HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Օլիմպավանում» գտնվող ոստիկանն ասում է, թե Ծառուկյանի թիկնազորի նախկին պետի հետ կապված միջադեպի մասին համացանցից է իմացել

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի վերաբերյալ քրեական գործով այսօր ցուցմունք տվեց 2018 թվականի հուլիսի 2-ին  «Օլիմպավան» մարզական համալիրում ծառայություն իրականացրած ոստիկան Միքայել Գասպարյանը:

Նշենք, որ Բաբայանը մեղադրվում է այդ օրը «Օլիմպավան» մարզական համալիրում 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: Գործի քննության սկզբնական փուլում նա գտնվում էր կալանքի տակ, սակայն 2018 թվականի օգոստոսի 21–ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Ոստիկան Միքայել Գասպարյանը դատարանին հայտնեց, որ ճանաչում է ամբաստանյալ Էդուարդ Բաբայանին, ապա մատնացույց արեց տուժող Վյաչեսլավ Հարությունովին՝ նշելով, որ նրա անունը չգիտի, բայց տեսել է «Օլիմպավանում»: Նշենք, որ Գասպարյանը, ով ինչպես միջադեպի ժամանակ, այնպես էլ հիմա աշխատում է նույն մարզական համալիրում, դատարանին հայտնեց, թե դեպքի մասին ոչինչ չգիտի, համացանցից է տեղեկություններ ստացել, Վյաչեսլավ Հարությունովին նույնպես համացանցում է տեսել:

Դատավորի հարցին՝ «Օլիմպավան» մարզական համալիրում տեղի ունեցած միջադեպի մասին վկան տեղեկություն չունի, վերջինս պատասխանեց, որ ինքն իրավունք չունի մտնել նիստերի դահլիճ: Նշենք, որ ըստ գործի նյութերի՝ Բաբայանի մասնակցությամբ միջադեպը տեղի է ունեցել մարզական համալիրի դահլիճում:

«Մեր մոտ տարին 12 ամիս ժողով է տեղի ունենում, և մենք իրավունք չունենք մտնել ժողովի տեղը, դրսում անվտանգություն ենք իրականացնում», - ասաց Գասպարյանը:

Մեղադրող դատախազ Վարդգես Սարգսյանի հարցին՝ ինչ միջոցառում էր տեղի ունենում, Գասպարյանը պատասխանեց, որ դահլիճում ժողով է եղել, որը նախաձեռնել էր Գագիկ Ծառուկյանը, ով նույնպես համալիրում է եղել:

Հարցին՝ Էդուարդ Բաբայանն այդ օրը համալիրում եղել է, թե ոչ, Գասպարյանը պատասխանեց, թե չի հիշում:

Ըստ Գասպարյանի՝ նույն օրը երեկոյան ոստիկանության աշխատակիցներ են եկել մարզական համալիր, և ինքն այդ ժամանակ է իմացել, որ ինչ-որ բան է կատարվել:

«Նոր հաջորդ օրն էլ ես տեսա սայթերով, որ սենց ինչ-որ բաներ ա կատարվել», - ասաց  Գասպարյանը:

Տուժող Վյաչեսլավ Հարությունովի ներկայացուցիչ Էդգար Բաբայանի հարցին, թե ինչ կերպ են Գասպարյանն ու նրա գործընկեր մյուս ոստիկանը իրականացրել ծառայությունը, Գասպարյանը պատասխանեց, որ հիմնականում շրջիկ ծառայություն են իրականացնում.

«Ասենք՝ երեխաներ են, վազում են շոշը, պիտի թույլ չտանք, կամ գուցե փորձեն գազոնների մեջ մտնել, կամ մարզիկները սեմչկա չրթեն, մենք պիտի թույլ չտանք»,- ասաց մարզական համալիրում անվտանգությունն ապահովող ոստիկանը: Վերջինս նշեց, որ Գագիկ Ծառուկյանի՝ մարզական համալիր գալու պահն ինքը հիշում է, բայց չի հիշում՝ Բաբայանը հետն է եղել, թե՞ ոչ:

Բաբայանի պաշտպաններից Արմեն Մելքոնյանը ոստիկանին ցույց տվեց իր գրած ցուցմունքի 2 կամ երեք էջերն ու հետաքրքրվեց, թե որքան ժամանակ կպահանջվեր նրանից դա կարդալու համար:

«Երկար... մոտ  մեկ ժամ»,- ի պատասխան ասաց Միքայել Գասպարյանը՝ նշելով նաև, որ ինքը վարժ չի կարդում:

Նշենք, որ գործի նյութերի համաձայն՝ Գասպարյանի ցուցմունքը համակարգչային եղանակով արձանագրել է քննիչը, ապա դրա տակ վկան ստորագրել է: Ոստիկանը հայտնեց նաև, որ ցուցմունքը տվել է Հատուկ քննչական ծառայությունում, 21:00-ից 22:00-ի սահմաններում գնացել է այնտեղ, ապա 04:00-ից 05:00-ի սահմաններում դուրս եկել: Ըստ ոստիկանի՝ իրեն երկու քննիչ է հարցաքննել տարբեր սենյակներում:

Պաշտպան Մելքոնյանի հարցին՝ վկան Գագիկ Ծառուկյանից կամ Էդուարդ Բաբայանից կախում ունի, Գասպարյանը պատասխանեց, թե ինքը ոստիկան է և ենթարկվում է ոստիկանության պետին:

Նախաքննական ցուցմունքներում վկա Գասպարյանը հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանը մարզական համալիր է եկել թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի ուղեկցությամբ: Նկատի ունենալով, որ վկայի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում էական հակասություն է առկա, դատավոր Մակյանը որոշեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները:

«Այդ ժամանակ համալիր եկավ նաև Գագիկ Ծառուկյանը, ում ուղեկցում էին անվտանգության ծառայության պետի՝ Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ: Գագիկ Ծառուկյանի հետ էին նաև Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը»,- նախաքննական ցուցմունքում գրել է Միքայել Գասպարյանը:

Ըստ վկայի ցուցմունքի՝ ժողովի մասնակիցներից դուրս գալուց շուրջ 20 րոպե անց վարչական շենքից Ծառուկյանը, Էդուրադ Բաբայանը դուրս են եկել: Ծառուկյանի հետ մարզահամալիրից գնացել է նաև Հրաչյա Ռոստոմյանը:

Ոստիկանը նշեց, որ դահլիճ մտնելիս տեսել է համազգեստով անձի: Նշենք, որ Վյաչեսլավ Հարությունովը դեպքի օրը համազգեստով է եղել: Ըստ Գասպարյանի ցուցմունքի՝ ինքը համազգեստով անձի՝ համալիրից դուրս գալու պահը չի տեսել:

Նախաքննական ցուցմունքում Գասպարյանը նշել է նաև, որ հուլիսի 2-ի երեկոյան մարզահամալիր են եկել ոստիկաններ, որոնք ցանկացել են որոշակի գործողություններ կատարել այնտեղ: Համալիրի տնօրեն Կարեն Պապիկյանը, սակայն, ասել է, որ պետք է Գագիկ Ծառուկյանից թույլտվություն վերցնի, ապա քիչ անց ասել, որ ոստիկանները կարող են մտնել ներս:

Նախաքննական ցուցմունքում Գասպարյանը հայտնել է նաև, որ մարզահամալիրի ամբողջ տարածքում տեսանկարահանող սարքեր կան, եղել են նաև դեպքեր, երբ այցելուներն ինչ- որ բան են կորցրել և դիմել տնօրինությանը, որպեսզի տեսագրությունները դիտեն ու պարզվի այս կամ այն իրի անհետանալու հանգամանքը: Գասպարյանը հայտնել է նաև, որ իրենք՝ համալիրում անվտանգություն ապահովող ոստիկանները, այդ տեսագրությունների հետ կապ չունեն, դրանցով զբաղվում է տնօրինությունը:

Նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո Միքայել Գասպարյանը հայտարարեց, որ ինքը դա չի կարդացել:

«Եթե կարդայի, մինչև առավոտ կտևեր», - նշեց Գասպարյանը, ապա մեղադրողի հարցին ի պատասխան՝ ասաց, որ թեև դեպքից անմիջապես հետո առավել շատ մանրամասներ է հիշել, ցուցմունքում որոշակի անճշտություններ կան:

Ըստ Գասպարյանի՝ ցուցմունքում գրված է, որ Էդուարդ Բաբայանն ու Գագիկ  Ծառուկյանը միասին են մտել դահլիճ, բայց ինքը նկատի է ունեցել, որ երկուսն էլ մտել են: Անդրադառնալով տեսագրությունների դրվագին՝ Գասպարյանը հայտնեց, թե իրեր կորելու և այցելուների՝ տնօրինությանը դիմելու դեպքը, որի մասին ինքը գրել է, տեղի է ունեցել միջադեպից ամիսներ առաջ, իսկ հունիսի 2-ին մարզահամալիրի տարածքը տեսանկարահանվել է, թե ոչ, տեղյակ չէ:

Անդրադառնալով իր ցուցմունքներում առկա հակասությունը՝ կապված դեպքի օրը Բաբայանին տեսնել կամ չտեսնելու հետ, Գասպարյանը նշեց, թե ինքը դատարանում չի ասել, որ Բաբայանն այնտեղ չի եղել, այլ նշել է, որ այդ հանգամանքը չի հիշում:

Դատարանում այսօր հարցաքննվեց նաև դեպքի ժամանակ  «Արմենիա» բժշկական կենտրոնում աշխատող վիրաբույժ Կարեն Փափազյանը: Վերջինս դատարանին հայտնեց, որ 2018 թվականի հուլիսի 2-ին «Արմենիա»  բժշկական կենտրոն է տարվել հիվանդ`Վյաչեսլավ Հարությունովը: Նրան  երկու տղամարդ է ուղեկցել: Հիվանդին բուժօգնություն ցույց տալուց հետո տեղափոխել են վերակենդանցման բաժանմունք:

Ինչպես պարզվեց, այստեղ Հարությունովին 4 անգամ հարցաքննել են:

Ամբաստանյալ  Էդուարդ Բաբայանի պաշտպաններ Էդգար Արամյանը, Արմեն Մելքոյանը, տուժող Վյաչիսլավ Հարությունովի պաշտպան Վահագն Բաբայանը հարցերի միջոցով տևական ժամանակ փորձում էին բժշկից պարզել, թե ինչպես  են վերակենդանցման բաժանմունքում գտնվող տուժողին հարցաքննել, ինչպես է տրվել թույլտվությունն ու առհասարակ ի՞նչ ընթացակարգով է տեղի ունենում այս գործընթացը:

Բժիշկը հայտնեց, որ բժշկական կենտրոնում գտնվող անձից ցուցմունք վերցնելու թույլտվությունը գրավոր չի տրվում, բայց եթե բժիշկը, հիվանդի վիճակով պայմանավորված, առարկություն է ունենում նրան հարցաքննելու վերաբերյալ, ապա այն ներկայացնում է գրավոր:

Էդուարդ Բաբայանի պաշտպան Արմեն Մելքոնյանը տևական ժամանակ փորձում էր հասկանալ, թե ինչպե՞ս կարող է բժշկական կենտրոնի վիրաբույժը վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդին հարցաքննելու թույլտվություն տալ կա առարկել հարցաքննության դեմ, երբ այս բաժանմունքն առանձին վարիչ ունի: Հարցերին, սակայն հստակ պատասխաններ չտրվեցին: Նշենք, որ բժիշկ Փափազյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ ինքն է թույլ տվել իրավապահներին հարցաքննել հիվանդին:

 Տուժող Վյաչիսլավ Հարությունովի պաշտպան  Վահագն Բաբայանը բարձրացրեց այն հարցը, որ հիվանդանոց ընդունվելուց հետո Հարությունովին ցավազրկող դեղեր են ներարկել, որոնց բաղադրության մեջ պարունակվել է է թմրամիջոց: Ամբաստանյալ Էդուարդ Բաբայանի պաշտպանն ու տուժողի ներկայացուցիչը շարունակ գալիս էին նույն հարցին. ինչպես է որոշվել, որ առողջական ծանր վիճակում գտնվող անձը կարող է ցուցմունք տալ:

Բժիշկ Փափազյանը  պարզաբանեց, որ հիվանդի վիճակը գնտահատվում է վատ, երբ վերջինս կոնտակտի մեջ չի մտնում, իսկ Հարությունովն այդպիսի վիճակում չի եղել:

Բժիշկը չհիշեց՝ Վյաչիսլավ Հարությունովին հարցաքննելու թույլտվությունն ով է տվել, ըստ  էության, չբացառեց նաև, որ կարող է ինքը տված լինել:

Նշենք , որ դատարանն այսօր 5 րոպեով է թույլատրել տեսանկարահանումը, ուստի վկաներին լրագրողները հնարավորություն չեն ունեցել լուսանկարելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter