HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Բասենում պելետի արտադրությունը վերսկսվել է. հիմնադրամը նոր ծրագրի հայտ է ներկայացրել

«Կանաչ համայնք» տիտղոսին արժանացած 460 տնտեսություն ունեցող Բասենը Շիրակի մարզում եւ հանրապետությունում ներդրվող նորարարական ծրագրերի ու գաղափարների իրականացմամբ 2013-2017թթ-ին համարվում էր առաջատարներից մեկը: Բոլոր ծրագրերը Բասենում իրականացվել են Եվրոպական միության, Ավստրիական զարգացման համագործակցության, «Հիլսֆերկ Ավստրիա Ինթերնեշնլը»-ի, ՄԱԿ-ի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի եւ «Բիոսոֆիա» բնապահպանական ՀԿ-ի աջակցությամբ:

Մոտ երկու տարի «Բասեն համայնքի զարգացման հիմնադրամ»-ի, համայնքի ղեկավար Համլետ Պետրոսյանի, Բասեն գյուղի անունները կարելի էր հանդիպել լրատվամիջոցների բազմաթիվ հրապարակումներում: Բասենն օրինակելի համայնք էր փորձի փոխանակման, ցուցադրական-ուսումնական այցելությունների, նորագույն տեխնոլոգիաների կիրառման առումով: Այսպես էր մինչեւ համայնքների խոշորացումը, որին, ի դեպ, դեմ էին բասենցիները, մինչեւ Ախուրյան խոշորացված համայնքի կազմում ընդգրկվելը:

Վերջին ծրագիրը, որն այդքան հայտնի դարձրեց Բասենը հանրապետությունով մեկ, պելետի՝ կենսավառելիքի արտադրության ներդրումն էր: Ծրագրի սկիզբը 2016թ-ին էր, ձեռնարկությունը կարողացավ որոշակի խնդիրներ հաղթահարելով՝ գործել մեկ տարի՝ ակնկալելով աջակցություն Կառավարությունից, լսելով խոստումներ արտադրության ընդլայնման ուղղությամբ: Համայնքների խոշորացումից հետո Բասենում նոր ծրագրերի ներգրավման կանգ նկատվեց:

Բասենի նախկին ղեկավար Համլետ Պետրոսյանը, որ համայնքում իրականացվող զարգացման ծրագրերի գեներացնողն էր, ՏԻՄ ընտրություններում պարտվեց Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանին: Համլետ Պետրոսյանը չնշանակվեց անգամ վարչական ղեկավար. Արծրուն Իգիթյանը հայտարարել էր, թե իր թիմը դեմ է նրա թեկնածությանը: Ինչպես հայտնի է, բնակավայրերում միջազգային կառույցների կողմից իրականացվող ծրագրերը պահանջում են համայնքային ֆինանսավորում. այս դեպքում Բասենն այլեւս զրկված էր ինքնուրույնությունից՝ ընդգրկված լինելով Ախուրյան համայնքի կազմում եւ հետագա ծրագրերի առումով կախվածություն ունենալով արդեն խոշորացված համայնքի ավագանու որոշումներից: Բասենցիների մտավախություններն իրականացան 2017թ-ի նոյեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց:

2018թ-ի հունվարին ուժեղ քամու պատճառով արտադրամասը զրկվել էր տանիքից: Խոշորացված համայնքից աջակցություն չեղավ, թեպետ հիմնադրամից դիմել էին: «Հիմնադրամը երկար ժամանակ չէր կարողանում գումար գտնել, որ տանիքը նորոգեինք: Էդ ընթացքում կորցրինք հաճախորդների, լուրը տարածվեց, որ չենք աշխատում, նաեւ տարբերակ կար, որ ծրագիրը կարող էր տեղափոխվել Ախուրյան,- ասում է Համլետ Պետրոսյանը,- որ ճիշտն ասեմ, որոշակի հիասթափություն էլ կար՝ մի տեսակ թեւաթափ էինք եղել, բայց դե անցած տարվա նոյեմբերից ամեն ինչ կարգավորվեց՝ գումարն էլ ճարեցինք, տանիքն էլ նորոգեցինք, պատվիրատու էլ գտանք, այնպես որ հիմա աշխատում ենք, բայց էդ մասին շատերը դեռ չգիտեն»:

Աշխատանքները սկսել են անցած աշնանը՝ հումք ամբարելով ու պատվերներ ընդունելով: Հիմնական պատվիրատուները Բասեն գյուղից են, կան գնորդներ նաեւ Արթիկի նախկին տարածաշրջանի գյուղերից: Հաջողությամբ սկսված ծրագրի թույլ կողմերից մեկը պելետի արտադրության համար նախատեսված հատուկ վառարանների բացակայությունն է: Դեռեւս նախորդ իշխանության օրոք Կառավարության կողմից խոստում էր հնչել աջակցելու հիմնադրամին այդ հարցում:

«Տեղում վառարանների արտադրությունը կբարելավեր մեր գործունեությունը,- ասում է Համլետ Պետրոսյանը,- բայց նախկինների օրոք գործը խոստումներից այն կողմ չանցավ: Հիմա մենք հստակ որոշել ենք զբաղվել դրանով: Պելետի համար նախատեսված վառարանների դրական կողմն այն է, որ ավտոմատ է կարգավորվում եւ նախատեսած չափաբաժինը լցնելով՝ կարող ես երկար ժամանակ մոռանալ վառարանի դուռը բացելու մասին»:

Վառարանների արտադրության համար «Բասեն համայնքի զարգացման հիմնադրամ»-ը փնտրում է աջակիցներ: Ներկայում եւս մեկ ծրագրով դիմել են ՄԱԿ-ի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամին. ցանկանում են զբաղվել անասունների համար նախատեսված խտացրած, համակցված կերի արտադրությամբ: Շուկան ուսումնասիրել եւ պարզել են, որ խտացրած կեր հիմնականում ներկրում են Վրաստանից եւ Ռուսաստանից: Վաճառքը 1 կգ-ը 210-ից 560 դրամի սահմաններում է տատանվում:

«Մեր արտադրությունը հիմնականում լինելու է տեղական գարու, ցորենի, եգիպտացորենի հիմքի վրա: Լինելու է ավելի մատչելի, քան ներկրվածն է՝ մենք կարող ենք 1 կգ-ը տրամադրել 170 դրամի սահմաններում: Համակցված կերերի արտադրությունը սկսելուն զուգահեռ՝ նախատեսվում է 7 կՎտ հզորությամբ արեւային կայաններ տեղադրել, որ կարողանանք ընդհանրապես մեր ծախսած էլեկտրաէներգիայի առումով լինենք որոշակիորեն անկախ: Ներկայումս 3 կՎտ է մեր ունեցածն ու մենք մինչեւ 30 տոկոս տնտեսում ունենք, այնպես որ ավելի հզորը տեղադրելով՝ կդառնանք ավելի ինքնաբավ: Իհարկե, էս նոր ծրագրի շրջանակներում ստեղծվելու են նոր աշխատատեղեր: Սպասում ենք պատասխանի, հույս ունենք, որ հիմնադրամը դրական կարձագանքի»,- նկատում է Համլետ Պետրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter