HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ասլամազյան քույրերի պատկերասրահի հիմնանորոգման համար խոստացած 88 մլն դրամն այդպես էլ չի տրամադրվել

«Երանուհի եւ Մարիամ Ասլամազյանների» պատկերասրահի հիմնանորոգման ու վերազինման համար նախատեսված 88 մլն 530 հազար դրամն այդպես էլ մնաց թղթի վրա: Մեկ տարի առաջ գումարի հատկացման հետ կապված եղավ հանրային բաց լսում եւ քննարկում Գյումրու քաղաքապետարանում: Հանրության հավանությանն արժանացած նախագիծը հաստատվեց նաեւ ավագանու նիստում:

Գումարը տրամադրել խոստացել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանը 2017թ.-ի հոկտեմբերի 1-ին կայացած «Գյումրու օր» տոնակատարության ժամանակ: Իրականում քաղաքապետ Սամվել Բալասանյանը 100 մլն դրամ խնդրել էր Աբովյան ճեմափողոցում 12 արձան տեղադրելու նպատակով, սակայն հանրության ընդվզումն ու երկու ամիս շարունակ սոցցանցերում ընթացող քննարկումները փոխեցին գումարի տրամադրման ուղղությունը:

Երկրում տեղի ունեցած քաղաքական գործընթացներն ու ապրիլյան հեղափոխությունը, բնականաբար, ազդեցին նաեւ պատկերասրահի այնքան երկար սպասված հիմնանորոգման աշխատանքների վրա: «Ենթադրելի էր, որ գումարը մինչեւ հեղափոխությունն էլ չկար, դե հեղափոխությունից հետո արդեն պարզ էր, որ չէր էլ լինելու: Նախընտրական խոստում էր, որ տրվել էր այդ պահին՝ կատարումը թողնելով բախտի քմահաճույքին: Ես սա ասում եմ, որովհետեւ մինչեւ հեղափոխությունը քաղաքապետն արդեն իսկ անհանգստացած էր այդ հարցով ու ինչ-որ տարբերակներ էր փնտրում այն հայթայթելու»,- ասում է պատկերասրահի տնօրեն Վահագն Ղուկասյանը:

1987թ.-ին ձեւավորված պատկերասրահը գտնվում է մեծահարուստ վաճառական Քեշիշովներին պատկանող առանձնատանը, որ կառուցվել է 1880թ.-ին: Թանգարանի ստեղծումից հետո, Երանուհի եւ Մարիամ Ասլամազյանները նվիրաբերել էին 620 բնօրինակ աշխատանք: Պատկերասրահի մեկամյա գործունեությունն ընդհատվել էր 88-ի երկրաշարժից հետո, որտեղ մինչեւ 2004թ.-ը ապրել են անօթեւան ընտանիքներ: «Լինսի» հիմնադրամի ծրագրով վերանորոգելուց հետո թանգարանը վերաբացվել էր, սակայն աչքի համար ոչ տեսանելի, իսկ իրականում բավական լուրջ թերություններ այդպես էլ չէին վերացվել:

2018թ.-ին Գյումրու քաղաքապետարանի կողմից նախատեսված 88 մլն 530 հազար դրամի շրջանակներում պետք է իրականացվեր պատկերասրահի պատշգամբի հիմնանորոգում, արտաքին ջրահեռացման համակարգի նորոգում, սրահների կոսմետիկ նորոգում, կոյուղատար համակարգի նորոգում, բակի բարեկարգում, ապակեպատ ցուցասրահի կառուցում, մուտքի սալահատակի վերականգնում, ջեռուցման համակարգի բարելավում, 294 կտավի համար նոր շրջանակի ձեռքբերում, կատալոգի տպագրում, հուշանվերներ եւ այլն:

Հատկապես կարեւորվել էր դրենաժի հարցը, քանի որ շենքի հիմքերը անընդհատ ողողում են ստորգետնյա ջրերը, իսկ խոնավությունն առկա է մշտապես՝ տարվա բոլոր եղանակներին: Նշվածներից ամենածախսատարը պատկերասարհի շենքի վերանորգումն էր՝ 35 մլն դրամ, 19 մլն դրամ նախատեսված էր բակի բարեկարգման եւ ապակեպատ ցուցասրահի կառուցման համար, 7 մլն դրամ՝ պատշգամբի նորոգման, 6 մլն 500 հազար դրամ էլ ջեռուցման համակարգի նորացման համար էր տրամադրվելու:

Մեկ տարի առաջ հաստատված խոշոր ծրագրի փոխարեն, անցած տարի 2 մլն դրամի շրջանակներում, պատկերասրահում կարողացան միայն առաջին հարկի ջեռուցման հարցը լուծել: «2018թ.-ի դեկտեմբերի ավագանու նիստով, իմ դիմումի համաձայն, 1 մլն 350 հազար դրամ հատկացրեցին բյուջեից, մոտավորապես 800 հազար դրամ էլ մենք մեր աշխատակիցներով ենք կարողացել հայթայթել, որ գոնե առաջին հարկն այս ձմեռ ջեռուցվի»,-փոխանցում է պատկերասրահի տնօրենը՝ հավելելով, որ Ասլամազյան քույրերին պատկանող 700-ից ավելի աշխատանքները պահպանելն ուղղակի պատվի հարց է:

Պատկերասրահը 2015թ.-ին ունեցել է 3500 այցելու, որից միայն 2000-ը թանգարանային գիշերը: 2018թ.-ին այցելուների թռիչքաձեւ աճ է գրանցվել՝ 10 հազար այցելու: Անցած երեք տարիների ընթացքում ավելացել են նաեւ պատկերասրահին արվող նվիրատվությունները: «Մեկ շաբաթ առաջ Շահեն Խաչատրյանը մեզ նվիրեց Երանուհի Ասլամազյանի Սեւանի կղզին պատկերող շատ փոքր, գեղեցիկ էտյուդը, դրանից առաջ եւս մեկ նվեր ենք ունեցել ամերիկաբնակ Էմմա Գասպարյան-Չոլախյանից՝ նվիրել է իր դիմանկարը, որ արել է Մարիամ Ասլամազյանը եւ այն հիմա ցուցադրվում է պատկերասրահում»,- նշում է զրուցակիցս:

Վահագն Ղուկասյանն ասում է, որ հույս է ունեցել, թե այս տարվա փետրվարի 11-ի ավագանու նիստում կքննարկվի պատկերասրահին համայնքային բյուջեից գումար հատկացնելու հարցը, դրա փոխարեն նախագիծ է ներկայացվել քաղաքապետարանի նկուղային հարկում Կումայրի արգելոց-թանգարանը, քաղաքային պատկերասրահն ու կենտրոնական գրադարանը միավորելու վերաբերյալ: 100 մլն դրամ արժեքով ծրագիրը ներկայացվել է կառավարությանը սուբսիդավորման համար, որտեղ համայնքի ներդրումը կազմում է 60 մլն դրամ:

«Իհարկե սա եւս կարեւոր ծրագիր է. վերջապես Կումայրի արգելոց-թանգարանի ցուցանմուշները, որ տարիներ շարունակ, երկրաշարժից հետո արկղերով պահվել են՝ կցուցադրվեն ու պատշաճ պահպանում կիրականացվի,-նկատում է Վահագն Ղուկասյանը,- մեզ խոստացել են այս տարի համայնքի բյուջեից անպայման գումարներ հատկացնել պատշգամբի նորոգման  եւ 2-րդ հարկի ջեռուցման համար, տանիքը եւս պետք է ջերմամեկուսացվի, որովհետեւ առաջին ու երկրորդ հարկերի միջեւ ներկա պահով 6-7 աստիճանի տարբերություն կա, նաեւ մոտ 20 պատուհան պետք է փոխվի, նորացվի»:

Երկրի նախագահ Արմեն Սարգսյանի Գյումրի հաճախակի այցելություններն ու Աբովյան ճեմափողոցում շրջելը հույս էր արթնացրել, որ Ասլամազյան քույրերի պատկերասրահը եւս կարժանանա ուշադրության: Սակայն, տարօրինակ կերպով, արդեն 3-րդ անգամն է, երկրի նախագահը, այցելելով ներառական սրճարան, շրջանցում է ընդամենը 2 մետր այն կողմ գտնվող հնամենի կառույցը, որտեղ տեղավորված է պատկերասրահը:

«Նախագահի այցը պատկերասրահ կնպաստեր մեր հանրահռչակմանը: Ես չեմ կարծում, որ պարոն Արմեն Սարգսյանը չգիտի, թե ինչ դերակատարում ունեն Երանուհի եւ Մարիամ Ասլամազյանները հայ գեղանկարչության պատմության մեջ՝ հատկապես Մարիամ Ասլամազյանը,- նկատում է զրուցակիցս,- հույս ունենք, որ գոնե հաջորդ այցին երկրի նախագահին կուղղորդեն: Ես պատրաստվում եմ նամակ գրել նախագահի աշխատակազմին եւ առաջարկել, որ եթե հնարավոր է, նախագահի Գյումրի կատարվող այցելությունների գրաֆիկում ներառեն նաեւ մեր պատկերասրահը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter