HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Առաջին եռամսյակում հարկերը մոտ 25%-ով աճել են. ըստ ՊԵԿ-ի՝ ստվերն է կրճատվել

2019 թվականի Հայաստանի պետական բյուջեի հիմքում եղած ցուցանիշների համաձայն` առաջին եռամսյակում նախատեսված հարկային եկամուտների ծավալը 285.1 մլրդ դրամ է։ Սակայն, փաստացի առաջին եռամսյակում հավաքագրվել է 296.5 մլրդ դրամի եկամուտներ։ Այդպիսով, բյուջեն գերակատարվել է 11.4 մլրդ դրամով կամ 4 %-ով։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

Առաջին եռամսյակում հավաքագրված 296.5 մլրդ դրամից 226.2 մլրդ դրամը հարկային եկամուտներն են, իսկ 70.3 մլրդ դրամը՝ մաքսային։ Նշված 296.5 մլրդ դրամը չի ներառում դրոշմանիշային վճարները, որոնք առաջին եռամսյակում կազմել են 1.8 մլրդ դրամ։

2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ` հավաքագրված հարկերի ծավալն աճել է 57.4 մլրդ դրամով կամ 24.7 %-ով։ Ընդ որում՝ հարկային եկամուտներն աճել են 55.5 մլրդ դրամով կամ 32.3 %-ով, իսկ մաքսային եկամուտները՝ 2.8 մլրդ դրամով կամ 4.1 %-ով։ Հարցին՝ ինչի՞ մասին է վկայում եկամուտների նման բարձր աճը այն պարագայում, երբ երկրում տնտեսական աճը շատ ավելի ցածր մակարդակում է, ՊԵԿ նախագահը պատասխանեց.

«Տնտեսական աճն այնքան բարձր չէ, որ ապահովեր այս աճը։ Սա համատեղ աշխատանքի արդյունք է։ Ստվերի կրճատման հաշվին է գրանցվել աճը։ Սկսած նախորդ տարվանից՝ ստվերի կրճատումը համատեղ գործունեություն է։ Այս 55 մլրդ դրամը հիմնականում ստվերի հաշվին է և ավելի քիչ՝ տնտեսական աճի հաշվին։ Մենք այս տարվա ծրագրային ցուցանիշը կատարելու ենք և գերակատարելու ենք հիմնականում ստվերի հաշվին։ Բայց մենք ակնկալում ենք, որ առաջիկա տարիներին գերակա կլինի տնտեսական աճի ազդեցությունը։ Տնտեսությունը պետք է գեներացնի հարկերը»։

Ըստ Դավիթ Անանյանի՝ հարկային եկամուտների աճն ապահովվել է հիմնականում ավելացված արժեքի հարկի և եկամտահարկի գծով։

Հիշեցնենք, որ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված է հավաքագրել մոտ 1 տրլն 401.9 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։

Հարկատուներին վերադարձվել է ավելի քան 26 մլրդ դրամ

Այս տարվա առաջին եռամսյակում պետությունը հարկ վճարողներին է վերադարձրել 26.4 մլրդ դրամ, որի հիմնական մասը ավելացված արժեքի հարկի գծով է՝ մոտ 24.8 մլրդ դրամ և ոչ մեծ մասը՝ մոտ 1.6 մլրդ դրամը, եկամտային հարկի գծով, որը վերադարձվում է հիպոթեքային վարկերի ծրագրի շրջանակներում։ Նշված 26.4 մլրդ դրամը չի ներառում շահութահարկի վերադարձ։

Հարկատուների նկատմամբ պարտքը 56.5 մլրդ դրամ է

Այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ պետությունը հարկ վճարողներին պարտք է 56.5 մլրդ դրամ։ Սրանք հարկատուների գերավճարներն են, որոնք կուտակվել են տարիների ընթացքում։

Ըստ ՊԵԿ նախագահի՝ նախորդ տարվա համեմատ այս պարտքը աստիճանաբար նվազել է։ Մասնավորապես, 2018 թվականի սկզբի դրությամբ այն կազմել է 132.7 մլրդ դրամ, այս տարվա սկզբի դրությամբ՝ 69.6 մլրդ դրամ։

«Այս ցուցանիշը տարվա ընթացքում գնալով նվազելու է և զրոյանալու է»,- հայտարարեց Դավիթ Անանյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter