HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանը կալանավորվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Նելլի Բաղդասարյանի, այսօր քննել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունն ու բավարարել այն: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Հեբոյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը:

Այսպիսով, Գագիկ Հեբոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց է ընտրվել երկու ամիս ժամկետով:

Հիշեցնենք, որ Հեբոյանը մարտի 27-ին ձերբակալվել էր: Գլխավոր դատախազը նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդություններ էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին, որոնք բավարարվել էին:

Դրանից հետո դատավորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասին 2-րդ և 3-րդ կետերով՝ դատավորի կողմից առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալը. և ՀՔԾ քննիչը Գրիգորյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան:

Նշենք, որ այս պահին դատավոր Գագիկ Հեբոյանի լիազորությունները ԲԴԽ-ի որոշմամբ կասեցված են մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը:

Նրան վերագրվող կաշառքի չափը 2500 ԱՄՆ դոլար է: Ըստ ԱԱԾ-ի կողմից տարածված հաղորդագրության՝ կաշառքի գումարը կաշառք տվողի կողմից հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել է դատավորին, որից անմիջապես հետո այն հայտնաբերվել է վերջինիս մոտ:

Դատավորը մեղադրյալի կարգավիճակով ցուցմունք է տվել և նշել, որ իր մոտ եղել է 2400 ԱՄՆ դոլար գումար: Նա հայտնել է, որ փաստաբան Վահագն Դանիելյանն իրեն 3000 ԱՄՆ դոլար գումար է պարտք եղել, և որ իր մոտ հայտնաբերված գումարը եղել է Դանիելյանի վերադարձրած պարտքի մի մասը: 

 

Լուսանկարում՝ ձախից պաշտպան Կրոմվել Գրիգորյանը, աջից՝ Գագիկ Հեբոյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter