HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԶՊՄԿ-ն չի բողոքարկի տեսչական մարմնի ակտն ու կվճարի 382 մլն դրամը

Նախորդ շաբաթ հարցում էինք ուղարկել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովին՝ հետաքրքրվելով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կատարած ստուգումներով: Հարցրել էինք, թե կոմբինատն ինչ առարկություններ ունի տեսչական մարմնի ստուգումների ընթացքում բացահայտված խախտումների վերաբերյալ, և արդյոք պատրաստվում է վճարել շրջակա միջավայրին հասցված ավելի քան 382 միլիոն դրամի վնասը, թե դատարան է դիմելու:

Հիշեցնենք, որ 2018 թ. սեպտեմբերի 10-ից մինչև 2019 թ. հունվարի 22-ը բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է անցկացրել ԶՊՄԿ-ում: Մարտի 13-ին տեսչական մարմինը հրապարակել էր ստուգումների արդյունքները, համաձայն որոնց՝ կոմբինատի գործունեության հետևանքով մի շարք խախտումներ են արձանագրվել, և շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 382 միլիոն դրամի վնաս:

Ի պատասխան մեր հարցմանը՝ ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանը հայտնել է, որ «անկախ բնապահպանության և ընդերքօգտագործման բնագավառում ստուգումներ իրականացրած լինելու հանգամանքից՝ ԶՊՄԿ-ն վերջին տարիներին ձեռնարկել եւ իրականացրել է մեծածավալ աշխատանքներ՝ շրջակա միջավայրի վրա իր գործունեության ազդեցությունը նվազագույնի հասցնելու, իսկ հնարավորության դեպքում՝ բացառելու, շրջակա միջավայրի պահպանության, բարելավման և վերականգնման ուղղություններով, նպատակ ունենալով ապահովել իր գործունեության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը և միջազգայնորեն ընդունված բնապահպանական չափանիշներին»:

Ինչ վերաբերում է վնասի փոխհատուցմանը, Ամբարյանը հայտնել է, որ ընկերությունը ստորագրել է տեսչական մարմնի կողմից կազմված ստուգման ակտը՝ ստանձնելով արձանագրված խախտումները սահմանված կարգով վերացնելու և հաշվարկված վնասը փոխհատուցելու պարտավորություններ: Սա նշանակում է, որ ԶՊՄԿ-ն չի բողոքարկելու ակտը և վճարելու է 382 միլիոն դրամը:

Գլխավոր տնօրենի առաջին տեղակալը փոխանցել է նաև, որ «հարուցված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների արդյունքում ընկերության համապատասխան բնագավառների պաշտոնատար անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության»: Ավելացնենք, որ այս մասին իր հաղորդագրության մեջ հայտնել էր նաև տեսչական մարմինը: Ըստ այդմ՝ կոմբինատի ոլորտային երեք պատասխանատու պաշտոնատար անձինք ենթարկվել են վարչական տուգանքի՝ ընդհանուր 550 հազար դրամի չափով:

Լուսանկարը՝ miningmetal.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter