HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Կառավարությունը Այգավանի խմելաջրի համակարգը կառուցելու լուծումներ չունի

Օրեր առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ 2019 թ-ին համայնքներից ստացվել է շուրջ 512 սուբվենցիայի հայտ, որն աննախադեպ ցուցանիշ է։ Մեզ հետաքրքրողը Արարատի մարզի Այգավան համայնքն էր, որը խմելու ջուր չունի եւ այս անգամ էլ սուբվենցիայի հայտ չի ներկայացրել։

Համայնքի ղեկավար Վիգեն Հարությունյանը մեզ հայտնեց, որ ՏԿԶ նախարարության տարածքային կառավարման վարչության աշխատակցի հետ քննարկել են հարցը, առաջարկել է ծրագիրը հաստատել եւ համայնքապետարանին հնարավորություն տալ երկու տարում կատարել ներդրումը, որը չի ընդունվել։ Հարկադրված հրաժարվել են խմելաջրի համակարգի համար սուբվենցիայի հայտ ներկայացնելուց, բայց դիմել են այլ ծրագիր ֆինանսավորելու համար։

Փետրվարի 26-ին Այգավանի ավագանին որոշում է կայացրել գյուղի Ս․ Հովհաննիսյան փողոցի 300 մ հատվածի ասֆալտբետոնյա ծածկույթի վերականգնման համար մասնակցել սուբվենցիայի ծրագրին։ Ավագանու այս որոշումը  համայնքի բնակիչներից քանիսն են հավանության արժանացրել, չենք կարող ասել, բայց միանշանակ կարող ենք պնդել, որ նրանց համար ամենաառաջնայինը գյուղը խմելու ջրով ապահովելն է։

Արարատի մարզի ամենամեծ գյուղերից մեկը՝ Այգավանը, 25 տարուց ավելի է խմելու ջրի համակարգ չունի։

1970-ական թվականներին կառուցված ներտնտեսային ցանցը քայքայվել է, որի հետեւանքով ջրամատակարարումն անհնարին է դարձել։ Այգավանի 4500 բնակիչները ջուրը վերցնում են գյուղի վերջնամասում գտնվող միակ աղբյուրից։

Տես նաև՝ Այգավանը «Վեոլիա ջրի» բաժանորդ է դարձել գյուղի միակ ծորակին դրված հաշվիչի շնորհիվ

Ինչպես տեղեկացրել ենք մեր հրապարակման մեջ, համայնքը ջրամատակարարման համակարգ կառուցելու հնարավորություն չունի, որովհետեւ համայնքային բյուջեն բավարար չէ մեծածավալ շինարարական աշխատանքներ իրականացնելու համար, իսկ սուբվենցիայի դիմելու համար պահանջված չափով համաֆինանսավորումը չեն կարող միանգամից ներդնել։

Արարատի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Լեւոն Գրիգորյանն ասում է, որ խոշոր ծրագրերը հիմա էլ կարող են մի քանի փուլով իրականացնել։ Նա հաստատապես պնդեց, որ համայնքի ղեկավարը խմելու ջրի համակարգ կառուցելու համար հայտ չի ներկայացրել, եւ մարզպետարանում էլ են զարմացած։

Այդուհանդերձ, ՏԿԶ նախարարությունում հաստատում են, որ Այգավանի խմելու ջրի հարցը քննարկել են, բայց արդյունքների մասին լռում են։ Միայն տեղեկացրին, որ համայնքի ղեկավարից այդպիսի հայտ չեն ստացել։  

Մեկ անգամ արդեն անդրադառնալով սուբվենցիա տրամադրելու վերաբերյալ Կառավարության վերջերս ընդունած որոշմանը՝ հայտնել էինք, որ այն ոչ բոլոր համայնքներին է սուբվենցիայից օգտվելու հնարավորություն տալիս։ Բացի այդ, որոշմամբ սահմանված ընթացակարգը չափազանց երկար է. համայնքները սուբվենցիա ստանալու հայտը պետք է ներկայացնեն մարզպետարան:

Տես նաև՝ Տարածքային կառավարման նախարարությունը շարունակում է համայնքապետերին հպատակեցնելու գործընթացը

Մարզպետարանը «ուղեկցող գրությամբ» հայտը պիտի ներկայացնի ՏԿԶ նախարարություն, այստեղ հայտերը նախնական քննարկվում են եւ, եթե առարկություն չունենան՝ նախարարը ծրագիրը ֆինանսավորելու առաջարկությամբ ներկայացնում է վարչապետի որոշմամբ ստեղծված սուբվենցիայի ծրագրերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովին։

Այդ է պատճառը, որ հենց այս օրինակով դժվարանում ենք պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել՝ մարզպե՞տը համայնքի ղեկավարին թույլ չի տվել հայտը ներկայացնել, թե՞ համայնքապետը նախաձեռնություն չի ցուցաբերել։ Մի բան հաստատ է, որ մինչ օրս Այգավանի խմելաջրի ներտնտեսային համակարգ չունենալը հենց համայնքապետ-մարզպետ անհասկանալի փոխհարաբերությունների արդյունք է։

Վերջին 10 տարիներին Կառավարության հրատապ ծրագրով մարզերից յուրաքանչյուրին տարեկան 1 մլրդ դրամից ավելի գումար է հատկացվել՝ համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող հարցերին լուծում տալու համար, բազմաթիվ վարկային ծրագրեր են իրականացվել, բայց, ինչպես տեսնում ենք, Այգավանի խմելաջրի համակարգը մարզպետներից ոչ մեկի համար առաջնահերթ չի համարվել։

Այգավանի խմելաջրի հարցը մեկ ամիս առաջ քննարկվեց նաեւ «Երկիր մեդիա» հեռուստատեսությունում՝ «Վեոլիա ջուր» ընկերության եւ Ջրային կոմիտեի ներկայացուցչի մասնակցությամբ։ «Վեոլիա ջրի» աշխատակիցները հայտարարեցին, որ ընկերությունը ենթակառուցվածքներ ստեղծելու պարտավորություն չունի։ «Վեոլիա ջուրը» գործունեության 15 տարիների ընթացքում պարտավորվել է 2,5 մլրդ դրամի ներդրում կատարել իր սպասարկման տարածքում գտնվող համայնքներում։ Այգավանը չի կարող ընդգրկվել այդ համայնքների ցանկում, քանի որ «Վեոլիա ջրի» սպասարկման տարածքում չէ։ Եթե համայնքը ցանկանում է, որ «Վեոլիա ջուրը» սպասարկի իրեն՝ պետք է ջրամատակարարման համակարգ կառուցի։

«Համայնքի ջրամատակարարման եւ ջրահեռացման խնդիրները պետք է լուծվեն համայնքի հաշվին, պետության հաշվին, իսկ եթե այդ ձեւով էլ հարցը չի լուծվում, ուրեմն՝ միջազգային կազմակերպություններին պետք է դիմել»,- խորհուրդ տվեց ընկերության տնօրեններից Արտակ Մալխասյանը։

Ջրային կոմիտեի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վարչության պետ Արմեն Սերգոյանը հաղորդման ժամանակ հայտնեց, որ կոմիտեում Այգավանի խմելաջրի հարցին տեղյակ են դեռեւս 2003 թ․-ից։  Այդ տարիներից Կառավարությունը ներդրումներ է կատարել բազմաթիվ համայնքներում՝ ենթակառուցվածքներ ստեղծելու ուղղությամբ, այն ժամանակ Այգավանը պետք է ընդգրկվեր ծրագրերում, հիմա իրենք ոչինչ չեն կարող անել։

Այդուհանդերձ, խնդիրը մնում է՝ բնակիչների ջուր ունենալու իրավունքը խախտված է, եւ բնակիչներին մաքուր ջրով ապահովելը Կառավարության պարտավորությունն է։ Թե հարցը լուծելու ինչ տարբերակ կընտրի՝ իր խնդիրն է։

Մեկնաբանություններ (1)

Ավագ
https://www.youtube.com/watch?v=9pm9NGYDiVw

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter