HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տնտեսական ակտիվությունն աճել է 6.5%-ով. հունվար-փետրվարի թվային պատկերը

Այս տարվա հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) Հայաստանում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է 6.5 %-ով։

Ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալներից, միայն փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՏԱՑ-ն աճել է 7.6 %-ով։ Հունվարի համեմատ ՏԱՑ-ի աճի տեմպերն արագացել է. հունվարին այն կազմել է 5.5 %: Չնայած դրան՝ այս տարվա հունվար-փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը զիջում է նախորդ տարվա նույն ամիսներին գրանցված աճին, որը կազմել էր 10.1 %:

Հունվար-փետրվար ժամանակաշրջանում ՏԱՑ-ի աճին նպաստել են արդյունաբերությունը, շինարարությունը, առևտրի շրջանառությունը և ծառայությունների ոլորտը։ Արդյունաբերության ոլորտում, սակայն, աճի տեմպերը շատ ավելի ցածր է, քան մյուս ոլորտներում։

Արդյունաբերությունը հունվար-փետրվարին աճել է 1.9 %-ով

Այս տարվա առաջին երկու ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը Հայաստանում ընթացիկ գներով կազմել է 262.9 մլրդ դրամ։ 2018 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ այն աճել է 1.9 %-ով։ Արդյունաբերության ոլորտում տարվա սկզբում՝ հունվարին, անկում է գրանցվել (-1.1 %), որը պայմանավորված է հանքարդյունաբերության ծավալների կրճատմամբ։ Փետրվարին գրանցվել է 4.7 % աճ։ Թե որ ճյուղերն են ապահովել արդյունաբերության աճը, առայժմ հայտնի չէ, քանի որ վիճկոմիտեն ցուցանիշներն ըստ ենթաոլորտների հրապարակելու է այս ամսվա վերջին։

Հիշեցնենք, որ 2018 թվականին Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալները, նախորդ տարվա համեմատ, աճել են 4.3 %-ով։ Աճն ապահովվել է գլխավորապես մշակող արդյունաբերության մի քանի ճյուղերի հաշվին, հիմնականում՝ սննդի ու ծխախոտի, իսկ հանքարդյունաբերության ոլորտում երկնիշ անկում է գրանցվել։

Շինարարության աճը՝ 21.6 %

Հունվար-փետրվարին շինարարության ծավալները կազմել են 25.1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 21.6 %-ով։ 2018 թվականի տարեկան տվյալներով շինարարության ոլորտում գրանցվել է 4.5 % աճ։ Այս տարվա տվյալները ցույց են տալիս, որ շինարարության ոլորտում որոշակի բարելավում կա։

Առևտրաշրջանառության աճը՝ 13.1 %

Ներքին առևտրի շրջանառությունը Հայաստանում այս տարվա առաջին երկու ամիսներին կազմել է 412 մլրդ դրամ։ Սա ներառում է ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ առևտուրը։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ առևտուրն ավելացել է 13.1 %-ով։ Միևնույն ժամանակ, նկատելի է, որ փետրվարին աճը դանդաղել է։ Այն կազմել է 8.3 % ` հունվարի 19.3 %-ի դիմաց։  

2018 թվականին առևտրաշրջանառության ծավալները աճել են 8.7 %-ով։

Ծառայությունների աճը՝ 17.5 %

Ծառայությունների ծավալը հունվար-փետրվարին կազմել է 268.4 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 17.5 %-ով։ Ծառայությունների ոլորտի տարեկան աճը նախորդ տարվա տվյալներով կազմել է 18.8 %:

Առևտուրն ու ծառայությունները Հայաստանի ՀՆԱ-ի կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռն ունեն։ 2018 թվականին այս ոլորտները ապահովել են ներքին արդյունքի կեսից ավելին և նպաստել տնտեսական աճին։

Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ապա այս ոլորտի ցուցանիշները դեռևս չեն հրապարակվել։ Ըստ Վիճկոմիտեի պարզաբանման՝ դրանք հրապարակվելու են եռամսյակային պարբերականությամբ՝ «պայմանավորված գյուղատնտեսական արտադրանքի արտադրության սեզոնայնությամբ և բնակլիմայական ոչ կայուն պայմաններից կախված ամսական արտադրության տատանողականության համահարթեցման անհրաժեշտությամբ»:

Արտաքին առևտրի անկումը շարունակվել է

Ըստ Վիճկոմիտեի թարմացրած տվյալների՝ այս տարվա հունվարին գրանցված արտաքին առևտրի անկումը շարունակվել է նաև փետրվարին։ Հունվար-փետրվարին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է  շուրջ 1 մլրդ 12 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ամիսների համամետ նվազել է 7.7%-ով։

Մասնավորապես,  արտահանումը կազմել է մոտ 338 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ նվազել է 11.6%-ով։

Իսկ ներմուծումը կազմել է 674 մլն դոլար, որը նվազել է 5.6%-ով։

Հիշեցնենք, որ ներկայիս կառավարության գործունեության հնգամյա ծրագրում ամրագրված է, որ առաջիկա հինգ տարիներին տնտեսական աճի նվազագույն ցուցանիշ է թիրախավորված առնվազն 5% աճը։



 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter