
Վաքիֆ. Թուրքիայի միակ հայաբնակ գյուղում 5 տարի է` հարսանիք չի եղել (վիդեո)
Անթաքիայից 25 կմ դեպի հեռու է գտնվում հայաբնակ Վաքիֆ (անվանում են նաև' Վաքիֆլի, Վաքըֆ) գյուղը: Ճանապարհի հիմնական մասը բարեկարգ է, բայց որոշ հատվածներում վերանորոգման աշխատանքներ են ընթանում:
Մեր ավտոբուսը կանգ է առնում գյուղի սկզբին: Վաքիֆը նայում է դեպի Միջերկրական ծով: Էքսկուրսավար Ֆերզանը մեզ ցույց է տալիս տուրիստներին հայտնի Չելիքի լողափը, որից այն կողմ արդեն Սիրիան է:
Մուսա լեռան 7 հայկական գյուղերից Թուրքիայում մնացել է միայն Վաքիֆը, որն ամբոջությամբ հայաբնակ է (Վաքըֆ' թուրքերեինից թարգմանաբար նշանակում ֆոնդ, ֆինանսավորում, համագործակցություն): 1915թ-ի ջարդերին բնակիչների մեծ մասը լքել է գյուղը և ապաստանել Եգիպտոսում, Լիբանանում կամ Սիրիայում: 1918-ին որոշ մասը ետ է վերադարձել, մի մասն էլ վերջնականապես հեռացել է Վաքիֆից: Գյուղացիների պատմելով' 1938-39-ից հետո նույնպես գնացողներ են եղել, հատկապես Գերմանիա և եվրոպական այլ երկրներ, իսկ մյուս վեց գյուղերում մնացած հատ ու կենտ հայ ընտանիքները տեղափոխվել են Վաքիֆ:
Վաքիֆում այժմ 35 ծուխ կա' 135 բնակիչ: Գյուղի մեծ մասը ծերեր են, երիտասարդները մեկնում են Ստամբուլ' սովորելու և այլևս ետ չեն վերադառնում: Ֆերզանը պատմում է, որ Վաքիֆի հայերի մեծ մասը' մոտ 70 տոկոսը Ստամբուլում է ապրում, իսկ գյուղ գալիս է հիմնականում ամռանը:
Գյուղի սկզբնամասում Սուրբ Աստվածածին եկեղեցին է, որտեղ և կանգ ենք առնում: Մեզնից բացի այլ այցելուներ ևս կան, ոչ հայեր' չինացու արտաքինով զբոսաշրջիկներ, թուրքեր և այլն: Մեզ դիմավորում է Թալին Քարթուն' եկեղեցու թաղական խորհրդի անդամը, ով վարժ խոսում է արևելահայերենով:
Թալինը ծնունդով վաքիֆցի է, 8 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան, 16 տարի Հայաստանում է ապրել, այցլել է իր տատին ու պապին, ամուսնացել ու հաստատվել է Վագիֆում: Թալինն էլ է ասում, որ Վագիֆում շատ զբոսաշրջիկներ են լինում:
Երեխաները հայերեն սովորում են եկեղեցում
Սուրբ Աստվածաին եկեղեցին կառուցվել է 1890-ին, բայց օգտագործվել է շերմապահության համար: Որպես եկեղեցի սկսել է գործել 1924-ից, իսկ 1997-ին' վերանորոգվել է: Եկեղեցին հոգևոր հովիվ չունի, բայց այս տարի մինչև օգոստոս խոստացել են մշտական քահանա ուղարկել: Մինչ այդ, եթե արարողություններ են լինում, քահանային Ստամբուլից են հրավիրում: Սովորաբար քահանան Սուրբ զատիկի տոներին է գալիս գյուղ, միայն ամռանն է 4 ամիս մշտական հաստատվում գյուղում:
«Ամռանը Մարիամ Աստվածածնի օրն է, և աշխարհի չորս կողմեն հայեր գալիս են գյուղ: Երևի այդ ժամանակ գյուղում 3000-4000 հայ է լինում. բոլորը գալիս են ու տոնախմբություն ենք անում: Այն ժամանակ երեխաների լեզուներն է բացվում, հայերեն են խոսում»,- պատմում է Թալինը:
Մոտենում է Թալինի աղջիկը' Էլիզան: Մայրը ասում է' «բարև ասա»: Էլիզան կրկնում է' «փարև»: Էլիզան հայերեն հասկանում է, բայց դժվարությամբ է մի քանի բառ արտաբերում: Գյուղում 25 երեխա կա: Քահանաները, երբ ժամանում են գյուղ, երեխաներին սովորեցնում են հայերեն գրել, կարդալ, հաղորդակցվում են հայերեն: Այդ օրերին ամառային դպրոց է բացվում: Գյուղում դպրոց չկա, երեխաները հաճախում են հարևան գյուղի թուրքական դպրոց:
«Մեր երեխաները բոլորն էլ պատարագին կարող են աղոթել, թուրքական գրերով ու հայերեն Մուսա լեռան բառերով են սովորել,- շարունակում է Թալինը,- հայերեն տառերն էլ սովորում են, բայց մոռանում են»: Գյուղում մշակութային կյանք գրեթե չկա, միայն մանուկների համար մեկ երգչախումբ է գործում: «Մենք ենք սովորեցնում երեխաներին հայկական երգեր, տեր հայրերն են սովորեցնում: Մի քանի հոգի էլ նվագելու են գնում»,- ամփոփում է Թալինը:
Վաքիֆը «ծերանում» է
Գյուղի ծայրին գերեզմանոցն է, նոր հուղարկավորած գերզման կա: Գյուղապետ Պերճ Քարթունն ասում է, որ մահացողների թիվը մի քանի անգամ գերազանցում է ծնվածների թվին: Երկու տարի է' գյուղում ծնունդ չի գրանցվել, իսկ անցյալ շաբաթ երկու մահ է եղել: Երիտասարդները չեն ամուսնանում, կամ Ստամբուլ մեկնած ուսանողները ամուսնանում են հենց Ստամբուլում և այլևս չեն վերադառնում Վաքիֆ:
Հարսանիքներում պահպանված հայկական ավանդույթների մասին հարցին ի պատասխան Թալինը կատակում է. «Շատ ժամանակ է, որ հարսանիք չենք տեսել»: Գյուղապետն էլ հստակ չհիշեց, թե վերջին ամուսնացողներն ովքեր են կամ ում հարսանիքն է եղել գյուղում: «Երբ ենք հարսանիք ունենում որ: Վերջին հարսանիքը հինգ տարի առաջ է»: Հարցնում եմ' հարսանիքներին ինչ երգեր են երգում, Թալինը պատասխանում է' «միայն թուրքական երգեր»:
Գյուղապետն ասում է, որ վերջին տաս տարվա ընթացքում մոտ 10 տոկոսի չափով արտագաղթ է եղել, և մարդիկ այսօր էլ շարունակում են հեռանալ գյուղից:
Չնայած դրան, գյուղացիներն ասում են, որ կառավարությունն իրենց լավ է նայում: Վերջին «ուշադրությունը» ճանապարհների վերանորոգումն է եղել: «Մենք հիմա այստեղ շատ հանգիստ ենք, բոլոր աշխարհին ցույց են տալիս, որ հայերին լավ ենք նայում, շատ տուրիստներ են գալիս մեզ այցելության»,- հավելում է Թալինը:
Այգիներում նկատելիորեն առատ է նարնջի բերքը, ինչով էլ գյուղացիները հիմնականում ապրում են: Վաքիֆում անասնապահությունը զարգացած չէ, մի քանի ընտանիք է անասուն պահում: Ավելի շատ հարևան գյուղերի թուրքերն են անասնապահությամբ զբաղվում: Կանայք ձեռագործ են անում, տղամարդիկ' այգիներում կամ նարնջի կոպերատիվներում են աշխատում:
Կանանց ձեռքի աշխատանքները, գյուղում աճող բարիքներից նրանց պատրաստած բնական հյութերը, մուրաբաները և տարաբնույթ խմիչքները վաճառվում են նաև Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից գործող խանութում, որտեղից զբոսաշրջիկները առևտուր են անում: «Քիմիական բան մը չկա մեջը, օրգանիկ է»,- հավաստիացնում է վաճառողուհի Գոհար Քարթունը:
Ավետիս պապը ամենատարեցն է
Վաքիֆի ամենատարցը Ավետիս Դեմիրճին է' 97 տարեկան: «Բարև, բարև, բարի եկաք»' մեր բարևին պատասխանում է Ավետիս պապը: Նա հայերեն շատ լավ է խոսում, ինքն էլ է հպարտանում դրանով: Հիշում է, որ որտեղից հնարավոր է եղել, հայերեն գիրք կամ թերթ է վերցրել ու կարդացել, և գյուղում ամենալավ ինքը գիտի հայերեն: Նա արդեն քայլել չի կարողանում, նստած էր դռան թախտին:
Ավետիս պապը քիչ հիշողություններ ունի 1915 թ-ից, այն ժամանակ մեկ տարեկան է եղել, ինչ հիշում է' ծնողներն ու բարեկամներն են պատմել: Ավետիս պապը ծնվել և ապրել է Վաքիֆում: Ջարդերի ժամանակ ընտանիքի հետ գաղթել է Եգիպտոս, 1918-ին կրկին վերադարձել են: Ավետիս պապը նաև երգում է հայերեն: Մեր ներակայությամբ կատարում է Հայաստանի հիմնը, հետո նաև' «Մենք անկեղծ զինվոր ենք»-ը:
Վաքիֆից մեզ ճանապարհում է Ավետիս պապի որդին և իրենց ծառերից նարինջ քաղում. «Մեր նարինջն է, ճամփին կուտեք»:
Վաքիֆ
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել