսկ նկատվում է: Ներկայացնում ենք Բերդի տարածաշրջանի գյուղերում առկա պոտենցիալը»,- ասում է Գարիկը:
Նախորդ տարվա հունիսին Նորաշենում նա հիմնել է սեփական հյուրատունը՝ «Աշխարհի ծայրը»:
Մայիսից Նորաշենում կգործի ավտոբուս-հյուրանոց՝ «Soviet bus hotel»-ը: Նման հյուրանոց հիմնելու գաղափարը ծագել է ամիսներ առաջ:
Այն սովետական արտադրության ավտոբուսներից կազմված հյուրանոց է՝ նախատեսված ընտանեկան և անհատական հանգստի համար: Շամշադինի ժողովրդական թատրոնին սպասարկող ավտոբուսն է դառնալու «Soviet bus hotel»-ի հիմք: Հյուրանոցից տեսարան է բացվելու դեպի Խրամի ձոր:
«Գաղափարն առաջացավ, երբ տեսա բազմաթիվ ավտոբուսների կմախքներ՝ թափոնի վիճակով թափված։ Նպատակ ունենք ավտոբուսի արտաքին տեսքը պահպանելով` ներսից ստանալ հարմարավետ հյուրանոցային համարներ։ Սկզբի համար, ֆինանսական պայմաններից ելնելով, տեղադրելու ենք միայն մեկը՝ հետագայում ընդլայնվելու նպատակով»,- ներկայացնում է Գարիկը:
Արդեն սկսվել են ավտոբուս-հյուրատան ամրագրման աշխատանքները, որից հավաքագրված գումարներով կկահավորվի առաջին ավտոբուսը։
Գարիկի կարծիքով` Տավուշը հիմնականում գյուղատնտեսական շրջան է, որը պահանջում է ծանր աշխատանք և հիմնականում գրավիչ չէ երիտասարդների համար։ Այդ իսկ պատճառով, ծրագրեր են իրականացնում՝ Տավուշը զբոսաշրջությամբ գրավիչ դարձնելու:
Նա համոզված է, որ Տավուշը ագրոտուրիզմի զարգացման բոլոր նախադրյալներն ունի. դրա համար համեմատաբար քիչ ներդրումներ են անհրաժեշտ: Ագրոտուրիզմը զարգացնելու դեպքում զբոսաշրջիկները կդառնան արտադրված գյուղմթերքի գնորդ և սպառող, գյուղացիներն էլ լրացուցիչ ծառայություններ մատուցելով` լրացուցիչ եկամուտ կստանան: Դե իսկ զբոսաշրջիկների հետ շփումը զարգացման ու փորձի փոխանակման հնարավորություն կտա երիտասարդներին, որի արդյունքում հնարավոր կլինի ոլորտում ներգրավել երիտասարդներին:
«Մենք մեր առաջ խնդիր ենք դրել ամեն ինչ անել, որ մեր տարածաշրջանը ոչ թե սահմանի ու վտանգի հետ ասոցացվի, այլ հնարավորությունների, հրաշք բնության, հրաշալի բնակչության հետ»,-նշում է Գարիկ Փայտյանը:
Լուսանկարները՝ Գարիկ Փայտյանի ֆեյսբուք էջից
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել