HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՊՆ-ն քննարկում է առաջնագծում զինծառայությունը 1.5 տարի դարձնելու հարցը. պատգամավորը ողջունում է առաջարկը

Ինչպես հայտնի է, Պաշտպանության նախարարությունում քննարկում են զինվորական ծառայության ժամկետները փոփոխելու հարցը։ Օրերս պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախատեսվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարել, ըստ որի՝ առանց որևէ առողջական խնդրի ԶՈՒ զորակոչված զինծառայողները կարող են ընտրել ծառայություն միայն առաջնագծում տարբերակը, որը կլինի երկու տարուց պակաս, իսկ այն զինծառայողները, որոնք որոշակի սահմանափակումներով են ճանաչվում պիտանի զինվորական ծառայության համար, նրանք կանցնեն ավելի հեշտացված պայմաններով ծառայություն, սակայն վերջիններիս ծառայության ժամկետը կլինի ավելին, քան երկու տարին է։ «Հետք»-ին հայտնի դարձավ, որ այս պահին նախարարությունում քննարկումներն ընթանում են առաջնագծում ծառայողների համար ծառայությունը կրճատել մինչև մեկ տարի վեց ամիս։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արամ Խաչատրյանը մեզ հետ զրույցում դրական գնահատեց այս առաջարկը։

«Խնդիրը պետք է դիտարկենք արդյունավետության տեսանկյունից և ոչ թե այն տեսանկյունից, որ մի խմբի համար ժամկետը պակասում է, մյուսի համար՝ ավելանում, բանակի համար սա թիմային ծառայություն է։ Այդ առումով փոխնախարարի հետ համաձայն եմ, որ առողջական խնդիր ունեցող զինծառայողներին պետք է տալ այլ կարգավիճակ, իսկ ովքեր կարող են գնալ առաջնագիծ և ի վիճակի են սահմանը պահել, տալ այլ կարգավիճակ: Ինքնին գաղափարն ընդունելի է»,- ասաց Խաչատրյանը։

Խաչատրյանը ռիսկեր չի տեսնում այն հարցում, որ ծառայության կրճատման համար շատերը կարող են ընտրել առաջնագծում զինծառայությունը նույնիսկ որոշակի առողջական խնդիրների դեպքում։ Ասում է՝ զինծառայողներն իրենք չեն որոշում իրենց պիտանելիության աստիճանը, այլ ռազմաբժշկական հանձնաժողովը, նաև ընդգծում է՝ զինծառայողները առաջնագծում զինծառայությունից չեն խուսափում։

«Լինելով զինվորական՝ կարող եմ օրինակ բերել. երբ ես ծառայում էի ռեզերվային զորամասում, պետք էր երեք ամիս ժամկետով սահմանը պահել: Բոլոր զինվորները, սերժանտական կազմը ասում էին՝ առաջինն են ուզում մեկնել սահման։ Մինչև ես մտածում էի, թե ինչպես պետք է ոգևորեմ զինվորներին, որ նրանք սահման մեկնեն, սակայն իրականում հակառակը ստացվեց. զինվորներն ինձ ոգևորեցին, ուստի այնպես չէ, որ զինվորները խուսափում են առաջնագծում զինծառայությունից»,- ասաց Արամ Խաչատրյանը։

Պատգամավորը նաև չի կարծում, որ այս որոշման հետևանքով բանակը համալրման խնդիր կունենա, քանի որ առաջնագծում ծառայություն են անցնում ոչ միայն պարտադիր ժամկետային զինծառայողները, այլև պայմանագրայինները։

Հիշեցնենք, որ Բալայանը հայտնել էր նաև, որ քննարկում են պայմանագրային զինծառայողների տարիքը 40 տարին սահմանելու հարցը՝ գործող 36-ի փոխարեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter