HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի բրուցելոզի պատմություն. ընդամենը մեկը հազարներից

Երեք վարակված կովն արդեն ամենաբարբարոս կերպով իջեցվել էին «ՈւԱԶ»-ից և պատի տակ կանգնած՝ աղոտ աչքերով այսուայնկողմ էին նայում: Արդեն մթնել էր, երբ օշականցի ֆերմեր Յուրիկ Այդոյանի որդին բերեց կովերի ու ոչխարների հոտը:

Մի ցուլիկ անցնելիս փորձեց թռնել հիվանդ կովի վրա, մեկ այլ ցուլիկ լպստեց նրան: Մյուս երկու վարակված կովերը խառնվեցին հոտի հետ ու խոնարհ քայլեցին դեպի իրենց նոր գոմը: Հողը, որի վրա քայլում էր հոտը, առատորեն թրջված էր հիվանդ կովերի թրիքով և մեզով:

Նոր կովերին որսացին և կապեցին «առանձին»: Գոմը մուտքից կիսվում է երկու մասի: Մի մասում տեղավորեցին իրենց կովերին, մյուս մասում՝ երեք նոր ձեռքբերվածներին ու 120 ոչխարներին: Գոմի այս մասի մի հատվածը ցանցապատվաց էր. այնտեղ պահվում էին մայր ոչխարներն իրենց գառնուկներով: Ֆերմերի կարծիքով՝ ցանցը ոչխարներին հուսալիորեն պաշտպանում էր վարակված կովերից:

-Գիտե՞ս, որ այս կովերը վարակված են բրուցելոզով, - հարցնում եմ Յուրիկին:

-Դե հա, ինչ-որ տենց բան լսել եմ:

-Երբ գնում էիր, գիտեի՞ր:

Եզդի ֆերմեր Յուրիկը ուշադիր նայում է դեմքիս՝ փորձելով հասկանալ, թե ուր են տանում հարցերը: Նա նկատելիորեն նյարդայնանում է: Դա հասկանալի է. մենք իր «ՈւԱԶ»-ի ետևից 20 կմ/ժ արագությամբ գալիս էինք ողջ ճանապարհը՝ Ուշիից սկսած: Հիմա էլ խանգարում ենք իրեն աշխատել՝ տարօրինակ հարցեր տալով: Այնուամենայնիվ, իր ժովովրդին նման հարցերում հատուկ հնարամտությամբ նա արագ կողմնորոշվում է.

-Իհարկե, գիտեի: Ես էս կովերին առել եմ, որ մորթեմ, միսը ծախեմ հատուկ ղասաբներին, իրանք էլ կհանձնեն կալբասի ցեխեր: Ուղղակի կովերը նիհար են, մի ամիս պտի բթման տակ դնեմ, նոր մորթեմ:

Հայաստանի օրենսդրությունը չի արգելում բրուցելոզով վարակված մսի վաճառքը: Թույլ է տալիս նաև սկզբում բթել հարկադիր սպանդի դատապարտված կովերին: Բայց… վարակված կովերը պիտի պահվեն կատարյալ մեկուսացման մեջ: Իսկ Յուրիկը նրանց բերել էր բաց «ՈւԱԶ»-ով, որից ամբողջ ճանապարհին, որով վաղն անցնելու են այլ կովեր, թափվում էր հիվանդ կովերի մեզն ու թրիքը:

3-4 օրվա ընթացքում օշականցի ֆերմերը ձեռք էր բերել 13 կով: Պատրաստվում էր գնել ևս երեքին: 7-ին ուղարկել էր Արմավիր /«հատուկ տեղ», որի հասցեն հրաժարվեց տալ/: Մնացած 6-ին բերել էր Օշական, ընդ որում,  3-ին տարել էր իր տանը կից գտնվող ֆերման, այս  3-ին էլ բերեց մեծ ֆերմա ու խառնեց հոտին: Մեր տեսած երեք կովերից երկուսը հաստատ հյուծված չէին  ու բթման կարիք չունեին: Ընդ որում, Յուրիկը մի կովի համար, իր իսկ խոսքերով, վճարել էր մոտ 220 000 դրամ: Իհարկե, ոչ նրա համար, որ ևս մեկ ամիս ծախս աներ նրանց վրա, հետո էլ մորթեր:

Յուրիկը ոչ մի կերպ չէր հասկանում, թե ինչու եմ ես այսքան աղմուկ բարձրացնում «հասարակ բրուցելոզի» շուրջ:

-Բրուցելոզը վարակիչ հիվանդություն չի, - անկեղծ վստահությամբ ասում է ֆերմերը:

-Բա ինչպե՞ս ստացվեց, որ 13 կով հիվանդացան, - «զարմանում եմ» ես:

-Հայտնի չի, - թոթվում է ուսերը, - տենց հիվանդություն ա, եսիմ որտեղից գալիս, կպնում ա կովերին:

-Ես ինքս հիվանդացել եմ բրուցելոզով, - հանգստացնում է Յուրիկը: - Ընդամենը մի տաս տարի քաշ էկա հիվանդանոցներով, հետո անցավ:

Դեռ չէի հասցրել ուշքի գալ այս հայտարարությունից, երբ Յուրիկը հուսադրեց ևս մեկով.

-Քուր ջան, կյանքդ մի բարդացրու: Հայաստանի կեսը լցրած ա բրուցելոզով կովերով, մի հատ ավել, մի հատ պակաս…

Յուրիկը վարակված կովերին ձեռք էր բերել Ուշիից, ֆերմայից, որը մենք վաղուց կոչում ենք Բուլգակովի «№ 50 բնակարան»: «Մութ բնակարանը» պատկանում է Նվեր Ալեքսանյանին: Հսկայական գոմը բնակեցված է կովերով, ցուլերով, ձիով, ճագարներով, որոնք երբեք երկար չեն մնում այնտեղ, այլ արագ սատկում են, շներով և ֆերմայի աշխատողներով: Թրիքը թափվում է հենց գոմի դիմաց: Գոմում գարշահոտություն է: Ամռանը թրիքի հոտը, որն արդեն փռվում է Նվերի տարածքից դուրս, հարևան տների գրեթե աստիճաններին, դառնում է անտանելի: Բնակիչների բողոքներին ի պատասխան՝ Նվերը քմծիծաղ է տալիս. «Ցանկացած ֆերմայի շուրջ պիտի լինեն դաշտեր, այլ ոչ տներ: Գնացեք, ուրիշ տեղ ձեր համար տուն սարքեք»:

Նվերի գոմում աշխատում ու այնտեղ էլ ապրում է երկու ընտանիք՝ ընդհանուր առմամբ ութ երեխայով: Երեխաներից հինգը դպրոցական հասակի են, սակայն նրանցից ոչ ոք դպրոց չի հաճախում: Ամբողջ օրը երեխաները «քուջուջ են անում» թրիքի մեջ, ընկնում են այդ կիսահեղուկ զանգվածի մեջ, ոտքի կանգնում, թափ տալիս իրենց ու նորից ընկնում՝ ամենակարևորը, չդադարելով երջանիկ ժպտալ: Երբ ընտանիքների պարտքը գյուղի խանութներում հասնում է աստղաբաշխական թվերի, և վաճառողները հրաժարվում են այլևս պարտքով սնունդ տալ, ընտանիքները չեն խորշում նաև մորթած անասունի /այդ թվում և վարակվածի/ աղիքներից ու փորոտիքից: Ու ոչինչ, ցուլի նման առողջ են: Ինչը չի կարելի ասել ցուլերի ու կովերի մասին: Անցյալ տարի հենց Նվերի մոտ հայտնվեց ու ողջ գյուղով տարածվեց պաստերելյոզը, նախանցյալ տարի ամռանը խորհրդավոր հիվանդությունից ընկան գրեթե բոլոր հորթերը:

Բրուցելյոզի պատմությունը ֆերմայում սկսեց դեռ անցյալ տարվա նոյեմբերին: Գոմում մեկը մյուսի ետևից սկսեցին վիժել կովերը: Դեկտեմբերի կեսին բոլորս արդեն գիտեինք, որ ֆերմայում բրուցելյոզ կա: Եվ տագնապ բարձրացրեցինք. և գյուղապետարանում, և սանիտարահամաճարակային կայանում: Ֆերման գտնվում է մեր ախոռի անմիջական հարևանությամբ, որտեղ ձիերից բացի, ապրում են հորթեր ու այծեր, որոնք շատ արագ են վերցնում վարակը ու նույնքան արագ էլ տարածում են այն: Կայանում մեզ ուղարկեցին գյուղապետարան: Գյուղապետարանում խոստացան միջոցներ ձեռնարկել: Միջոցներ սկսեցին ձեռնարկել միայն հունվարի կեսերից: Պարզվեց, որ մարզի գլխավոր անասնաբույժ Ռուբիկ Իգիթյանը միայն վերջերս է իմացել բրուցելյոզի մասին, որովհետև իրեն զգուշացնելու փոխարեն՝ Նվերն ինքնուրույն վերցրել է արյունն ու տարել Երևան, լաբորատորիա: Այնտեղից էլ դրական պատասխան է ստացվել և նկատողություն է եկել Իգիթյանին:

Գյուղապետի, Ռ. Իգիթյանի ու Ն. Ալեքսանյանի մասնակցությամբ «ժողովին» Նվերին կարգադրեցին հիվանդ կովերին ուղարկել հարկադիր սպանդի, առանձնացնել և վերահսկողության տակ վերցնել առողջներին ու գոմն ախտահանել մեխանիկական ճանապարհով:

Նվերը չէր համաձայնվում ոչնչի հետ՝ անընդհատ պնդելով, թե պետությունը պարտավոր է փոխհատուցի իր կրած վնասները: Կտրականապես հրաժարվեց որևէ մեկին գոմ թողնել՝ հաշվելու ու ստուգելու կովերին: Ֆերման Նվեր Ալեքսանյանի սուրբ սրբոցն է: Աշխատողներին արգելված է որևէ մեկին ներս թողնել այնտեղ. չնայած ոչ ոք առանձնապես չի էլ ձգտում մտնել տարածք, որտեղի գարշահոտից կարելի է ուշաթափ լինել:

-Քանի՞ կով ունես ընդհանուր, - հարցնում է Ռ. Իգիթյանը: Իգիթյանը հրաշալի անասնաբույժ է: Շատ մեղմ մարդ: Նա փոքր-ինչ անօգնական հայացքով նայում է հավաքվածներին՝ կարծես հարցնելով խորհուրդ, թե ինչպես հասկացնել մի մարդու, ով ոչինչ չի ուզում հասկանալ, նույնիսկ այն, որ որքան շատ կով վարակվի, այնքան շատ վնաս նա կկրի:

- 53-ն էին, - պատասխանում է Նվերը: - 7-ի մոտ բրուցելոզ հայտնաբերեցին, տարա ուրիշ տեղ, ֆերմայից հեռու, որ արյունը չմնա էնտեղ ու մորթեցի: Մնաց 43: Իրանցից արյուն վերցրեցի, տարա լաբորատորիա, հիմա սպասում եմ անալիզների պատասխանին:

Անասնաբույժը կարգադրեց կազմել յոթ կովի հարկադիր մորթի ակտ: Ոչ ոք ուշադրություն չդարձրեց այն հանգամանքին, որ խոսակցության սկզբում որպես «ուրիշ տեղ» Նվերը նշեց Օշականը, իսկ վերջում՝ արդեն Արմավիրը: Ոչ ոք ուշադրություն չդարձրեց այն բանին, որ 53-ից 7 հանելիս ոչ մի կերպ չի ստացվում 43: Ոչ ոք ուշադրություն չդարձրեց այն փաստին, որ մարդը, ով այնքան է անհանգստանում անվտանգությամբ, որ հիվանդ կովերին մորթել է ֆերմայից հեռու, հենց նոր տարուց առաջ երկու հիվանդ կով է մորթել իր տարածքում ու վաճառել, իսկ փորոտիկը շպրտել է ճանապարհին՝ վիժած հորթերի կողքին և մինչև հունվարի կեսը «Աշտարակ կաթ» ընկերությանն էր հանձնում վարակված կաթը:

Սակայն երբ ես միջամտեցի խոսակցութանն, ասելով, որ մեր «անկախ հետաքննության» արդյունքում պարզել ենք, որ Նվերը կովերին ոչ թե մորթել, այլ վաճառել է, ֆերմերը սկսեց բղավել, թե այո, վաճառել է, բայց դա միայն իր գործն է ու ինքը բոլորին «քաշ է տալու» դատարան ու դուռը շխկացնելով՝ փախավ:

Գյուղապետի դեմքն ընդունեց նույն անօգնական արտահայտությունն, ինչ որ անասնաբույժինը: Ուշիի գյուղապետ Հ. Աթոյանը նույնպես շատ լավ մարդ է: Նրա անսահման բարության և միշտ օգնության հասնելու պատրաստակամության մասին ողջ գյուղն է պատմում: Բայց, փաստորեն, իրեն էլ չի բավականացնում կոշտություն Նվեր Ալեքսանյանի նման պնդաճակատի հետ:

-Ինչ ուզում ես արա, - անհուսորեն թափահարեց նա ձեռքը: - Ես իրա հետ ուղղակի չեմ կարող: 

Նվերը շարունակեց արագ տեմպերով վաճառել վարակված կովերին, քանի դեռ ես «էլի մարդ չեմ բերել»: Սանիտարահամաճարակային կայանի գործը բրուցելոզ հայտնաբերելն ու այդ մասին գյուղատնտեսության նախարարությանը զեկուցելն էր, դրանից հետո բրուցելոզով պիտի զբաղվեր Սննդամթերքի անվտանգության վերահսկողության Արագածոտնի մարզային կենտրոնը: Կենտրոնի գլխավոր մասնագետ Գևուշ Նազարյանը Ռուբիկ Իգիթյանի հետ միասին այցելեցին Նվեր Ալեքսանյանի ֆերման այն ժամանակ, երբ օշականցի ֆերմեր Յուրիկ Այդոյանը բարձում էր հերթական երեք կովին:

-Գիտե՞ս, որ այս կովերը վարակված են բրուցելոզով, - հարցրեցին նրանք ֆերմերին:

-Գիտեմ: Տանում եմ հատուկ տեղ, որ մորթեմ, - պատասխանեց Յուրիկը, ով արդեն մի քանի տարի է Նվերից գնում և վերավաճառում էր կովեր:

Ինչպես Նվերի դեպքում, Իգիթյանը որոշեց հավատալ Յուրիկին, և նրա հետ ոչ ոք չգնաց ստուգելու: Բացի մեզանից:

Երբ ավելի ուշ ասացի նրանց, որ կովերը ողջ առողջ ապրում են հոտի մեջ, երկուսն էլ շատ զարմացան: Եվ ինչպես Նվերի դեպքում, չկարողացան հասկանալ, թե ինչու է ֆերմերը գործում ի վնաս իրեն՝ վարակելով սեփական հոտը: Գևուշ Նազարյանն, այնուամենայնիվ, հերթական անգամ հավաստիացրեց, թե ամեն ինչ գտնվում է վերահսկողության տակ, որ իրենք անպայման կհետևեն, որ հիվանդ կովերն առանձնացվեն ու անվտանգ կերպով մորթվեն, գոմն էլ ախտահանվի: Խոստացավ, որ մեկ ամիս անց կայցելի Օշականի ֆերման ու կստուգի՝ արդյոք կովերը մորթվում են բթելուց հետո:

-Բայց նրանք արդեն խառնվել են հոտին: Ու, առհասարակ, ինչպե՞ս եք իմանալու՝ տվյալ կովը բրուցելոզով կովն է, թե ոչ:

-Դա թող ինձ: Ես բավական է նայեմ կովի ետևին ու կասեմ՝ բրուցելոզ ունի, թե ոչ, - պատասխանեց պարոն Նազարյանը:

Հետաքրքիր է, եթե կա նման արագ և պարզ ստուգման եղանակ, ինչու՞ են այդքան փող ծախսում ու բոլոր կովերից անհատական արյան անալիզ վերցնում:

Փետրվարի սկզբին իրավիճակն անփոփոխ է: Նվերի նոր թվաբանությունը գերազանցեց նախորդին: Այժմ ֆերմայում կար ընդամենը 51 կով, 16-ը վարակված էին և մորթվեցին, ու դարձյալ մնաց 43 կով: Որոնց արյունը նորից տարան լաբորատորիա:

Պարոն Նազարյանն ասաց, որ ամբողջ գործընթացն իրականացնելու համար ժամանակ է պետք: Մենք սպասեցինք երկու շաբաթ: Երկու շաբաթվա ընթացքում ոչ ոք չհայտնվեց գոմում: Նվերը շարունակում է վաճառել ու մորթել կովերին: Մորթում է մեր ախոռին կից իր տարածքում՝ արյունը շուրջը ցպնելով: Երկու շաբաթ է, ինչ մեր շները դուրս չեն գալիս վոլիերներից: Վախենում ենք: Շուրջը մորթած անասունի փորոտիքն է: Նույնիսկ ձիերն ախոռից դուրս են բերվում զգուշությամբ: Միայն «Աշտարակ կաթը» դադարեց կաթ վերցնել Նվերից:

Գևուշ Նազարյանի հետ վերջին խոսակցությունս կայացավ փետրվարի երեքին: Ասաց, որ հիվանդ էր և չի զբաղվել բրուցելոզով /միթե՞ կենտրոնում էլ ուրիշ զբաղվող չկար/: Նվերի՝ կովերին մորթելու վերաբերյալ ասաց, որ բրուցելաները մահանում են 80 աստիճան ջերմաստիճանում, ու այդ միսը կարելի է ուտել: Ոչ ոք չի վիճում այս փաստի հետ: Բայց, պարոն Նազարյան, երբ, օրինակ, ձեր կինը տոլմա է պատրաստում, աղի քանակը ե՞րբ է փորձում՝ եփելուց հետո, թե հում ժամանակ: Իսկ կաթը Նվերին հրամայել են չվաճառել, այլ պանիր սարքել դրանից: Մասնագետ չեմ, բայց երեք պանիր սարքողներին հարցրեցի, երեքն էլ ասացին, որ պանիրը ստացվում է գոլ, այլ ոչ եռացրած կաթից: Ինչ վերաբերում է ախտահանմանը, Նվերին կարգադրեցին պարզապես քլոր շաղ տալ գոմի միջանցքում: Որովհետև մեր երկրում չկա մեխանիկական սարք հսկայական գոմն ախտահանելու համար, ինչպես նաև չկան հատուկ սպանդանոցներ, այնպես որ «բա իր տարածքում պիտի մորթի, բա որտե՞ղ մորթի»:

Վերջում պարոն Նազարյանը խորհուրդ տվեց հանգիստ թողնել «էտ խեղճ տղուն, որի հետ դու երևի ինչ-որ անձնական թշնամանք ունես ու ուզում ես վատություն անես: Թե չէ ամբողջ Հայաստանն էտ վիճակում է, ինչի՞ ես հենց էտ խեղճ տղուն կպել: Գրի ինչ ուզում ես, բայց նայի, հետո պատասխան ես տալու, որ էտ խեղճ տղուն շանտաժի ես ենթարկում:»

Նվեր Ալեքսանյանի ֆերման երբեք չի ստուգվում, չի մաքրվում ու չի ախտահանվում: Այնտեղ մահանում են նորածին հորթուկները ու շան քոթոթները, ճագարներն ու հավերը: Այնտեղ անասունի հետ մեկտեղ սարսափելի հակահիգիենիկ պայմաններում ապրում են ֆերմայի աշխատողներն իրենց երեխաների հետ:

Այնտեղ դաժան պայմաններում պահվում է քուրդ եզդի հովիվներից փախած կամ գողացված հայկական գամփռը, որն ամենուր, բացի թերևս իր հայրենիքից, համարվում է Հայաստանի ազգային հարստություն:

Սակայն ֆերմայի տիրոջը կարգի հրավիրել անհասկանալի պատճառներով չի կարող ոչ ոք՝ ոչ գյուղապետարանը, ոչ սանիտարահամաճարակային կայանը, ոչ իրավապահ մարմինները… Նվեր Ալեքսանյանի ֆերման մեկն է հազարավոր «անվերահսկելի» ֆերմաներից Հայաստանում: Հենց այս փաստն են անընդհատ մեջբերում մարդիկ, ովքեր պիտի զբաղվեն ֆերմայում բռնկված բրուցելոզի համաճարակով և ովքեր, սակայն, անկեղծորեն զարմանում են, թե ինչու եմ այսքան աղմուկ սարքում ոչնչից, իրականում արտառոց ոչինչ չի պատահել: Բայց եթե մենք աղմուկ բարձրացնենք նման յուրաքանչյուր դեպքի շուրջ, միգուցե դրանք դադարե՞ն լինել մեր դաժան, բայց սովորական իրականությունը

Մեկնաբանություններ (4)

Доктор Нестеров
Бруцеллёз прекрасно лечится и полностью излечим с помощью частотно-резонансной терапии: https://youtu.be/wPFa-QPHhEE Вопросы по телефону +380506033000 Telegram, Viber, WhatsApp
harout
hajis garta yev garoyin al garta shad garevor e imanal
Hasmik
ahavorn en e, vor et Nvern ira hamar hangist sharunakum e henc mer taracqi dimac kov mortel u aryuny shax tal, katn el amen or tanum e handznelu. u bolorin tqac...
Nelly
Ahavor e......

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter