HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ֆինանսների փոխնախարար. «Առաջարկվող փոփոխությամբ՝ վերականգնվում է հարկման հավասարության և արդարության սկզբունքը»

Օրեր առաջ Ֆինանսների նախարարությունը e-draft.am կայքում հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Քննարկման ամփոփումից հետո այն կներկայացվի կառավարություն։ Կառավարության հավանությանն արժանանալուց հետո կհանձնվի Ազգային ժողովի դատին։  

Նախագծում առկա խնդրահարույց առաջարկների մասին «Հետք»-ը զրուցել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի հետ։

Պարո՛ն Պողոսյան, նախագծի հենց առաջին հոդվածով առաջարկվում է վերացնել ներկայում գործող այն կարգավորումը, որ նոր ընդունվող օրենքները չեն կարող ուժի մեջ մտնել հաջորդող տարվա հունվարի 1-ից շուտ։ Այսինքն՝ նոր փոփոխությամբ օրենքը կարող է ընդունվել ու ուժի մեջ մտնել նույն տարում։ Սա լրացուցիչ խոչընդոտներ չի՞ առաջացնի բիզնեսի համար:

Գործող կարգավորումներով այժմ երկու չափորոշիչ ունենք ամրագրված։ Փոփոխությունը կարող է ուժի մեջ մտնել եկող տարվա հունվարի մեկից։ Բայց եթե այդ հաջորդ տարվա սկիզբը վեց ամսից կարճ ժամանակահատված է ընդգրկում, ապա պետք է լրանա այդ վեց ամիսը, և դրանից հետո միայն օրենքն ուժի մեջ մտնի։ Նախագծով առաջարկվում է հրաժարվել առաջին կետից՝ պահպանելով երկրորդը՝ վեցամսյա ժամանակահատվածը։ Այսինքն՝ կես տարի ժամանակ է մնում փոփոխության ուժի մեջ մտնելուց առաջ։ Ինչու՞ ենք առաջարկում հանել եկող տարվա հունվարի մեկից շուտ ուժի մեջ չմտնելու սահմանափակումը։ Խնդիրն այն է, որ այս նախագծով առաջարկում ենք բարձրացնել ակցիզային հարկի դրույքաչափերը և գործող կարգավորումների պարագայում դրանք կարող են ուժի մեջ մտնել ոչ շուտ, քան 2020 թվականի հունվարի մեկը։ Զուգահեռաբար որոշ հարկատեսակների մասով առաջարկվում է դրույքաչափերի իջեցում՝ եկամտային հարկ, շահութահարկ, շահաբաժնի հարկ և այլն։ Այս իջեցումները մենք պետք է որոշ չափով փոխհատուցենք ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացմամբ։ Հիմա մենք ունենք այլընտրանք՝ հանել հաջորդ տարվա հունվարի մեկից ոչ շուտ ուժի մեջ մտնելու սահմանափակումը և մեր նշած փոփոխությունները կատարել ընդունումից վեց ամիս հետո, մեր գնահատմամբ՝ սեպտեմբերի մեկից։ Եվ տարբերակ երկու՝ պահպանել հաջորդ տարվա հունվարի մեկից ոչ շուտ ուժի մեջ մտնելու սահմանափակումը, բայց արդեն եկամտային հարկի դրույքաչափի իջեցումը, շահութահարկի իջեցումը և մյուս փոփոխությունները կատարել ոչ թե այս տարվա սեպտեմբերի մեկից, այլ՝ մյուս տարվա հունվարի մեկից, այսինքն՝ չորս ամիս ավելի ուշ։ Սա թեզ է, որը մենք առաջարկել ենք, որ հասկանանք շահագրգիռ կողմերի վերաբերմունքը, կառավարության հարթակում հարցը քննարկելիս երկու տարբերակների մասին էլ կզեկուցենք, որ կայացնենք որոշում։

Ի՞նչ ձևաչափի քննարկումներ եք նախատեսել այս նախագծի շուրջ։

Ինչպես գիտեք, այս նախագիծն ունեցել է նախնական տարբերակ և քննարկումները սկսել ենք դեռևս այդ տարբերակի ժամանակ։ Այն քննարկվել է e-draft.am իրավական ակտերի նախագծերի հարթակում, Ֆինանսների նախարարությունում գործող հարկային բարեփոխումների ընդլայնված խորհրդի հարթակում, տարբեր ոլորտային հանդիպումներ եղան գործարար շրջանակները ներկայացնող անձանց հետ, լրատվամիջոցները հանրայնացրին այս ամբողջ գործընթացը, եղան մասնագիտական ու հասարակական կառուցների հետ հանդիպումներ։ Հիմա էլ այս քննարկումները շարունակվում են։ Բոլոր հնարավոր գործիքներով հետևում ենք քննարկումներին, այդ թվում՝ սոցիալական ցանցերում, որտեղ կան մասնագիտական խմբեր ու անցկացվում են շատ օգտակար քննարկումներ։

Նոր նախագծով նախատեսվում է հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցողներին շրջանառության հարկի դաշտից տեղափոխել հարկման ընդհանուր դաշտ։ Նաև նշվում է, որ նրանք չեն կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ։ Նախագծի նոր փաթեթը առավելապես դժգոհությունների առիթ տվեց այս կետի պատճառով։ Ինչու՞ որոշվեց հենց այս ոլորտները դուրս բերել շրջանառության հարկի դաշտից։

Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգը, որը գալիս է փոխարինելու ընտանեկան ձեռնարկատիրության և ինքնազբաղված անձանց հարկման համակարգերին, նախատեսված է պարզունակ գործունեության տեսակների համար, որոնք, ըստ էության, լուծում են զբաղվածության և սոցիալական խնդիր մեր երկրում։ Այս դաշտում մենք չենք տեսնում մասնագիտացված ծառայություններին հիմնականում չորս պատճառով։ Առաջին՝ այս մարդիկ ունեն բավարար մասնագիտական կարողություններ ու հմտություններ հարկերն ինքնուրույն հաշվարկելու և վճարելու համար։ Երկրորդ՝ նրանց ձեռնարկատիրական գործունեությունը բնութագրվում է իրացման շրջանառության ավելի մեծ ծավալներով, քան օրինակ միկրոձեռնարկատիրության համար նախատեսված 24 մլն դրամի շեմն է։ Եվ միշտ կարող են գտնվել նոր ստեղծվող կամ պասիվ գործունեություն ծավալող ընկերություններ, որոնք կտեղավորվեն 24 մլն դրամի սահմաններում, բայց մենք ունենք այլ պատճառներ, որ անգամ այդ պարագայում նրանց չենք տեսնում այս համակարգում։ Երրորդ՝ նրանց շահութաբերությունը, մեր գնահատմամբ, էականորեն ավելի բարձր է, քան իմ նշած պարզունակ ոլորտների շահութաբերությունը։ Չորրորդ՝ մեր դիտարկումներով շատ մասնագիտացված ծառայություններ, որոնք նախկինում մատուցվում էին վարձու աշխատող և գործատու ձևաչափով, հիմա վերանայվել են և ընտրվել է համագործակցության նոր մոդել։ Վարձու աշխատողները ազատվել են աշխատանքից, հաշվառվել են որպես անհատ ձեռնարկատերեր և ըստ էության՝ նրանց աշխատանքի բովանդակության մեջ ոչինչ չի փոխվել, բայց եկամտային հարկը միջինացված 25% վճարելու փոխարեն վճարում են ընդամենը 5% շրջանառության հարկ։ Այսինքն՝ 20% հարկ են տնտեսում այս հնարքի միջոցով։ Պետությունը չի ուզում դա նորմալ համարել։ Մեր կարծիքով՝ առաջարկվող փոփոխությամբ վերականգնվում է հարկման հավասարության և արդարության սկզբունքը։ Շրջանառության հարկի համակարգը՝ նորից որպես հարկման այլընտրանքային համակարգ, շատ նման պետք է լինի միկրոձեռնարկատիրության համակարգին, և տարբերությունը պետք է լինի այն, որ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում չկան ֆիսկալ հետաքրքրություններ՝ պետությունն այստեղից չի ակնկալում հարկային եկամուտներ։ Բայց նույնը չենք կարող ասել շրջանառության հարկի համար՝ հատկապես այն պարագայում, երբ շրջանառության հարկի շեմը նախատեսվում է վերականգնել նախկին 115 մլն դրամի մակարդակում։

Նախանշվե՞լ է, թե որքան ժամանակ կպահպանվի շրջանառության հարկի համար նախատեսված 115 մլն դրամի շեմը։

Սա առաջարկվում է ոչ որպես ժամանակավոր միջոցառում։ Այսինքն՝ դա մեկ կամ երեք տարվա համար չէ, այլ՝ ավելի երկարաժամկետ։ Կյանքը ցույց կտա, թե որքան ժամանակ կգործի այդ շեմը։

Նախագծում տեսնում ենք, որ թվային վերլուծություններ առկա չեն՝ բացառությամբ մի քանի կետերի։ Ինչու՞ չեք հանրայնացնում այդ վերլուծություններն ու թվային հիմնավորումները։

Համաձայն եմ, որ չկան գնահատականներ յուրաքանչյուր միջոցառման վերաբերյալ։ Այս տեսակ հաշվարկները հանրայնացնելու հարցը մենք կարող ենք քննարկել, բայց սա, ես կարծում եմ, որ ավելի շատ պետք է հետաքրքիր լինի հարկաբյուջետային կայունության և քաղաքական որոշումներ ընդունելու տեսանկյունից։ Բնականաբար, այս գնահատականներն ու վերլուծությունները մենք ունենք և գնահատել ենք այս օրենսդրական նախագծի հնարավոր ազդեցությունները։ Հանրայնացնելու հարցը մենք կարող ենք քննարկել, բայց վերջնական որոշումներ կայացնելուց հետո։

Նախագծով առաջարկվում է 2020 թվականից վերացնել արտոնագրային հարկի համակարգը ու այս դաշտում գործող տնտեսվարողներին տեղափոխել հարկման ընդհանուր դաշտ։ Սակայն որքանո՞վ են վերահսկելի այն սուբյեկտները, որոնք հիմա արտոնագրային հարկի դաշտում են՝ ատամնաբույժներ, վարսավիրներ և այլն։ Ռիսկը մեծ չէ՞, որ նրանք հեշտությամբ կթաքցնեն իրենց իրական շրջանառությունը։

Բնականաբար, հաշվի առել ենք ձեր նշած մտահոգությունը։ Բայց ես առաջարկում եմ այս խնդրին մի փոքր այլ տեսանկյունից նայել։ Դա գործարքները լիարժեք փաստաթղթավորելու մշակույթի ներդրումն է։ Մենք՝ որպես հասարակության անդամներ, պետք է գիտակցված մոտենանք այս հարցին և պահանջատեր լինենք՝ հասկանալով, որ յուրաքանչյուր անգամ չտպագրված ՀԴՄ կտրոնը գործնականում նշանակում է, որ մենք ազգովի չենք ստանում այդ գործարքի արդյունքում ձևավորված հարկը։ Այսինքն՝ այստեղ հստակ խնդիր կա մեծամասնության շահը փոքրամասնության շահերից գերադասելու առումով։ Ես կարծում եմ, որ մենք պետք է մշակույթ ու վերաբերմունք փոխենք գործարքների փաստաթղթավորման հարցում և ՀԴՄ կտրոն չտպագրենք միայն այն պատճառով, որ չտպագրելու դեպքում կարող ենք տուգանքների ենթարկվել, այլ այն պարզ գիտակցմամբ, որ չի կարելի պետությանը խաբել։

Առաջարկվում է արտոնագրային վճարի դաշտից հանել նաև խաղային ոլորտն ու տեղափոխել ընդհանուր դաշտ՝ շահութահարկով։ Խոսելով ոլորտից ակնկալվող հարկերի մասին՝ մի անգամ ասացիք, որ խոսքը հավակնոտ թվերի մասին է։ Այժմ կարո՞ղ եք կոնկրետ թվեր ներկայացնել։ Եվ երկրորդ հարցը այս թեմայով՝ մինչև նախագծի լրամշակված տարբերակը, նախնական տարբերակում նշված էր, որ ֆիզիկական անձանց շահումները պետք է հարկվեն եկամտային հարկով։ Լրամշակված տարբերակում այս դրույթը հանված է։ Ի՞նչն է խոչընդոտում շահումները հարկելուն։

Ճիշտ եք նկատել՝ մենք որոշակի վերանայումներ ենք կատարել խաղային բնագավառի հարկերի հետ կապված։ Մասնավորապես՝ առաջարկվել է տոտալիզատորների հարկումը շահութահարկի դաշտ տեղափոխել 2020 թվականից, իսկ շահումով խաղերի ոլորտը՝ 2021  թվականից։ Այստեղ որոշակի վարչարարական դժվարություններ ունենք։ Պետական եկամուտների կոմիտեն՝ որպես վարչարարություն իրականացնող մարմին, պետք է ձևավորի որոշակի կարողություններ, որ կարողանա համարժեք ու արդյունավետ վարաչարարություն իրականացնի այս ոլորտում։ Այսինքն՝ ներդնի նոր գործիքակազմ, էլեկտրոնային կառավարման համակարգեր, տեսանկարահանող սարքեր և այլն։ Հարկերի վերաբերյալ ակնկալվող գնահատականներից այս պահին ևս ձեռնպահ կմնամ, որովհետև այստեղ գնահատականները տատանվում են՝ կախված այս կամ այն գործոններից։ Մասնավորապես, եթե մակրոտնտեսական միջավայրից ենք գալիս և գնահատում ենք այդ ոլորտում ստեղծվող նոր արժեքը, շահութահարկի մեծությունը, ապա, այո, բավականին հավակնոտ թվեր ենք ստանում։ Բայց վարկած կա, որ միգուցե նոր ստեղծված արժեքն իրականում դժվար է ամբողջությամբ վերագրել այս ոլորտին, որովհետև կան այլ ոլորտներ, որոնք ենթադրում են բարձր հարկային բեռ և միգուցե այդ ոլորտների նոր արժեքը վերագրվում է խաղային ոլորտին, որպեսզի խուսափեն բարձր հարկումից։ Մենք պետք է շարունակենք այս ուղղությամբ աշխատանքները։ Մի բան կարող եմ միանշանակ ասել, որ մենք այս փոփոխության արդյունքում էականորեն ընդլայնելու ենք այս ոլորտից ստացվող հարկերի ծավալը։ Իսկ կոնկրետ գնահատականներ, հուսով եմ, առաջիկայում կունենք։ Ինչ վերաբերում է շահումները հարկելուն, ապա այս մասին քննարկումների արդյունքում եկել ենք եզրահանգման, որ այս փուլում շահումները հաշվարկելու գործընթացը կարող է ուղեկցվել խնդիրներով։ Դժվար է նախ բնութագրել, թե որն է շահումը խաղային ոլորտից։ Մարդը կարող է այս փուլում պարտվել, հաջորդում շահել, մյուսում՝ կրկին պարտվել և այլն։ Այսինքն՝ գնահատելու համար նրա շահույթը նախ պետք է որոշակի ժամանակահատված որոշվի, իրականացվի անհատական հաշվառում՝ համադրելով նրա տանուլ տված և շահած գումարները։ Սա շատ ծախսատար և բարդ վարչարարություն է ենթադրում։

Իսկ գնահատե՞լ եք՝ այս փոփոխության արդյունքում խաղային ոլորտում գործող ընկերությունների թիվը կարո՞ղ է կրճատվել։

Դժվար է նրանց վարքագիծը կոնկրետ գնահատելը։ Կան վարկածներ, որ միգուցե նրանք կմիավորվեն, ոմանք կփակեն սպասարկման կետերի մի մասը կամ գուցե իրենց գործունեությունը տեղափոխեն ինտերնետ միջավայր։ Շատ տարբեր վարկածներ կան։ Մենք խաղային ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել ենք այս հարցը և կարծում եմ՝ մեր որոշումը հավասարակշռված է։ Նրանց համար շատ ավելի խնդրահարույց է եղել ֆիզիկական անձանց շահումների հարկումը, որից, ինչպես ասացի, մենք հրաժարվել ենք։ Իսկ շահութահարկի հարկ տեղափոխելը մեր ընկալմամբ շատ նորմալ է ընդունվել ոլորտի ներկայացուցիչների կողմից։

Առաջարկվում է նաև շահութահարկի դրույքաչափը նվազեցնել՝ 20 %-ից դարձնելով 18 %: Միևնույն ժամանակ, 2018 թվականից բիզնեսը վճարում է նաև 5 % դիվիդենդների (շահաբաժինների) հարկ։ Գործարարները նշում են, որ ստացվում է՝ մինչև հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը` մինչև 2018 թ., վճարել են 20 % շահութահարկ, իսկ հիմա անգամ շահութահարկի նվազեցումից հետո ստացվում է, որ վճարելու են 23 %` 18 % շահութահարկ գումարած 5 % դիվիդենդների հարկ։ Այս մտահոգությունը քննարկե՞լ եք նախագիծը կազմելիս։

Այսպես թե այնպես, եթե մենք շահութահարկի դրույքաչափը չնվազեցնենք, միևնույն է ունենալու ենք շահաբաժինների դրույքաչափի հարկը։ Այսինքն՝ դիվիդենդների հարկն արդեն իրողություն է, արդեն մեկ տարի է՝ գործում է։ Մենք պետք է համեմատենք մինչև այս նախագիծը եղած իրավիճակը և դրանից հետո ակնկալվողը։ Մինչև նախագիծը մենք, փաստորեն, ունենք 20 % շահութահարկի և 5 % շահաբաժնի հարկի դրույքաչափը։ Նախագծով առաջարկվում է դարձնել 18 %  շահութահարկ և 5 % շահաբաժնի հարկ։ Այսինքն՝ փոփոխությունից հետո բարելավվում է։  Չեմ կարծում, որ շահաբաժնի հարկից ընդհանրապես հրաժարվելը լավ գաղափար է, որովհետև շահաբաժինը դասական պասիվ եկամուտ է՝ ճիշտ այնպես, ինչպես տոկոսը, ռոյալթին, վարձակալան վճարը և այլն։ Եվ եթե բոլոր այս պասիվ եկամուտները հարկվում են, ինձ համար պարզ չէ՝ ինչու՞ պետք է շահաբաժինը չհարկվի։ Եթե կարող են բացատրել ու հիմնավորել իրենց տեսակետը, քննարկենք։ Բայց եթե չեն կարող հիմնավորել, բնականաբար, շահաբաժինը պետք է շարունակվի հարկվել։

Մեկ այլ կետով նախատեսվում է միանգամից եռապատկել 301 և ավելի ձիաուժ ունեցող մեքենաների (5 և ավել տարի առաջ արտադրվածհամար վճարվող բնապահպանական հարկը՝ մեկ ձիաուժի համար ներկայում նախատեսված տարեկան 50 դրամի փոխարեն՝ սահմանելով 150 դրամ։ Վարորդների շրջանում այս առաջարկությունը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել։ Դուք քննարկու՞մ եք այս դրույթից հրաժարվելու կամ բարձրացումը այդքան կտրուկ չանելու հարցը։

Մենք սա առանձնացրել ենք որպես մեզ համար լրացուցիչ քննարկման հարց։ Բարձրացումը միգուցե կտրուկ է, և պետք է գնահատենք։ Բայց նաև շատ կարևոր է, որ հստակ քաղաքականություն է մշակվում, և ազդակ է հղվում մեր ազգաբնակչությանը, որ շատ աղտոտողները ավելի շատ են վճարելու։ 300 ձիաուժից բարձր հզորությամբ շարժիչով  և միաժամանակ 5 տարուց ավելի վաղեմություն ունեցող ավտոտրանսպորտային միջոցները բնականաբար ավելի շատ են վնասում մեր մթնոլորտային ավազանը, քան փոքր շարժիչ ունեցող կամ նոր ավտոմեքենաները։

Խնդիրն այն է, որ վարորդները չեն ընդունում այն տեսակետը, որ մեծ հզորությամբ շարժիչով մեքենաները ավելի շատ են աղտոտում մթնոլորտը, և նշում են, որ ուղիղ տրամաբանական կապ չկա ավտոմեքենայի ձիաուժի մեծության ու մթնոլորտի պահպանության միջև։

Ես տեխնիկական գիտությունների մասնագետ չեմ, որ գնահատեմ շարժիչի հզորությունն ու աղտոտվածությունը։ Բայց կարծում եմ՝ առնվազն տրամաբանական է, որ այդ կապը կա։ Մենք կարող ենք քննարկել, բանավիճել, մասնագետներ ներգրավվել և չմոռանանք նաև, որ մենք երկրորդ չափորոշիչն ենք ամրագրում՝ ավտոմեքենայի վաղեմությունը։ Կարծում եմ անվիճելի է, որ այլ հավասար պայմաններում, որքան հին է ավտոմեքենան, և որքան շարժիչի հզորությունը մեծ է, այնքան ավելի շատ է աղտոտում։ Ես տրամաբանորեն հանգում եմ սրան, եթե կան այլ փաստարկված կարծիքներ, սիրով կլսենք։

Նախագծի լրամշակված տարբերակում եկամտային հարկի դրույքաչափերի վերաբերյալ մոտեցումը նույնն է՝ անցնել համահարթ 23 % տարբերակին։ Այս տարբերակի շուրջ բանավեճերը անընդհատ շարունակվում են, և հղում է արվում տարբեր երկրների փորձին։ Օրինակ՝ հարևան Վրաստանում եկամտային հարկի համահարթ տարբերակը ցանկալի արդյունքներ չի տվել։ Ուսումնասիրե՞լ եք նրանց փորձը։

Բնականաբար, չէինք կարող չուսումնասիրել Վրաստանի փորձը, որովհետև տնտեսությունները շատ առումներով նման են։ Բայց աշխարհում կան այլ շատ երկրներ, որտեղ համահարթ դրույքաչափը թռիչքային աճ է ապահովել։ Օրինակ՝ Ռուսաստանում արդյունքները շատ գոհացուցիչ էին։ Նաև պետք է հաշվի առնենք այն, որ հարկային եկամուտների հավաքագրման վրա ազդող գործոնները շատ կարևոր ու բազմազան են։ Այսինքն՝ միայն դրույքաչափի իջեցումը, միգուցե, չապահովի ցանակալի արդյունք լրացուցիչ հարկային եկամուտներ ունենալու համատեքստում, բայց այստեղ մենք պարզապես իջեցում չենք ապահովում։ Մենք ապահովում ենք աշխատավարձի հարկի և շահութահարկի ու շահաբաժնի հարկի հավասարություն։ Դա վերացնում է աշխատավարձի չափը թերհայտարարագրելու մոտիվացիան։ Մենք պարբերաբար նշել ենք, որ միայն դրույքաչափերի իջեցմամբ հնարավոր չէ հասնել ցանկալի արդյունքի։ Այստեղ նաև պետք է հարկային վարչարարության գործիքակազմը մաքսիմալ արդյունավետությամբ օգտագործվի։ Եվ միայն այս համադրությամբ կարող ենք հասնել ցանկալի արդյունքի։

Կարդացեք նաև`  

23% եկամտային հարկ՝ բոլորի համարով է շահումով՝ տուժում

Նաիրի Սարգսյան. «Եկամտային հարկի համահարթեցման համար  աղքատների «ջանից են քերում»»

Առաջարկվում է ավելի խիստ հարկել խաղային ոլորտը. որքան հարկ են վճարում շուկայի խաղացողներն այսօր

Հաշվապահներին ու փաստաբաններին շրջանառության հարկի դաշտից «դուրս մղելու» առաջարկը դժգոհությունների ալիք է բարձրացրել 

Մեծ հզորությամբ շարժիչով մեքենաների բնապահպանական հարկը կեռապատկվի. նախագիծ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter