HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատերազմից հետո, խաղաղությունից առաջ

Այգեպարի միջնակարգ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Թամար Գալստյանը դասն ընդհատում է մեզ հարցազրույց տալու համար։ Աշակերտները լուռ լսում են ուսուցչուհու պատմածը, որը ոչ այլ ինչ է, քան պատերազմի վկայություն։ «Կրակոցների ժամանակ մենք ապաստարաններ ունեինք, անմիջապես փախչում էինք, մտնում ապաստարանները։ Էդպիսի օր եղել ա կրակոցների ժամանակ, որ առավոտից մինչեւ ուշ գիշեր ուղղակի էդ ապաստարաններից դուրս չենք եկել»,- պատմում է տիկին Գալստյանը։ Նա ասում է, որ այդ ամենն ազդում էր ուսուցման որակի վրա՝ առաջադիմությունն ընկնում էր, աշակերտներից շատ բան պահանջել չէր լինում։

«Ինչի՞ց սկսվեց հակամարտությունը»,-հարցնում եմ։ Զարմացած կամ շփոթված լռում է, հետո, կարծես ինչ-որ բան վերհիշելով, ասում. «Թշնամություն մեր եւ ադրբեջանցիների միջեւ կոնկրետ չի եղել։ Թե էդ թշնամությունը որտեղից եկավ մեր վզին փաթաթվեց, ես չեմ կարա ասեմ»։

Հակամարտության ծագման քաղաքական ու պատմական պատճառները ուսուցչուհին չի բացառում, բայց չի հասկանում նաեւ, թե երկու հարեւան գյուղեր, որոնք տասնամյակներ շարունակ ապրել են հաշտ ու խաղաղ, ինչպես են հայտնվել հակամարտության մեջ։ «Աշխատավոր մարդը ի՞նչ ունի կիսելու աշխատավոր մարդու հետ։ Դա հասարակ ժողովրդի ձեռի գործը չէ, թե վերեւներում ինչ արին, ինչ չարին, ես չեմ կարա ասեմ, բայց աշխատավորները իրար հետ կռիվ չունեն»,-ասում է նա ու վստահեցնում. «Եթե խաղաղություն լինի, մենք էլի լավ կլինենք իրար հետ»։

Թամար Գալստյան Նվարդ Պետրոսյան

Այգեպարցիների կապն արտաքին աշխարհի կամ պարզապես կենտրոնի հետ ապահովում են պաշտոնական հեռուստաալիքները ( Հ1,Հ2 ) ։ Այստեղ թերթ չեն ստանում, ռադիո չկա, ինտերնետի մասին երազել անգամ հնարավոր չէ, քանի որ Այգեպարից զանգելը կամ զանգ ստանալը հերոսական ջանքեր է պահանջում։ Պաշտոնական հեռուստաալիքները, ճիշտ է, պատերազմ չեն քարոզում, բայց առանձնապես չեն էլ պատգամում խաղաղության անհրաժեշտությունը։ Այգեպարում խաղաղության մասին խոսում են այնպես, կարծես ամեն օր այստեղ հենց այդ հարցն է քննարկվում։ Խաղաղության անհրաժեշտությունն այստեղ գիտակցում են, բայց ոչ բոլորն են տեսնում դրա հնարավորությունը։

Այգեպարի դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Նվարդ Պետրոսյանին խանգարում են իր ընտանիքի դժբախտությունները։ Նվարդի հայրական տունն ավերվել է։ Ռազմական գործողությունների հետեւանքով հայրը կորցրել է մի թեւը։ «Չեմ կարող մոռանալ, որ այդ մարդկանց 50 տարում ստեղծած տունն ու տեղն այսօր չկա»,-ասում է Նվարդ Պետրոսյանը։

Նրա կարծիքով' իր սերունդը չի կարող հաշտվել, քանի որ չի կարող մոռանալ այն, ինչ տեսել է։ Թամար Գալստյանը, սակայն, գտնում է, որ խաղաղությունը կլուծի բոլոր հարցերը, բայց դրա ճանապարհին մի մեծ խոչընդոտ է տեսնում. «Նրանք էլ են զոհեր տվել, մենք էլ։ Էդ մրմուռը կմնա մարդկանց մեջ, չի անցնի կամ կանցնի ժամանակի հետ»։

Այստեղ զոհ ասելիս հասկանում են Այգեպարի կոնկրետ բնակիչների, ովքեր սպանվել են ռազմական գործողությունների ընթացքում։ Հարեւան գյուղի զոհերը շատ վերացական են։ Նրանք չգիտեն' հարեւան գյուղի իրենց ընկերները, նրանց ընտանիքի անդամները կենդանի՞ են, թե՞ ոչ։ Նույնն է վիճակը ադրբեջանական գյուղում, նրանց համար էլ հայկական զոհերն են անանուն ու անհասցե։ Իրարից ընդամենը երկու հարյուր մետր հեռավորության վրա գտնվող գյուղերը երկխոսության իսպառ բացակայության պայմաններում ապրում են կասկածներով ու ենթադրություններով։ Դեմ առ դեմ դուրս գալու, երբեւէ հանդիպելու հեռանկարը երկուսին էլ վախեցնում է. «Բա որ հանկարծ պարզվի, որ սպանել ենք մեր ընկերոջ որդուն»։

«Քինացել ենք Ղազախ հարսանիք մենք։ Լավ հյուրասիրել են, լավ պահել են գիշերը մեզ իրանց տանը»,-հիշում է Այգեպարի ութսունամյա բնակիչ Արամ Աթոյանը։ Բայց նա հիշում է նաեւ, թե ինչպես են նռնականետով խփել իր տանն ու փլուզել երկրորդ հարկի ապակեպատ պատշգամբը։ « Հարսս երեք տարեկան երեխի հետ ստեղ նստած էր, մենք էլ' հետը։ Երեք տարեկան երեխեն լեզուն առնվեց, կտրվեց լեզուն։ Երեք անգամ տարանք Երեւան, եղավ ոչ»։

Արամ Աթոյանի կինը՝ Պայծառ Անդրեասյանը, նույնպես հիշում է հարեւան ադրբեջանցիների հետ ունեցած բարեկամությունը, պատմում, թե ինչքան բարյացակամ էին նրանք առեւտրի եւ այլ հարաբերությունների մեջ, բայց երբ հարցնում եմ հաշտության մասին, մի քիչ մտածելուց հետո հուզառատ ձայնով ասում է. «Բա նրանք մեր երիտասարդներին էսքան սպանել են, ո՞նց կարանք մենք նրանց հետ հաշտվենք։ Ուրեմն պետք ա դարեր անցնի, ոչ թե տարիներ, դարեր անցնի»։

Արամ Աթոյանը չի կիսում իր տիկնոջ հոռետեսությունը։ Նա գտնում է, որ խաղաղության հաստատումից հետո մարդիկ էլի կգնան-կգան, բարեկամություն կանեն, բայց վստահ չէ՝ իրենք կտեսնե՞ն այդ բանը, թե՞ ոչ։ « Եթե մենք քինանք ոչ, մեր սերունդը էլի կքինան-կիքան, կբարեկամանան»,-ասում է նա։

Խաղաղությունն Այգեպարում առայժմ ձեւ ու պատկեր չունի։ Ոչ ոք չգիտե, թե ինչպիսին է լինելու այն։ Բոլորը՝ մեծ ու փոքր, շատ լավ հասկանում են, որ նման չի լինելու խորհրդային ժամանակաշրջանի ազգամիջյան այն հարաբերություններին, որն իրենք ադրբեջաներեն բառով կոչում են «դոստություն», այսինքն՝ բարեկամություն։ Դրա համար էլ, երբ հարցնում ես խաղաղության մասին, ասում են՝ խաղաղությունը չգիտեմ, բայց պատերազմը «տուն քանդել ա, երեխանց սպանել ա»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter