HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հայկ Գևորգյանն առաջարկում է սեփականաշնորհված պետական հողատարածքների նկատմամբ շատ բարձր գույքահարկ սահմանել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսին, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև պետական նշանակության հողատարածքների սեփականաշնորհմանը, որոնք տարիներ առաջ արվել են նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց միջոցով: Փաշինյանը որպես օրինակ ներկայացրեց Մեղրիի ազատ տնտեսական գոտու հարակից տարածքները, որոնք, վարչապետի խոսքով, սեփականաշնորհել են նախկին պաշտոնյաները: Վարչապետը խորհուրդ տվեց բոլոր նախկին պաշտոնյաներին ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքը, սեփականությունը վերադարձնել պետությանը և խոստովանական ցուցմունքներով ներկայանալ իրավապահ մարմիններին: Այս մասին զրուցեցինք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանի հետ:

Հարցին, թե ինչ պետք է անի պետությունը պետական նշանակության սեփականաշնորհված տարածքների առումով, Գևորգյանը պատասխանեց. «Պետությունը պետք է անի այն, ինչ վարչապետն իր ասուլիսում ասաց, դա տրամաբանական է. դու գիտես, որ էդտեղ պետք է լինի ազատ տնտեսական գոտի, որը պետք է ունենա որոշակի տարածք, դրանք պետական կամ համայնքային հողեր են, բայց  ինչ-որ մեկը հայտնվում է ու կադաստրային արժեքով կամ նույնիսկ ավելի քիչ գումարով սեփականաշնորհում ու միանգամից դնում վաճառքի, որ ազատ տնտեսական գոտին իրենից առնի մի քանի անգամ բարձր գնով: Բոլորիս համար է ակնհայտ, չէ, որ պայմանավորվածություն է եղել պաշտոնյաների միջև, ու հիմնավոր քրեական գործի նյութ է»:

Գևորգյանը չի կարծում, որ նախկին պաշտոնյաները կարող են վիճարկել այդ տարածքների նկատմամբ իրենց սեփականության իրավունքը. «Քրեական գործի քննությունը, կարծում եմ, կբերի էն համոզման, որ էստեղ սեփականության իրավունք չկա. գործ ունենք պարզունակ, տրիվիալ հանցագործության հետ, որի համար նշված անձինք, իհարկե, պատասխանատվության պետք է ենթարկվեն»,-վստահեցրեց պատգամավորը:

Մեր դիտարկմանը, թե վարչապետն այս ուղղությամբ դժգոհ է իրավապահ համակարգի աշխատանքից, Հայկ Գևորգյանն ասաց, որ որպես քաղաքացի և որպես պատգամավոր ինքը ևս ավելի օպերատիվ արձագանք է սպասում իրավապահ մարմիններից, սակայն, միևնույն ժամանակ, ընդունում է, որ այդ ամենը ժամանակատար աշխատանք է:

«Առաջին հերթին իրավապահ մարմինների ծանրաբեռնվածության խնդիր կա, որովհետև չեն հասցնում, մի քննիչի հաշվով գործերի քանակը բազմապատկվել է, իրավական ընթացակագերը պետք է պահպանվեն, և ամեն ինչ պետք է արվի օրենքի տառին համապատասխան»,-ասաց նա:

Պատգամավորը մտադիր է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որպեսզի պետական կամ համայնքային նշանակության հողատարածքների գույքահարկն այնքան բարձրացվի, որ այդ տարածքները ձեռք բերած նախկին պաշտոնյաները շահագրգիռ լինեն որքան հնարավոր է արագ այդ տարածքները վաճառեն որևէ ներդրողի:

«Այն ազդակները, որ հիմա ստանում ենք, հետևյալն է՝ 10-20 տարի առաջ մի պաշտոնյա սեփականաշնորհել է որևէ մի չաշխատող գործարանի տարածք, որի մեջ արդեն ծառեր են աճում, ընդհանրապես չի օգտագործվում, ու նույնիսկ դեպքեր են եղել, որ շատ երկար փնտրել են ինչ-որ տարածքի սեփականատիրոջը, որը ժամանակին այդ տարածքներն ուղղակի կոպեկներով գնել է, բայց երբ ներդրող է հայտնվում, ասում է՝ երկու միլիոն դոլար: Կարծում եմ` այս հարցին օրենսդրական լուծում պետք է տանք, ես և իմ մի քանի գործընկերներ փորձում ենք նախաձեռնել օրենքի մի նախագիծ, որ չօգտագործվող արտադրական նշանակության պետական տարածքների, գյուղատնտեսական նշանակության հողատարածքների նկատմամբ դրվի շատ բարձր գույքահարկ, որպեսզի սեփականատերը մտածի՝ ինքը ավելի լավ է շուկայական գնով դա վաճառի որևէ այլ ներդրողի, և այդ գույքահարկի պրոցեսը կկանգնի, կամ ինքը որևէ արտադրության նպատակով այն օգտագործի, որովհետև այստեղ լրջագույն խնդիր կա. այդ տարածքների մեծամասնությունը նախկին պաշտոնյաների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց սեփականությունն է դարձել»,- ասաց Հ. Գեւորգյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter