
Բրնձի հատիկների, դեղահաբերի վրա և ձեռքի ափի մեջ նկարող ապագա բժիշկը
Շանթ Կարապետյանը նկարիչ է: Նկարում է հարթ մակերես ունեցող իրերի՝ դեղահաբերի, լուցկու տուփերի, տերևների, մարմնի մասերի վրա:
Նկարելու առաջին փորձերն արել է մանկապարտեզում: Արդեն 4-րդ դասարանում ունեցել է առաջին անհատական ցուցահանդեսը։
Շանթը նկարել սովորել է ինքնուրույն, որեւէ ստեղծագործական խմբակ չի հաճախել։ Նկարչության մեջ իր ամենամեծ ուսուցիչը համարում է սեփական սխալները: Ցանկացած նկար ստանալու համար երկար ժամանակ է ծախսում։
«Պետք է իմանալ նկարչության հիմքը, իմանալ՝ ինչպիսի կառուցվածք ունի, հետո նոր քո «նկարչությունը» կառուցել: Միևնույն ժամանակ ստանդարտներից դուրս պետք է մտածել: Ես անում եմ այն, ինչ սիրում եմ: Այս աշխարհի մեջ կառուցում եմ իմ աշխարհը»,- ասում է Շանթը։
Շանթը սովորում է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, ապագա վիրաբույժ է: Նկարչությունը մասնագիտություն չէ նրա համար, այլ՝ հոգեվիճակ, ապրելակերպի մի մաս, իսկ այդ հոգեվիճակին համապատասխան միակ մասնագիտությունը համարում է վիրաբուժությունը:
Լուցկու տուփերի վրա պատկերում է Վան Գոգի, Դալիի, Մարտիրոս Սարյանի եւ մի շարք այլ հայտնիների աշխատանքները:
Զրույցի ընթացքում չորացած տերեւի վրա պատկերում է մայրամուտին տուն վերադարձող փղերի ընտանիք: Աշխատանքի ընթացքում ձեռքերը եւ հագուստի մի մասը ներկոտվում են, ասում է՝ արդեն հարմարվել է։
Միայն տան պատերին ու կահույքին չի նկարում, սպասում է իր սեփական արվեստանոցն ունենալուն՝ խոստանալով, որ պատերը կնկարազարդի այնտեղ։
Շուտով կբացվի Շանթի անհատական ցուցահանդեսը, աշխատանքները կներկայացվեն նաև Մոսկվայում:
Մեկնաբանել