HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականը մեկնարկում է «Եվրո-2020»-ի ընտրական մրցաշարում

Այսօր՝ Երեւանի ժամանակով 23:45-ին, Սարաեւոյի «Գրբավիցա» մարզադաշտում կմեկնարկի «Եվրո-2020»-ի Բոսնիա եւ Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը: Անցյալ տարվա աշնանը Ազգերի լիգայում մրցելույթները ձախողելուց հետո սա մեր ընտրանու երկրորդ հնարավորությունն է ձեռք բերել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր:

Հիշեցնենք, որ «Եվրո-2020»-ն առաջին անգամ հյուրընկալելու են եվրոպական 12 քաղաքներ (Լոնդոն, Մյունխեն, Հռոմ, Բաքու, Սանկտ Պետերբուրգ, Բուխարեստ, Ամստերդամ, Դուբլին, Բիլբաո, Բուդապեշտ, Գլազգո, Կոպենհագեն): Եզրափակիչ փուլին, ինչպես 2016-ի առաջնությանը, մասնակցելու է 24 թիմ, որոնցից 4-ն առաջին անգամ ընտրվելու են Ազգերի լիգայից, իսկ 20-ը՝ ընթացիկ ընտրական փուլից:

Հայաստանի հավաքականն ընդգրկվել է վերջին՝ 10-րդ ընտրական խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Իտալիան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Ֆինլանդիան, Հունաստանը եւ Լիխտենշտայնը: Հանդիպումները կայանալու են այս տարվա մարտ-նոյեմբեր ժամանակահատվածում: «Եվրո-2020»-ի ուղեգիր են նվաճելու 10 խմբերում առաջին երկու տեղը զբաղեցրած թիմերը, որոնց էլ ավելի ուշ կմիանան Ազգերի լիգայի 4 դիվիզիոնների (A, B, C, D լիգաների) հաղթողները:

Հիշեցնենք, որ այսօրվա եւ ամսի 26-ին կայանալիք Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումներին նախապատրաստվելու համար գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրավիրել էր հետեւյալ 27 ֆուտբոլիստներին:  

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան, «Լուչ» (Բելառուս)
Արամ Հայրապետյան, «Բանանց»
Անատոլի Այվազով, «Բանանց»
Հենրի Ավագյան, «Ալաշկերտ»
Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա)
Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)   
Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)   
Հայկ Իշխանյան, «Լոռի»
Արտյոմ Խաչատուրով, «Լոռի»
Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»
Արմեն Մանուչարյան, «Փյունիկ» 

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)
Գևորգ Ղազարյան, «Շավիշ» (Պորտուգալիա)  
Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)
Արաս Օզբիլիզ, «Վիլլեմ-II» (Հոլանդիա)                   
Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)
Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»
Ալիկ Առաքելյան, «Փյունիկ»
Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Ալեքսանդր Կարապետյան, «Պրոգրես Նիդերկորն» (Լյուքսեմբուրգ)
Նորբերտո Բրիասկո Բալեկյան, «Ատլետիկո Ուրական» (Արգենտինա)   
Յուրա Մովսիսյան - առանց ակումբի

Վնասվածքների պատճառով չեն հրավիրվել Մարկոսն ու Գոռ Մալաքյանը: Իսկ վերը նշվածներից դարպասապահներ Այվազովն ու Բեգլարյանը թիմի հետ չեն մեկնել Սարաեւո: Բեգլարյանը, մասնավորապես, վնասվածք է ստացել երեւանյան նախապատրաստական հավաքի վերջին մարզման ժամանակ: Երեկ Սարաեւոյում կայացած նախախաղային ասուլիսում Ա. Գյուլբուդաղյանցը նշել է, որ եթե Արսենը հասցնի ապաքինվել մինչեւ թիմի՝ Երեւան վերադառնալը, կրկին կլինի հայտացուցակում: Այսօր կայանալիք խաղի 23-հոգանոց հայտացուցակից դուրս են մնացել Ալիկ Առաքելյանն ու ակումբ չունեցող Յուրա Մովսիսյանը, այսինքն՝ վերջնական հայտնի է այն 23-ի անունը, ովքեր կարող են դուրս գալ խաղադաշտ:

Ասուլիսում գլխավոր մարզիչը նշել է, որ փորձելու են միասնական լինել դաշտում ու թիմային խաղ ցուցադրել՝ մեծ ցանկությամբ եւ նվիրվածությամբ, աշխատելու են քիչ սխալվել ու օգտագործել գոլ խփելու հնարավորությունները: Ըստ Գյուլբուդաղյանցի՝ չնայած բոսնիացիները խաղի ֆավորիտն են, ժամանակակից ֆուտբոլում հաղթում է այն թիմը, որը ոչ միայն հարձակվում է, այլեւ քիչ է սխալվում ու կարողանում է իր շանսերն օգտագործել: Նշենք, որ այս պահին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում մեր ընտրանին 101-րդն է, իսկ բոսնիացիները՝ 35-րդը:

Ընտրական խմբի բոլոր մրցակիցների հետ Հայաստանի հավաքականը նախկինում հանդիպել է: Բալկանցիների հետ, մասնավորապես, թիմը մրցել է 2010-ի աշխարհի առաջնության ընտրական փուլում, որը մեզ համար բավականին անհաջող էր: 2008-ի հոկտեմբերի 10-ին Զենիցայում մերոնք պարտվեցին 1-4 հաշվով, միակ գոլը խփեց պաշտպան Վահագն Մինասյանը, իսկ 2009-ի սեպտեմբերի 5-ին Երեւանում գրանցվեց 0-2՝ հօգուտ հյուրերի:

Այսօրվա խաղը սպասարկելու է դանիական մրցավարական բրիգադը՝ Յակոբ Կելետի գլխավորությամբ: Նրան կօգնեն Լարս Հումելգարդը եւ Հեյնե Սորենսենը: Չորրորդ պաշտոնյան կլինի Յենս Մաեն, ՈւԵՖԱ-ի պատվիրակը Ռոբերտ Կիշպալն է Հունգարիայից, իսկ ՈւԵՖԱ-ի տեսուչը՝ Նիկոլաե Գրիգորեսկուն Ռումինիայից:

Այսօր՝ կրկին Երեւանի ժամանակով 23:45-ին, կսկսվեն 10-րդ ընտրական խմբի Իտալիա-Ֆինլանդիա եւ Լիխտենշտայն-Հունաստան մրցավեճերը:  

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter