
Հովիկ Աբրահամյանի կինը նոր այգիներ է հիմնել
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կինը՝ Ջուլիետա Աբրահամյանը, Արարատի մարզի Նարեկ գյուղում նոր այգիներ է հիմնել: Մեկ կադաստրային ծածկագրի տակ գտնվող, Ջուլիետա Աբրահամյանին պատկանող 44,5 հա հողամասերից 22 հա-ն եղել է 4-րդ կարգի վարելահող: Նարեկ համայնքի ղեկավարի որոշմամբ այդ ցածրարժեք հողատեսքը փոխադրվել է բարձրարժեք հողատեսքի, քանի որ հիմնվել են այգիներ:
Ջուլիետա Աբրահամյանի հողամասում տնկվել են 18 հա խաղողի, 1 հա ընկուզենու և 3 հա թթենու նորատունկ այգիներ: Օրենքի համաձայն՝ նախկին վարչապետի կինը նշված այգիների համար, ըստ պտղի տեսակի, 4-7 տարի ժամկետով ազատվել է հողի հարկի վճարից:
Դեռևս 2014թ. գրել էինք, որ Ջուլիետա Աբրահամյանի անունով միայն Նարեկ գյուղում գրանցված է 120 հա հողատարածք, որից 100 հա-ն խաղողի այգի է, իսկ 20 հա-ն՝ խոտհարք:
Նարեկ համայնքի ղեկավար Գարուշ Հակոբյանն ասաց, որ այգիները հիմնվել են անցյալ տարի և հանձնաժողովի եզրակացության հիման վրա են հողատեսքը փոխել: Գարուշ Հակոբյանի խոսքերով՝ բացի նորաստեղծ այգին, Աբրահամյանները գյուղում այլ այգիներ ևս ունեն:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Նարեկ եւ Քաղցրաշեն գյուղերում մոտ 1000 հա հող ոռոգելու համար որոշվել էր Ազատ գետի ջուրը տեղափոխել այդ գյուղեր: Խոսվում էր, որ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագրի նպատակը Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող այգիները ջրով ապահովելն է եղել: Ծրագրի գործարկումը ձախողվեց գառնեցիների բողոքի արդյունքում:
Մեկնաբանել