HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայությունը որպես լրագրող նրա աշխատանքը խոչընդոտելու գործի քննությանն ապահովել չի ստացվում

Ազգային ժողովի «Իմ  քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը տարբեր պատճառներով չի ներկայանում 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր՝ լրագրողի գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ գործի քննությանը:

Երբ Գաբրիելյանը դեռևս «Ազատություն» ռադիոկայանի լրագրող էր, դատավոր Գագիկ Պողոսյանը նրան բերման ենթարկելու որոշում էր կայացրել, որից հետո Գաբրիելյանը ներկայացել էր: Այժմ նա պատգամավոր է, օգտվում է պատգամավորական անձեռնմխելիությունից և, ըստ էության, նրա ներկայությունը նիստին ապահովելու համար դատարանը չի կարող բերման ենթարկելու որոշում կայացնել: Դատարանը հերթական անգամ որոշել է նրան ծանուցել հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին:

Նշենք, որ Գաբրիելյանի աշխատանքը, ըստ գործի նյութերի, խոչընդոտվել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանի՝ Ռուսթավելի 15 հասցեում տեղակայված նախընտրական շտաբի մոտ:

Ըստ այս գործի՝ 2017թ. ապրիլի 2-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը, «araratnews.am» լրատվական կայքի լրագրող Շողիկ Գալստյանն ու օպերատոր Հայկ Պետրոսյանը խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու նպատակով նկարահանումներ են իրականացրել Ռուսթավելի 15 հասցեում տեղակայված նախընտրական շտաբում և դրան հարակից տարածքում, երբ շտաբի դիմաց հավաքված քաղաքացիները լրագրողներից պահանջել են հեռանալ տարածքից և դադարեցնել տեսանկարահանումները:

Այնուհետև, ըստ գործի նյութերի, «araratnews.am» կայքի լրագրող Շողիկ Գալստյանին է մոտեցել Երևանի բնակիչ Ջուլիետա Կոկոյանը և տեսնելով, որ չնայած իր պահանջին՝ Շողիկ Գալստյանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ վիրավորել և բռնություն է գործադրել նրա նկատմամբ, քաշել է մազերից, հրել է նրան և ձեռքից խլել նկարահանող սարքը` ստիպելով հեռանալ շտաբի տարածքից: Ընտրությունների ընթացքը լուսաբանելու նպատակով շտաբի տարածքում գտնվող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը փորձել է նկարահանել միջադեպը, և, ըստ մեղադրանքի, նրան է մոտեցել Երևանի բնակիչ Լևոն Գասպարյանը, ով այս գործով ամբաստանյալն է, ու պահանջել դադարեցնել նկարահանումները: Սիսակ Գաբրիելյանը, սակայն, շարունակել է իրականացնել իր լիազորությունները, և այդ ընթացքում, ըստ մեղադրանքի, Լևոն Գասպարյանը, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ, բռնություն է գործադրել Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ, քաշել է նրա ձեռքից, խլել նկարահանող սարքը` խոչընդոտելով լրագրողի` ընտրությունների ընթացքը լուսաբանելու իր լիազորությունների իրականացումը: Ամբաստանյալ Ջուլիետա Կոկոյանն այս պահին հեռախուզման մեջ է, իսկ Լևոն Գասպարյանի վերաբերյալ գործի քննությունը ընթանում է:

Այս գործով վերջին դատական նիստին դատավոր Գագիկ Պողոսյանի նիստերի քարտուղարը տեղեկացրեց, որ Գաբիելյանին ուղարկված ծրարը վերադարձվել է «չպահանջված» նշումով, դատարանի կազմը նրա ներկայացուցիչ Կարեն Թումանյանի հետ հեռախոսազրույց է ունեցել, և Թումանյանը պարտավորվել է Գաբրիելյանին տեղյակ պահել նիստի օրվա և ժամի մասին: Փաստաբանը, սակայն, ինքն էլ չէր ներկայացել դատարան: Դատավորը հիշեցրեց, որ Գաբրիելյանն այժմ պատգամավոր է, որից հետո նրան ևս մեկ անգամ ծանուցագիր ուղարկելու վերաբերյալ որոշում կայացրեց:

Նշենք, որ երբ Սիսակ Գաբրիելյանը մինչև Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելը ներկայացել է դատարան, դիրքորոշում է հայտնել, որ չի առարկում, որպեսզի իր աշխատանքը խոչընդոտելու մեջ մեղադրվող  ամբաստանյալ Լևոն Գասպարյանի միջնորդությունը բավարարվի և գործը քննվի արագացված կարգով: Արագացված քննություն պահանջելը նշանակում է ընդունել առաջադրված մեղադրանքը, սակայն Գասպարյանը պնդում է, որ ինքը Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ բռնություն գործադրելու միտում չի ունեցել, ցանկացել է նրա հեռախոսը վերցնել, որպեսզի իրավիճակն էլ ավելի չլարվի:

Այն բանից հետո, երբ մեղադրող դատախազը Գասպարյանի համար 3 տարի ժամկետով ազատազրկում պահանջեց, որն, ըստ Լևոն Գասպարյանի, խիստ պատիժ է, վերջինս հրաժարվեց  արագացված քննության կարգից և միջնորդեց, որպեսզի գործը քննվի ընդհանուր կարգով: Ըստ Լևոն Գասպարյանի՝ այդ դեպքում բոլորի համար պարզ կլինի, որ ինքը Գաբրիելյանի նկատմամբ բռնություն գործադրելու միտում չի ունեցել: Չնայած  մեղադրող կողմի և տուժողի ներկայացուցչի պնդումներին, որ արագացված քննության կարգից դատարանը չի կարող նորից անցնել ընդհանուր կարգի, դատավոր Գագիկ Պողոսյանը գործն ընդհանուր կարգով քննելու որոշում կայացրեց:

Այսպիսով, նորից Սիսակ Գաբրիելյանի դիրքորոշումը ճշտելու, նրանից ցուցմունք վերցնելու անհրաժեշտություն առաջացավ:

Նշենք, որ գործի արագացված քննության դեպքում, ի տարբերություն ընդհանուր կարգի, քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարվում, հետևաբար նախկինում Գաբրիելյանի՝ ցուցմունք տալու անհրաժեշտություն չկար՝ ի տարբերություն ընդհանուր կարգի:

Մեզ հետ զրույցում  Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ նիստերին չներկայանալու միտում չունի:

«Տարբեր պատճառներով չեմ ներկայացել. մի դեպքում չեմ ծանուցվել, մի դեպքում  ոչ պատշաճ եմ ծանուցվել... խնդիրն այն է, որ մենք մի փուլի էինք հասել, որ ես ասել էի, որ չեմ առարկում արագացված կարգի դեմ, չեմ պատրաստվում բողոքարկել դատարանի կայացրած որևէ դատական ակտ, անգամ եթե դատարանն արդարացնի այդ տղային, և խնդրել, որ եթե իմ ներկայությունը պարտադիր չէ,  այլևս չմասնակցեմ գործի քննությանը: Բայց այդ տղան հեղափոխությունից հետո փոխեց դիրքորոշումը»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը՝ նկատի ունանալով այն հանգամանքը, որ Լևոն Գասպարյանը հրաժարվել է գործի քննության արագացված կարգից ու պնդել, թե ինքը բռնություն չի գործադրել իր՝ Գաբրիելյանի նկատմամբ:

«Ես էլ շահագրգռված եմ, որ հնարավորինս շուտ ավարտվի գործի քննությունը, քանի որ շուտով կլրանա դեպքի երկու տարին»,- ասաց Գաբրիելյանը՝ միաժամանակ նշելով, որ այժմ էլ գործի վերաբերյալ ունի նույն դիրքորոշումն, ինչն արդեն հայտնել է դատարանում:

Նշենք, որ դատարանին չի հաջողվում ապահովել նաև գործով անցնող մի քանի վկայի ներկայությունը: Դատարանը նրանցից բերման ենթարկելու կամ ևս մեկ անգամ ծանուցագիր ուղարկելու վերաբերյալ որոշումներ է կայացրել: Ի սկզբանե որոշվել էր վկաների և տուժողի հարցաքննությունից հետո հետազոտել գործում առկա ապացույցները, սակայն նախորդ դատական նիստին, ժամանակն արդյունավետ օգտագործելու նկատառումից ելնելով՝ մեղադրող դատախազ Արա Մնացականյանը միջնորդեց փոխել ապացույցների հետազոտման հաջորդականությունն ու հետազոտել գործում առկա ապացույցները:

Դատարանում հետազոտվեցին դեպքի օրվա տեսանյութերը: Դրանցից որևէ մեկում արձանագրված չէ Լևոն Գասպարյանի՝ Սիսակ Գաբրիելյանի ձեռքից հեռախոս վերցնելու կադր, սակայն արձանագրված է, որ  Գաբրիելյանը հետ է պահանջում հեռախոսը:

Գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 11-ին:

 

Լուսանկարում՝ Սիսակ Գաբրիելյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter