HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Աղբահանության պատրանք

Մարտի 23-ին համացանցը ողողված էր համապետական շաբաթօրյակի նկարներով, որոնց կենտրոնում համայնքային, մարզային և բարձրաստիճան պաշտոնյաներ էին: Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան էջն ամենաակտիվներից էր: Հրապարակվում էին շաբաթօրյակին վերաբերող լուսանկարներ՝ տարբեր համայնքներից: Իսկ մարզպետ Համբարձում Մաթևոսյանն անձամբ է եղել մի քանի համայնքներում և մասնակցել շաբաթօրյակին:

Տեղեկություններ ունեինք, որ համայնքապետերը ձևական մի քանի հատվածներում են մաքրման աշխատանքներ կատարել և դրանց լուսանկարներն ուղարկել մարզպետարան, իսկ «չերևացող» մասերում պատկերը նույնն է:

Շաբաթօրյակի շրջանակներում մարզպետի այցելած համայնքներից մեկն էլ Ծիածանն էր: Այս գյուղի աղբահանության վիճակին «Հետք»-ը պարբերաբար անդրադարձել է: Հատկապես Քասախ գետի մոտակայքում կուտակված աղբը հեռացվել է միայն մեր հրապարակումներից հետո: Սակայն, շաբաթօրյակի հենց հաջորդ օրը և դրանից հետո, մեր դիտարկումները ցույց տվեցին, որ մաքրվել են հիմնականում գյուղի կենտրոնական ճանապարհները: Իսկ, օրինակ՝ Ծիածան-Հովտամեջ-Դողս մարզային նշանակության ճանապարհի երկայնքով որևէ աղբահանման աշխատանք չի կատարվել: Այդ ճանապարհի աջ հատվածում Ծիածանի հողամասերն են, ձախ կողմում՝ Հովտամեջի: Իսկ դրա շարունակությունը Դողս գյուղի հողամասերն են, որտեղ իրավիճակը նույնն է:

Ճանապարհի երկայնքով նաև Ծիածանի «Դոմիկներ» թաղամասն է: Այդ հատվածում միշտ է աղբ կուտակվում: Բնակիչներից ոմանք էլ, իրենց տներից հեռացնելով, աղբը թափում են քիչ հեռու՝ դարձյալ ճանապարհամերձ հատվածում: Թե՛ Հովտամեջի, թե՛ Ծիածանի համայնքապետերը պատշաճ ուշադրություն չեն դարձնում այդ հատվածի աղբահանությանը: Բացի կենցաղային աղբից, թափվում են նաև շինարարական աղբ, ավտոմեքենայի ջարդոններ, գյուղատնտեսական աղբ:

Համայնքում աղբի առկայության մասին մեր հեռախոսազանգերին Ծիածանի համայնքապետ Վաչիկ Գրիգորյանը միշտ նույն պատասխանն է տվել՝ «տեղյակ չենք, թե ով է թափում»: Մինչդեռ համայնքային բյուջեով տարեկան մոտ 1 մլն դրամ է նախատեսված այս համայնքի աղբահանության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter