HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանի ավագանին միաձայն որոշմամբ 38 հա հող է հատկացրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին

Երեկ Կապանի ավագանին միաձայն որոշել է Կապան համայնքի կազմում գտնվող Արծվանիկ գյուղի Նոր ջուր թաղամասի արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների մոտ 38 հա հողերը, որոնք համայնքային սեփականություն են, առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով տրամադրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին:

Նշենք, որ Նոր ջուր թաղամասը հենց Արծվանիկի պոչամբարի տարածքն է: Ինչպես հայտնի է, ԶՊՄԿ-ն այստեղ է լցնում իր արտադրական պոչանքները: Տրամադրվող հողերի դիմաց նախատեսվում է տարեկան ավելի քան 7 միլիոն դրամի մուտք ապահովել համայնքային բյուջե:

ԶՊՄԿ-ին եւ պոչամբարին վերաբերող այս որոշումն ընդունվեց առանց կապանցի ակտիվիստների դիմադրության: Հիշեցնենք, որ անցյալ տարի վերջիններս մի քանի անգամ բողոքի ակցիա էին իրականացրել ավագանու այն նիստերի ժամանակ, որոնց օրակարգում ընդգրկված էին ԶՊՄԿ-ին հողեր հատկացնելու հարցեր:

Հայտնել ենք, որ 2015-ին կառավարությունը որոշել է գերակա հանրային շահի անվան տակ վերցնել Արծվանիկ, Սևաքար, Աճանան, Չափնի և Սյունիք գյուղերի 492 հա հողերը (պետական, համայնքային և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող): Գործադիրը նշված գյուղերի ղեկավարներին առաջարկել է հողերը վերցնելուց հետո փոխել դրանց նպատակային նշանակությունը՝ դարձնելով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր, ապա առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով տալ ԶՊՄԿ-ին: Այդ հողերը նախատեսված է օգտագործել Արծվանիկի պոչամբարի ընդլայնման համար: Քանի որ 2017-ին Կապանի տարածաշրջանի գյուղերը խոշորացվել ու միացել են քաղաքին, այժմ Կապանի համայնքապետարանն է կառավարության որոշման իրագործման պատասխանատուն: Ակտիվիստների միջամտության պատճառով, մինչ օրս Կապանի ավագանին այս 492 հա հողերի վերաբերյալ որոշում չի ընդունել:  

Նախկինում կրկին ակտիվիստների միջամտությամբ չի ստացվել քննարկել Արծվանիկի Նոր ջուր թաղամասի 51 հա հողերն առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով ԶՊՄԿ-ին տրամադրելու հարցը: Խոսքը թաղամասի 2, 3 եւ 4 հասցեների մասին է, որոնց նպատակային նշանակությունն արդեն փոխված ու դարձված է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշնակության օբյեկտների հողեր: Թաղամասից 38 հա ԶՊՄԿ-ին տալու մասին երեկ ընդունված որոշումը վերաբերում է 5, 6, 7, 8, 9 եւ 10 հասցեներին:   

Լուսանկարում՝ Արծվանիկի պոչամբարը (հեղ.՝ Սարո Բաղդասարյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter