
Արմավիրի մարզի համայնքապետերի երեսը «պարզ կանի միայն ձյունը»
Իշխանափոխության 7 ամիսների ընթացքում Արմավիրի մարզը երկու մարզպետ փոխեց: Այս ընթացքում մարզում բազմաթիվ չլուծված հարցեր են մնացել, որոնցից մեկն էլ աղբահանությունն է: Մարզային իշխանությունների ուշադրությունից դուրս է մնացել համայնքների տարածքում, մարզային նշանակության ճանապարհների երկայնքով նոր գոյացող աղբավայրերի փաստը:
Մինչև իշխանափոխությունը, մարզի տարածքում կար 97 աղբավայր, որոնցից 5-ը ենթակա էր փակման: Սակայն, այս ընթացքում արհեստականորեն գոյացել են նոր աղբավայրեր և մարզպետարանի անգործության դեպքում, դրանք կարող են դառնալ մեծ աղբավայրեր: Մասնավորապես, պարբերաբար անդրադառնում ենք, որ մարզի Ծիածան համայնքի վարչական տարածքում՝ Քասախ գետի ափամերձ գոտին, վերածվում է աղբավայրի: Աղբը լցվում է նաև գետը, որով սեզոնին ոռոգվում են մարզի հողատարածքները:
Ծիածանի համայնքապետ Վաչիկ Գրիգորյանը տարածքը մաքրում է միայն մեր հրապարակումներից հետո, սակայն, որոշ ժամանակ անց պատկերը նույնն է: Համայնքապետը միշտ նույն պատասխանն է տվել՝ տեղյակ չէ, թե ովքեր են աղբ լցնում և հնարավոր չէ վերահսկողություն իրականացնել:
Նշենք, որ Ծիածանում աղբահանությունը վատ է կատարվում: Աղբ է կուտակված նաև համայնքից Դողս, Ամբերդ համայնքներ գնացող մարզային նշանակության ճանապարհահատվածի մայթերին՝ տնակների դիմաց: Այդ ավտոճանապարհի երկու կողմերում էլ՝ ամբողջ երկայնքով աղբ է լցված: Ծիածանի բնակիչներից մեկն ասաց, որ համայնքապետերի երեսը «պարզ կանի միայն ձյունը», երբ աղբը ծածկի, ու ոչինչ չերևա:
Նոր աղբավայր է գոյանում նաև Էջմիածնի Չոբանքարա թաղամասի հատվածում: Հանրապետական նշանակության ճանապարհը լցված է աղբով: Քիչ հեռվում էլ՝ Գրիբոյեդով- Էջմիածին ճանապարհահատվածի աջակողմյան մասում մեծ քանակությամբ կենցաղային ու շինարարական աղբ է կուտակված: Ընդ որում, այդ աղբը ամիսների պատմություն ունի:
Մեկնաբանել