HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղտոտված մթնոլորտ ու ջրային ավազան, ընդերքի շահագործում նախատեսվածից ավելի. ինչպես է Քաջարանի կոմբինատը վնասել բնությանը

2018 թ.-ի Հայաստանի երկրորդ ամենախոշոր հարկատուն՝ Զանգեզուրի պղձնամոլիբդենային կոմբինատը (տարվա ընթացքում վճարել է 41 միլիարդ դրամ), ավելի քան 382 միլիոն դրամի վնաս է հասցրել շրջակա միջավայրին: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը՝ ներկայացնելով ընկերությունում ստուգումների արդյունքները (դրանք տեւել են 2018 թ. սեպտեմբերի 10-ից մինչեւ 2019 թ. հունվարի 22-ը):

Հիշեցնենք, որ մայիսին կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական էր տվել ստուգումներ սկսել 28 մետաղական հանքարդյունաբերող ընկերություններում: Տեսչական մարմինն առաջին ստուգումն իրականացրել էր Ամուլսարի հանքավայրում, որից հետո ստուգումներ սկսվեցին ԶՊՄԿ-ում:

Ստուգումներն իրականացվել են երկու ուղղությամբ՝ ընդերքօգտագործման եւ բնապահապանական:

13 տարի հանքավայրի պաշարները չեն վերագնահատել

Ըստ տեսչական մարմնի՝ Քաջարանի հանքավայրի կոնդիցիաներն ու պաշարները վերագնահատման չեն ենթարկվել 2006-ից ի վեր: Որպես կանոն՝ հանքի շահագործման ընթացքում երկրաբանները շարունակում են իրականացնել հետախուզական աշխատանքներ՝ արձանագրելով պաշարների ծավալները, այդ թվում նաեւ՝ մարված պաշարները: Իսկ մարված պաշարը արդյունահանված հանքաքարի ծավալն է:

Ընկերության կողմից չի տարվել օգտակար հանածոների պաշարների շարժի ամենօրյա գրանցամատյան: 2017 թվականի համար նախատեսված հաշվետվություններում անհամապատասխանություններ են գտել մարված պաշարների հաշվառման վերաբերյալ: Բանն այն է, որ այդ տարի հանքավայրի հաշվեկշռային պաշարներից փաստացի մարվել է 27,2 միլիոն տոննա հանքաքար, մինչդեռ ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված է տարեկան 22 միլիոն տոննա։

Նախատեսված 22 միլիոն տոննա հանքաքարի փոխարեն հարստացուցիչ ֆաբրիկայում վերամշակվել է 19,65 մլն տոննա հանքաքար։ Իսկ արդյունահանված, բայց չվերամշակված հանքաքարն ընկերությունը կուտակել է բացահանքի տարածքում։

Աղտոտել են մթնոլորտը, չեն պահպանել Ողջի գետի բնապահպանական թողքը

Քաջարանի կոմբինատը մոտ 3 տարի՝ 2014-ի նոյեմբերից մինչեւ 2017-ի ապրիլ, աշխատել է առանց արտանետումների չափաքանակների: Այս ժամանակահատվածում մթնոլորտ է արտանետվել ավելի քան 1700 տոննա փոշի եւ մի քանի հարյուր տոննա տարբեր քիմիական միացիություններ: Անթույլատրելի արտանետումներ կատարվել են նաեւ հետագայում: Այսպես՝ վնասակար նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նախագծով նախատեսված մաքրող սարքավորումները մի շարք արտադրամասերում 2017-ի ապրիլից մինչեւ 2019-ի հունվար բացակայել են կամ գտնվել են անսարք վիճակում։ Բացի դրանից՝ վնասակար նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նախագծում ներառված չեն եղել քարաջարդման աղացը, փայտամշակման արտադրամասը եւ բետոնի պատրաստման հանգույցը: Դրա հետեւանքով մթնոլորտ է արտանետվել չափաքանակից ավելի փոշի՝ գրեթե 160 տոննա:

Հաջորդ խախտումը վերաբերում է Ողջի գետի բնապահպանական թողքի պահպանմանը: Ըստ տեսչական մարմնի՝ թեեւ ԶՊՄԿ-ն ջրառն իրականացնում է, պահպանելով իրեն տրամադրված ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված տարեկան ծավալները, սակայն խախտել է ջրառի լ/վրկ պահանջը: Դրա հետեւանքով 2015-ի հունվար, փետրվար, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին, 2016-ի հունվար, փետրվար, մարտ, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին, 2017-ի հունվար, փետրվար, սեպտեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին կոմբինատը չի պահպանել Ողջի գետի բնապահպանական թողքը:

Ընկերությունը ջրառն իրականացրել է Ողջի, Գեղի եւ Սակքար գետերից՝ ջրառի կետերում չունենալով ջրաչափիչներ: Դրանք տեղադրված եւ կապարակնքված են եղել ընկերության հարստացուցիչ ֆաբրիկայի հարակից տարածքում:

Պոչանքներ՝ ուրիշին պատկանող տարածքում, կեղտաջրերի արտահոսք

Կոմբինատը Արծվանիկի պոչամբարին հարակից գյուղերի՝ Արծվանիկի, Չափնու եւ Սեւաքարի 18,55 հա համայնքային եւ պետական հողամասերը ծածկել է պոչանքներով: Ընդ որում՝ կառավարությունը 2015-ի մայիսին գերակա հանրային շահ է ճանաչել պոչամբարի հարակից 5 գյուղերի (Արծվանիկ, Չափնի, Սեւաքար, Աճանան, Սյունիք) 492 հա հողերը, սակայն այդ հողերի նպատակային նշանակությունը դեռ չի փոխվել, ու դրանք դեռ չեն հանձնվել ԶՊՄԿ-ին:

Տեսչական մարմինն արձանագրել է նաեւ ԶՊՄԿ-ի կողմից կեղտաջրերի արտահոսք: Մասնավորապես, 2018-ի սեպտեմբերին դյուկերային անցումների տարածքներում տեղի է ունեցել վթար, որի հետեւանքով, ըստ լաբորատոր հետազոտության, Ողջի գետի ջրավազան են արտանետվել 1,97 տոննա կախյալ նյութեր: 2017-ի հունվարին ու փետրվարին էլ Արծվանիկի պոչամբարի թունելախորշից տեղի է ունեցել 398 տոննա գերազանցումով կախյալ նյութերի արտահոսք։ Բացի դրանից՝ լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ 2018-ի երրորդ եռամսյակում Ողջիի ջրային ավազան է արտանետվել թույլատրելի սահմանային չափաքանակից շատ ցինկ:  

Այս ամենից զատ՝ տեսչական մարմինը նաեւ պարզել է, որ բնապահպանական եւ բնօգտագործման վճարների վերաբերյալ ԶՊՄԿ-ի ներկայացրած փաստաթղթերում առկա են եղել անճշտություններ, որոնց մասին ինֆորմացիան տրամադրվել է ՊԵԿ-ին։

Ամփոփելով ստուգումների արդյունքները՝ տեսչական մարմինը հայտնել է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնտեսական գործունեության հետեւանքով շրջակա միջավայրին հասցվել է 382.431.552 դրամի վնաս: Տեսչական մարմինը փոխհատուցման պահանջը ներկայացրել է ընկերությանը: Բացի դրանից՝ ըստ պետական գերատեսչության,  կոմբինատի ոլորտային 3 պատասխանատու պաշտոնատար անձինք ենթարկվել են վարչական տուգանքի՝ ընդհանուր 550 հազար դրամի չափով:

Ընկերությանը տրվել են ստուգմամբ բացահայտված իրավախախտումները սահմանված ժամկետներում վերացնելու հանձնարարականներ։

Տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը «Հետքին» հայտնել է, որ, ըստ «Բնապահպանական վերահսկողության մասին օրենքի», ԶՊՄԿ-ն 15-օրյա ժամկետում պետք է կատարի փոխհատուցման պահանջը, իսկ, «Ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքի համաձայն, կոմբինատը 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկել տեսչական մարմնի կազմած ակտը:

Առաջին լուսանկարում՝ Արծվանիկի պոչամբարը (հեղ.՝ Սարո Բաղդասարյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter