HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԶՊՄԿ-ին հող են տվել կառուցապատման իրավունքով՝ վերադարձնելով սեփականության իրավունքը

Երեկ Կապանի համայնքապետարանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է տարածել ավագանու որոշումներից մեկի վերաբերյալ, որին «Հետքը» անդրադարձել էր օրերս: Գրել էինք, որ Կապանի ավագանին համայնքի մաս կազմող Արծվանիկ գյուղի Նոր ջուր թաղամասի արդյունաբերական, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության օբյեկտների մոտ 38 հա հողերն առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով տրամադրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Նոր ջուր թաղամասը հենց Արծվանիկի պոչամբարի տարածքն է, որտեղ ԶՊՄԿ-ն իր արտադրական պոչանքներն է լցնում:

Համայնքապետարանի պարզաբանման մեջ որպես հիմնավորում բերվում է կառավարության 2009 թվականի 389-Ն որոշումը: Գործադիրն այդ որոշմամբ հաստատել է Արծվանիկ գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման, միաժամանակ փոխել 102 հա հողերի նպատակային նշանակությունը՝ դրանք դարձնելով արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր: Ընդ որում՝ այդ 102 հեկտարից 34,4-ը նախկին Արծվանիկ համայնքի սեփականությունն էր եւ ունեցել է գյուղատնտեսական նշանակություն (վարելահող, արոտավայր, այլ հողեր): 29,2 հեկտարը եղել է պետական սեփականություն հանդիսացող անտառային հող (թփուտ), եւս 38,4 հա-ն եղել է իրավաբանական անձի սեփականություն ու ունեցել է գյուղատնտեսական նշանակություն (վարելահող):

Համայնքապետարանի պարզաբանման մեջ ասվում է, թե կառավարության որոշումով այդ 102 հեկտարը առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով պետք է տրամադրվեր ԶՊՄԿ-ին: Իրականում, սակայն գործադիրի որոշման մեջ նման բան չկա, դրանում միայն ասվում է, որ 102 հեկտարը փոխադրվում է արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ պոչամբարի ընդարձակման համար: Այս տարբերությունն էական է, քանի որ կառավարության որոշման մեջ հստակեցված չէ, թե կոնկրետ ինչ (սեփականության, կառուցապատման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության) իրավունքով էին հողերը տրամադրվելու ԶՊՄԿ-ին:

Կապանի համայնքապետի խորհրդական Արմեն Սարգսյանը «Հետքի» հետ զրույցում ասում է, որ ավագանու որոշման մեջ նշված 38 հա հողերը տրվել էին ԶՊՄԿ-ին որպես սեփականություն, ինչը, սակայն, հակասել է Հողային օրենսգրքին: Բանն այն է, որ ՀՕ 60-րդ հոդվածի համաձայն՝ արգելվում է քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող մի շարք հողամասեր, այդ թվում՝ այն հողերը, որոնք ենթարկված են ռադիոակտիվ եւ քիմիական աղտոտման, կենսածին վարակման: Ա. Սարգսյանի ասելով՝ 38 հա-ն հենց այդպիսի հողեր են: Հարցին, թե այդ դեպքում երբ են հողերը որպես սեփականություն փոխանցվել կոմբինատին, Սարգսյանը հիշեցնում է, որ 2009-2017 թթ.Արծվանիկը եղել է Կապանից առանձին համայնք, ու թե ինչ որոշումներ են ընդունվել Արծվանիկում այդ ընթացքում, ինքը տեղյակ չէ:

«Հողային օրենսգրքի համաձայն հաշվի առնելով, որ դա աղտոտվող հող է՝ մենք դիմել ենք ԶՊՄԿ-ին, որ այդ հողերը չեն կարող դիտարկվել որպես սեփականություն, այսինքն՝ կոմբինատը պետք է վճարի ոչ թե հողի հարկ, այլ հողի վարձավճար»,- նշում է Արմեն Սարգսյանը: Այլ կերպ ասած՝ Կապան համայնքը ԶՊՄԿ-ից 38 հեկտար հողերը հետ է վերցրել, որ կրկին տա, բայց արդեն կառուցապատման իրավունքով: Ըստ համայնքապետարանի աշխատակցի՝ իրենք հողերը բերել են օրինական դաշտ, այս դեպքում կոմբինատի իրավունքը նվազել է՝ սեփականության իրավունքը դարձել է կառուցապատման իրավունք: Ընդ որում՝ Ա. Սարգսյանի ասելով՝ ԶՊՄԿ-ն դրան չի առարկել: Կոմբինատին այդ հողերի նկատմամբ կառուցապատման իրավունք է տրվել մինչեւ 2041 թ.: Մյուս կողմից՝ համայնքապետարանի պարզաբանման մեջ նշվում է, որ այդ 38 հեկտարն արդեն իսկ պոչամբարի տակ է, այսինքն՝ ծածկված է արտադրական թափոններով:  

Լուսանկարում՝ Արծվանիկի պոչամբարը (հեղ.՝ Սարո Բաղդասարյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter