HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Քեշբեք, չհարկվող շեմ. եկամտային հարկի ինչ գաղափարներ է առաջարկում ԱԺ տնտեսական բլոկը

Կառավարության ներկայացրած հարկային փոփոխությունների փաթեթում առավել քննարկվող թեման եկամտային հարկի համահարթեցման առաջարկն է՝ 23 % բոլորի համար՝ ներկայիս պրոգրեսիվ համակարգի փոխարեն։ Այս նախագիծը օրեր առաջ հանձնվել է նաև Ազգային ժողովի դատին։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկում է քննարկել եկամտային հարկի փոփոխությունների ևս երկու գաղափար, որոնք առայժմ օրենսդրական նախաձեռնություն չեն և միայն գաղափարի տեսքով են։ «Հետք»-ը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ զրույցում փորձել է հասկանալ, թե ինչ գաղափարների մասին է խոսքը, և որոնք են դրանց դրական ու բացասական կողմերը։

- Պրն. Թունյան, եկամտային հարկի վերաբերյալ ի՞նչ այլընտրանքային մտքեր կան, և ինչո՞վ են դրանք տարբերվում Կառավարության ներկայացրած նախագծում եղած տարբերակից։

- Կառավարությունը նախագծում ներկայացրել է եկամտային հարկը համահարթ դարձնելու տարբերակը, իսկ սրանք այն գաղափարներն են, որոնք շրջանառվում են և ընդամենը գաղափարի տեսքով են։ Դրանք ներկայացվել են այս ընթացքում տարբեր տնտեսագետների հետ քննարկումների ու շփումների արդյունքում։ Եթե ինչ-որ գաղափար կա, պետք է այն հրապարակայնացնել, քննարկել ու հասկանալ՝ որն է ավելի ձեռնտու։ Կառավարությունն առաջարկում է եկամտային հարկի պրոգրեսիվ համակարգից անցնել համահարթի, որի արդյունքում բարձր աշխատավարձ ստացողների եկամտային հարկի բեռը նվազում է։ Սա, բնականաբար, ավելի ցածր վարձատրվողների շրջանում սոցիալական անարդարության զգացում է առաջացնում։ Հատկապես, որ եկամտային հարկի համահարթեցման արդյունքում առաջանում է բյուջեի կորուստ, որը առաջարկվում է փոխհատուցել այլ հարկերի որոշակի բարձրացման հաշվին։ Բայց ուզում եմ հիշեցնել, որ վերջին ելույթներում վարչապետը նշեց գույքահարկի փոփոխությունների մասին և մեր վերջին երկու ամսվա քննարկումների ընթացքում միշտ շեշտվել է, որ եկամտային հարկն ու գույքահարկը պետք է միաժամանակ ուժի մեջ մտնեն։ Դա նշանակում է, որ մենք նախ ունենալու ենք գույքահարկի բազայի ճշգրտում, որովհետև այսօր այն իրականությունից շեղված է։ Ճշգրտման արդյունքում գույքահարկի բազան կմեծանա, որը կբերի գույքահարկի գծով հարկերի ավելացման։ Դա թույլ կտա եկամտային հարկի կորուստը փոխարինել գույքահարկի գծով ավելացող հարկերով։ Մյուս կողմից էլ՝ կվերականգնվի սոցիալական արդարության սկզբունքը։ Այսինքն՝ մենք բարձր աշխատավարձ ստացողների եկամտային հարկը կնվազեցնենք, բայց կհարկենք հարստությունը։ Սրա համար աշխատանք ու ժամանակ է պահանջվում։ Մոտավոր հաշվարկ կա, որ հնարավոր է գույքահարկի գծով հարկերի արդյունքում 20 մլրդ դրամի չափով բյուջեի մուտքերի աճ ապահովել։ Սա մյուս կողմից էլ նպաստելու է տարածքների համաչափ զարգացմանը, որովհետև գույքահարկերը ուղղվում են համայնքային բյուջեներ։ Սա այն տարբերակն է, որն առաջարկում է Կառավարությունը։

Իսկ այն գաղափարը, որը մենք ենք առաջարկում քննարկել, ենթադրում է բարձր աշխատավարձ ստացողների համար ավելի ցածր դրույքաչափով հարկվելու հնարավորություն՝ ընդհուպ մինչև 23 %-ով, բայց ոչ թե իրենց համար դրույքաչափը պարզապես նվազեցնում ենք, այլ՝ իրենց հնարավորություն ենք տալիս կամավոր լրացնել եկամուտների հայտարարագիր և դրանում նշված ծախսերի մասով հարկերը նվազեցնել։ Գործելու է քեշբեքի եղանակով։ Այսինքն՝ հարկային բեռի նվազեցման դիմաց մենք իրենցից պահանջում ենք թափանցիկություն։ Դրանով միանգամից մի քանի խնդիր է լուծվում։ Նախ ներդրվում է եկամուտների ու ծախսերի հայտարարագրման ինստիտուտը, երկրորդը՝ դա թույլ է տալիս բյուջեի կորուստը տեղափոխել ոչ թե 2020, այլ՝ 2021  թվական, որովհետև 2020-ի ընթացքում այս մարդիկ կհարկվեն սովորական ռեժիմով և հաջորդ տարվա ապրիլին հետ կստանան այդ գումարները։ Երրորդ՝ հնարավորություն է տալիս ճշգրտել առավել ունևոր խավի վերաբերյալ վիճակագրությունը։ Հայտարարագրման ինստիտուտը թույլ կտա հետագայում ավելի խորքային փոփոխությունների գնալ։

-Ո՞րն է մյուս գաղափարը։

- Երրորդ տարբերակը, որն առաջարկում ենք քննարկել, այն է՝ ունենալ համահարթ եկամտային հարկի տարբերակ չհարկվող շեմով։ Բայց այստեղ էլ բյուջեի եկամուտների էական կորուստ է կանխատեսվում։ Օրինակ՝ եթե չհարկվող շեմը սահմանում ենք նվազագույն պարենային զամբյուղի չափով՝ շուրջ 35 հազար դրամի, դա ենթադրում է բյուջեի մի քանի տասնյակ միլիարդ դրամի կորուստ։ Ֆինանսների նախարարությունը, բնական է, այս տարբերակին հակված չէ։ Բայց այս տարբերակը մենք ևս դիտարկել ենք մի քանի չհարկվող շեմերի օրինակներով։ Այն ևս կքննարկենք առաջիկայում։ Ուզում ենք, որ վերջում որևէ մեկի մոտ կասկած չմնա, թե ինչու ընտրվեց եկամտային հարկի այս կամ այն տարբերակը։ Քննարկումների արդյունքում, միգուցե, այս եղած տարբերակները ճշգրտվեն։

- Քեշբեքի տարբերակը լրացուցիչ բարդություն չի՞ լինի աշխատող քաղաքացիների համար՝ հաշվի առնելով, որ այս դեպքում եկամտային հարկի համակարգը ոչ թե պարզեցվում է, ինչպես ի սկզբանե դրված էր հարկային փոփոխությունների գաղափարի հիմքում, այլ՝ ավելի աշխատատար է դառնում։

- Դա հիմնական քննադատություններից մեկն է, բայց իրականում այն բարդություն չի ներկայացնում, քանի որ հարկ վճարողն ու գործատուն աշխատելու են նույն կերպ, ինչպես հիմա։ Միայն վերջում ավելանալու է հայտարարագիր լրացնելու հարցը, որը կարող է բարդություններ առաջացնել։ Սակայն բարձր եկամուտ ստացող մարդկանց համար դա բարդություն չի լինի, քանի որ նրանք հիմնականում ֆինանսապես գրագետ են։  Բացի այդ, որքանով ես հասցրել եմ հասկանալ ՊԵԿ-ի ներկայացուցիչների հետ զրույցում, հայտարարագիրը որևէ բարդություն չի ներկայացնելու։ Այս հայտարարագրման մեխանիզմը վերաբերում է 150 հազար դրամից բարձր ստացող բոլոր աշխատողներին։ Այլ հարց է, որ 160  հազար դրամ ստացողի համար սա, հնարավոր է, այնքան էլ մոտիվացնող չլինի, քանի որ նրա համար էական փոփոխություն չի ենթադրում։ Այս քեշբեքի տարբերակով բյուջեի կորուստներն ավելի քիչ են լինելու, քան  նախագծով առաջարկված համահարթ տարբերակի դեպքում է։ Եթե դիտարկենք այն կանխավարկածը, որ ոչ բոլորն են հայտարարագիրը լրացնելու և ոչ ամբողջությամբ, ապա կարող ենք վստահ ասել, որ բյուջեի կորուստն ավելի փոքր է լինելու։

- Կա՞ մոտավոր հաշվարկ, թե որքան կլինի կորուստը։

-Չկա, քանի որ սա դեռևս գաղափար է։ Երբ հարցը հասնի օրենսդրական առաջարկ ներկայացնելուն, մենք թվային հիմնավորումները կներկայացնենք։ Նախնական միայն գիտենք, որ բյուջեի վրա եկամուտների կորուստի առումով ավելի տանելի է, քան նախագծում եղած տարբերակը։  Պետք է նաև կարգավորման ազդեցությունը գնահատվի։ Եթե տնտեսագետները հանգեն այն մտքին, որ սա ավելի լավ տարբերակ է, արդեն կարելի է այս միտքը զարգացնել։ Անգամ կարելի է առաջարկել, որ այս տարբերակով լինի անցումային փուլ։ Այսինքն՝ սկզբում ներդրվի այս մեխանիզմը, որի հետ միաժամանակ ներդրվի հայտարարագրման ինտիտուտը, հետո հաջորդ տարվանից այս տարբերակը հանենք ու բոլորի համար սահմանենք համահարթ տարբերակը, բայց հայտարարագրման ինտիտուտը մնա։ Սրանք բոլորը հարցեր են, որոնք մենք պետք է քննարկենք և հենց դրա համար ենք այս գաղափարները հրապարակայնացնում։

- Եթե այդ փոփոխությունը միայն ժամանակավոր բնույթ կրի, Ձեր կարծիքով՝ այն անորոշություն չի՞ առաջացնի և կրկին լրացուցիչ գլխացավանք չի՞ լինի վարձու աշխատողների համար։

- Համաձայն եմ, որ անորոշություն կլինի, եթե փոփոխություններ լինեն և չասվի, թե հետո ինչ է լինելու։ Բայց եթե դու լավ քննարկում ես, քո գործությունները ժամանակի մեջ հստակ բաշխում ու մարդկանց ցույց ես տալիս՝ ինչ ես պատրատվում անել և երբ, դա արդեն կանխատեսելիություն է։  Այլ հարց է, որ հիմա մենք մի բան անենք, հետո ասենք՝ հետ ենք գալիս նախկինին ու մենք ինքներս էլ չիմանանք, թե ինչ է լինելու։ Անորոշությունը դա կլինի։ Դրա համար նմանատիպ գաղափարները մինչև օրենսդրական նախաձեռնություն դարձնելը քննարկում ենք և՛ վիրտուալ տիրույթում, և՛ Ազգային ժողովում։ Կլսենք անկախ փորձագետներին, բոլոր ուժերի ներկայացուցիչներին, շահագրգիռ կողմերին։

- Ռիսկ չե՞ք տեսնում, որ այս քեշբեքի տարբերակը կխթանի բնակչության սպառումը և ոչ թե՝ խնայումը։

- Ոչ, որովհետև մենք այդտեղ նշել ենք ուղղություններ, որոնք այս պահին քննարկման ենթակա են և պայմանական են։ Եվ այդ ուղղությունների մեջ չի մտնում ուղղակի սպառումը։ Օրինակ՝ եթե սուպերմարկետից առևտուր են անում, չեն կարող դրանց կտրոնները ներկայացնել ու հետ ստանալ գումարի մի մասը։ Դրանք այլ ուղղություններով են՝ առողջապահություն, կրթություն, հիպոթեքային վարկի մարում և այլն։ Այսինքն՝ այն ոլորտները, որոնք պետության համար ավելի կարևոր են և այդ ոլորտներում ստվերը կարող է որոշակի կրճատվել։ Այլ հարց է, թե ինչպես են տարբերակվելու ու հստակեցվելու այդ ոլորտները։ Եթե այս գաղափարը հավանության արժանանա ու հասնի օրենսդրական նախաձեռնություն դառնալուն, նման հարցերը կհստակեցվեն։

Այս տարբերակով համեմատաբար բարձր վարձատրվողների համար գործատուի կողմից վճարվող հարկերի ծավալը մնում է նույնը՝ 28 % և 36 %, եթե գործատուն և աշխատողը ի սկզբանե պայմանավորվել են «մաքուր» աշխատավարձի շուրջ։ Ստացվում է, որ գործատուի բեռը մնում է նույնը, բայց քեշբեքը ստանում է աշխատողը։ Այս խնդիրը դիտարկե՞լ եք։

- Այդ տարբերակն էլ է մեր հարցերի մեջ, բայց դա այնքան էլ միանշանակ չէ, քանի որ կախված է գործատու-աշխատող հարաբերություններից։ Օրինակ՝ եթե ինչ-որ մեկը ստանում է 1 մլն դրամ մաքուր աշխատավարձ և գործատուի հետ պայմանավորվել է մաքուր աշխատավարձի շուրջ, եկատմային հարկի նվազեցման արդյունքում նրա մաքուր աշխատավարձը ավտոմատ ավելանալու է։ Գործատուն կարող է աշխատակցին առաջարկել վերանայել պայմանները և գտնել միջին տարբերակ, որ և գործատուն հարկերը պակասեցնի, և աշխատողը մի քիչ ավել ստանա։  Այսինքն՝ կախված է, թե այդ օգուտը գործատուն ու աշխատողն ինչպես են բաշխելու։ Մի դեպքում կարող է գործատուն ամբողջ օգուտը քաղի, մյուս դեպքում՝ աշխատողը, երրորդ դեպքում՝ օգուտը հավասարապես բաշխվի։ Այդ բոլոր հարցերը քննարկումների ժամանակ կբարձրացնենք։ Այս խնդիրը նաև եկամտային հարկի համահարթեցման տարբերակում կա։

- Եթե այս քեշբեքի գաղափարը տարածվում է 23 %-ից բարձր եկամտային հարկ վճարողների վրա, այսինքն՝ մինչև 150 հազար դրամ ստացողների, դա նշանակում է, որ մեր երկրում վարձու աշխատողների 65 %-ի համար կրկին որևէ փոփոխություն չի լինելու, քանի որ նրանք այն խավն են, որոնք ստանում են մինչև 150 հազար դրամ: Կրկին ստացվում է, որ շեշտը դրվում է ավելի բարձր աշխատավարձ ստացողների եկամտային հարկը նվազեցնելու վրա։

- Երբ ներդրվի հայտարարագրման ինստիտուտը դա տնտեսության համար դրական ազդեցություն է ունենալու։ Եվ այդ ազդեցությունն անուղղակիորեն զգալու են բոլոր քաղաքացիները։ Սա լինելու է միջանկյալ տարբերակ, որից հետո կարելի է գնալ համահարթ տարբերակի և աստիճանաբար իջեցնել բոլորի դրույքաչափը մինչև 20 %-ի։ Երրորդ հանգամանքը՝ քանի որ այսօր եկամտային հարկի համահարթի արդյունքում ունենում ենք կորուստ, որը ըստ նախագծի՝ փոխհատուցվելու է ալկոհոլային խմիչքի, ծխախոտի հարկերի բարձրացմամբ, այս տարբերակը թույլ է տալիս պետությանն ավելի անկաշկանդ լինել և նման հարկերը շատ չբարձրացնել։ Կարելի է ավելի քիչ թանկացումների գնալ։

Բացի այդ, ունենք նաև երկրորդ տարբերակը՝ չհարկվող շեմով եկամտային հարկ։ Այստեղ արդեն ունենք հստակ հաշվարկներ։ Հաշվել ենք, թե բյուջեն որքան կորուստ կունենա՝  ըստ չհարկվող տարբեր շեմերի։ Կփորձենք առաջարկել այնպիսի տարբերակ, որի դեպքում բյուջեի կորուստն ավելի մեծ չի լինի, քան այն տարբերակում, որը Կառավարությունն առաջարկել է նախագծում։ Պետք է հասկանանք, թե որ տարբերակն է ավելի արդյունավետ։

- Նշված գաղափարների հիմքում եկամտային հարկի համահարթ տարբերակն է։ Իսկ պրոգրեսիվի տարբերակներ չե՞ք քննարկվում։

- Պրոգրեսիվն այս պահին գործող տարբերակով չի աշխատում, որովհետև իրականում պրոգրեսիվություն չի ապահովում։ Երբ մեզ մոտ ասում ենք եկամտային հարկ, մարդիկ պատկերացնում են միայն աշխատավարձը։ Երբ ինչ-որ մեկը սեփական շինության վարձակալությունից ամսական մի քանի հազար դոլար եկամուտ է ստանում, դա չի համարում հարկվող եկամուտ։ Կամ երգիչների օրինակը, որ այդքան աղմուկ հանեց։ Պրոգրոսիվության տրամաբանությունն այստեղ դուրս է մնում, և համակարգն ամբողջությամբ շեղվում է։ Հարկման բազան էլ հիմնականում կենտրոնացված է ցածր աշխատավարձի վրա՝ մինչև 150  հազար դրամ։ Մեզ մոտ միջին էֆեկտիվ դրույքաչափը մոտավորապես 25 % է։ Դա նշանակում է, որ պրոգրեսիվությունը մեզ մոտ չի աշխատում։ Իսկ երբ հայտարարագրման ինստիտուտը ներդրվի, բոլորը հայտարարագրեն իրենց եկամուտները, այդ ժամանակ արդեն կարելի է մտածել պրոգրեսիվության մասին։

Մեր ներկայացրածն այլընտրանքային տարբերակ է և ժամանակավոր լուծում։  Այն լուծում է հայտարարագրման ինստիտուտի խնդիրը, որը մեր հասարակությունն այժմ շատ չի կարևորում, բայց դա առաջնային բան է, որը վաղ թե ուշ ներդրվելու է։

Կարդացեք նաև՝

Մեկնաբանություններ (1)

Հրաչյա Հովհաննիսյան
Եկամտյին հարկի համահարթեցման գաղափարը ձեռնտու է բարձր աշխատավարձ ստացող զանգվածին , իսկ այդ զանգվածը ինչպես գիտեք այսոր իշխանանմետ կուսակցության անդամներնն են և նրանց շրջապատը , այսինքն համամհարթեցման միջոցով նշված անձիք ստանում են լրացուցիչ եկամուտներ , որը և բազզա կհանդիսանա տնտեսության մեջ գերիշող դիրք գրավելու համար: Այսպիսով համամհարթեցման անվան տակ կայայցվում է քաղաքական որոշու իշխող խավին լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ հատկացնելու նպատակով , ինչը կիսատ պռատ ցանկանում էին կատարել պարգևատրումների միջոցով ի հաշիվ պետ. բյուջեի; Համահարթեցումը պետբյուջեից միջոցներ յուրացնելու կամ ավելի ճիշտ գողանալու օրինակակնացված ձև է :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter