HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Արագածավանի համայնքապետը մանկապարտեզը վարձակալության է տվել ընկերոջը, նա էլ` ուղղադավան եկեղեցուն

Արագածավան գյուղը Խորհրդային Միությունից երեք մանկապարտեզ է ժառանգել: Նախկին հանքարդյունաբերական ավանը հագեցած է եղել շինություններով, որոնք ետխորհրդային շրջանում համայնքապետարանին փոխանցվելուց հետո երկար տարիներ անգործության են մատնվել: Բացառություն է թիվ 1 մանկապարտեզ-նախակրթարանը, որը գործել է մինչեւ 2003 թ.-ն: Դրանից հետո դադարեցվել է նաեւ այս մանկապարտեզի գործունեությունը՝ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանելու պատճառով: Վերանորոգման աշխատանքներից հետո՝ 2010 թ.-ից, նախակրթարանը սկսել է գործել։

Բնականաբար, այս տարիների ընթացքում մանկապարտեզի մյուս երկու շենքերը ֆիզիկական մաշվածության են ենթարկվել, եւ ընթացքը շարունակվում է: Թիվ 2 մանկապարտեզը պարբերաբար ընտրատեղամաս է ծառայում, իսկ թիվ 3 մանկապարտեզը 2011 թ. հունվարից համայնքի ավագանու որոշումով, 25 տարի ժամանակով, վարձակալության է տրվել Արագածավանի բնակիչ Արամ Սերգոյանին: Շինությունը, որն ունի 916.69 քմ մակերես եւ 0.43 հա տարածք, նրան վարձակալության է տրվել տարեկան 61 131 դրամով։

Համայնքապետի մտերիմ Ա. Սերգոյանը գործարար է եւ բնակվում է Ռուսաստանում։ Համայնքապետը չցանկացավ հայտնել, թե մանկապարտեզի շենքում ինչ գործունեություն պետք է իրականացներ Ռուսաստանում բնակվող իրենց հայրենակիցը: Փաստն այն է, որ վարձակալության 8 տարիների ընթացքում այս մանկապարտեզի դուռը փակ է եղել:

Արագածավան համայնքի ավագանին 2018 թ. հոկտեմբերի 9-ի որոշումով Արամ Սերգոյանին թույլատրել է վարձակալած թիվ 3 մանկապարտեզի շենքը ենթավարձակալության հանձնել «Ուղղադավան ավետարանական եկեղեցուն»: Ներկայումս այդ շինության մի հատվածում, եկեղեցու հովանու ներքո, գործում է «Մանչուկ» քոլեջ-խմբակը, ուր հաճախում է 2,5-4 տարեկան 53 երեխա: Նրանք այստեղ են տեղափոխվել անցյալ տարվա սեպտեմբերից եւ շինության մի հատվածում երեք սենյակ են զբաղեցնում:

Քոլեջի տնօրեն Աննա Սարգսյանն ասում է, որ 2 խումբ ունեն, որից մեկում ներառական կրթություն են իրականացնում` հատուկ կարիք ունեցող երեխաների համար: Աննան շեշտում է, որ իրենք զուտ ուսումնադաստիարակչական ծրագիր են իրականացնում՝ լեզուների ուսուցում (ռուսերեն, անգլերեն), նկարչություն եւ այլն։ Երեխաներին օրական երկու անգամ կերակրում են, բայց այստեղ չեն քնում, ննջարաններ չունեն:

Աննայի ասելով՝ մանկապարտեզահասակ եւս 50 երեխա է հերթագրված իրենց մոտ, սակայն նրանց չեն կարող ընդունել, որովհետեւ համապատասխան չափով տարածք չունեն։ Քոլեջի ծախսերը հոգում են ծնողների նվիրատվություններով եւ եկեղեցու եկամուտներով։ Համայնքապետարանը հոսանքի գումարն է վճարում, օգնել է բակը բարեկարգելու եւ կահավորելու գործում։

«Ուղղադավան ավետարանական եկեղեցու» վերապատվելի Արմեն Միքայելյանը հայտնեց, որ շինությունն անհատույց է տրամադրվել իրենց՝ ենթավարձակալության համար չեն վճարում վարձակալին։ Եկեղեցու առաջնորդի ասելով՝ Կրթության եւ գիտության նախարարությունը թույլատրել է իրենց կրթական գործունեություն իրականացնել։ Արմեն Միքայելյանը վստահեցնում է, որ երեխաներին եկեղեցական ծիսակարգերին մասնակից չեն դարձնում, նրանց պաշտանմուքի ժամերին կարող են ներգրավել միայն ծնողների համաձայնությամբ։

Մանկապարտեզի պահանջարկը, ըստ Արմեն Միքայելյանի, շատ վաղուց է եղել: Խմբակը բացել են Արագածավանի բնակիչների խնդրանքով, եւ այն 20 տարվա պատմություն ունի: Առիթը եղել է տարիներ առաջ տեղի ունեցած մի դեպք, երբ դաշտում աշխատող մայրը, հարկադրված, մանկահասակ երեխային հետն է տարել, եւ կեսօրին ծառի տակ քնած երեխայի կողքին օձ են նկատել, բայց կարողացել են փրկել խայթելու վտանգից:

Հետաքրքիր է, որ իր պարտադիր լիազորությունը համայնքի ղեկավարը փոխանցել է համայնքի երեխաների ուսումնադաստիարակչական հարցը կամովին ստանձնած եկեղեցուն, իսկ ինքը հանդես է գալիս «բարերարի» դերում՝ հոսանքի վարձն է վճարում, մասնակցել է բակի բարեկարգմանը: Այդուհանդերձ, դարձյալ մեծ թվով երեխաներ դուրս են մնացել նախադպրոցական կրթությունից՝ շենքային բավարար պայմաններ չլինելու պատճառով: Իհարկե, դատելով համայնքի 2018-2022 թթ. հնգամյա ծրագրով պլանավորված գործողություններից՝ համայնքապետարանը կարեւորում է երկու չգործող մանկապարտեզների շենքային պայմանների բարելավումը, բայց՝ «ելնելով համայնքային բյուջեի հնարավորություններից»:

Հնգամյա ծրագրում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ 2018 թ.-ին գյուղում հաշվառված է 0-6 տարեկան 518 երեխա, սակայն, ինչպես արդեն նշեցինք, նախակրթարան (տեղացիները պեռլիտի մանկապարտեզ են անվանում) հաճախում է 200 երեխա, իսկ «Մանչուկ»-ի խմբակներում ներգրավված է 53 երեխա: «Համայնքի նախադպրոցական տարիքի 267  երեխա մանկապարտեզ չի հաճախում, ինչը խիստ բացասաբար է անդրադառնում երեխաների թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեւոր զարգացման վրա: Արդյունքում, շատ երիտասարդ ընտանիքներ, չկարողանալով լուծել երեխաների խնամքի խնդիրը, աշխատելու հնարավորություն չեն ունենում, ինչից էլ ավելի է սրվում համայնքում սոցիալական խնդիրը»,- սա մի հատված է համայնքի հնգամյա ծրագրից:  

«1970-ական թվականների կառուցված շենքերի համար անհրաժեշտ են եղել լուրջ ֆինանսական ներդրումներ, որի հնարավորությունը համայնքապետարանն այդ ժամանակ չի ունեցել»,- հայտնում է համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանը։ Իրականում, համայնքապետարանը մանկապարտեզները վերանորոգելու ռեալ հնարավորություններ ունեցել է եւ հիմա էլ ունի՝ շնորհիվ համայնքում առկա բնական ռեսուրսների։ Արագածավանը հարուստ է պեռլիտի հանածոներով, օբսիդիանի, բազալտի, կարծր տուֆի հանքաքարերով: Գյուղում երկու խոշոր գործարան է գործում՝ «Պեռլիտ»-ը եւ կիսախողովակների արտադրության գործարանը:

Համայնքի վարչական տարածքում հանքեր արդյունահանողները ներդրումներ կարող էին կատարել, օրենքն է դա պարտավորեցնում, սակայն չի արվել: Համայնքի ղեկավարին հարց էինք ուղղել՝ օգտակար հանածոյի արդյունահանում իրականացնող ընկերությունները պայմանագրերով, արդյոք, պարտավորություններ ստանձնե՞լ են համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում։ Ա. Պապիկյանը չի պատասխանել գրությանը: Մեր այցի ժամանակ նա դարձյալ աշխատավայրում չէր, եւ չհաջողվեց զրուցել այս թեմայով:

Սեփական բյուջեով հնարավոր էր առնվազն գործող միակ նախակրթարանը գազիֆիկացնել («Հետք»-ն անդրադարձել է նախակրթարանին, որտեղ ամեն ինչ իդեալական վիճակում է տնօրենի հնարամտության եւ ջանքերի շնորհիվ): Գյուղը գազիֆիկացվել է, սակայն նախակրթարանը էլեկտրական տաքացուցիչներով է ջեռուցվում, գյուղում ասֆալտապատ փողոց չկա։ Մինչդեռ, 2018 թ.-ին համայնքային բյուջեից 20 մլն դրամ որպես սոցիալական օգնություն է տրամադրվել, միաժամանակ, սեփական եկամուտները հավաքագրելու փոխարեն՝ Արագածավանի համայնքապետը մեծ թվով անձանց հարկային արտոնություններ է տրամադրել:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter