HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Մեծ հզորությամբ շարժիչով մեքենաների բնապահպանական հարկը կեռապատկվի. նախագիծ

Հայաստանի ֆինանսների նախարարության ներկայացրած հարկային փոփոխությունների փաթեթում առաջարկվում է 2020 թվականի հունվարի 1-ից վերանայել 301 և ավելի ձիաուժ ունեցող մեքենաներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքաչափը՝ մեկ ձիաուժի համար ներկայում նախատեսված 50 դրամի (տարեկան) փոխարեն սահմանելով 150 դրամ։ Այլ կերպ ասած՝ առաջարկվում է եռապատկել մեծ հզորությամբ շարժիչով մեքենաների բնապահպանական հարկը։

Փոփոխությունների փաթեթը, որը դեռևս պետք է քննարկվի Ազգային ժողովում, ներկայացված է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով, որը ներառում է նաև եկամտային հարկի համահարթեցում, մի քանի ապրանքատեսակների ակցիզային հարկի բարձրացում, շահութահարկի նվազեցում, խաղային ոլորտի հարկերի բարձրացում և այլն։ Այս նախագիծը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am) ներկայացվել է հանրային քննարկման։ Կայքում 112 հոգի իրենց կողմ կամ դեմ գնահատականն են տվել նախագծին և ուշագրավ է, որ նրանց 90 %-ը դեմ է քվեարկել, իսկ 10 %-ը` կողմ։

Նախագծի վերաբերյալ առաջարկությունների ամփոփաթերթում տեսնում ենք, որ քաղաքացիները ուշադրություն են դարձրել նաև բնապահպանական հարկի դրույքաչափերի փոփոխությանը։ Նախագծով նախատեսվում է բարձրացնել միայն մեծ հզորությամբ շարժիչ ունեցող մեքենաների համար բնապահպանական հարկի դրույքաչափը, իսկ ավելի քիչ ձիաուժ ունեցող մեքենաներինը՝ թողնել նույնը։ Հարկային օրենսգրքի համաձայն՝  մեքենայի տարեկան տեխնիկական զննության ժամանակ վճարվող բնապահպանական վճարները հաշվարկվում են ըստ ձիաուժերի։

Ըստ Հոդված 168-ի՝ Հայաստանում գրանցված և շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից (բացառությամբ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների), այլ ինքնագնաց մեքենաներից և մեխանիզմներից, ինչպես նաև լողամիջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկն` ըստ շարժիչի հզորության, ունի հետևյալ դրույքաչափերը.

Եթե նախագիծն ընդունվի, ապա այս աղյուսակի վերջին տողում նշված «50 դրամը» կդառնա «150  դրամ»՝ եռապատկելով 301 և ավել ձիաուժ ունեցող մեքենաների բնապահպանական հարկի չափը։

Վարորդների մի մասը (եթե ոչ բոլորը) հիմնավոր չի համարում նախատեսվող բարձրացումը։ Եվ, առհասարակ, նրանք չեն ընդունում, որ ավտոմեքենայի ձիաուժի քանակի ու բնապահպանական հարկի միջև ուղիղ տրամաբանական կապ կա։ 

«Բարձր թվով ձիաուժ ունեցող մեքենա ունենալը չի նշանակում, որ դու շքեղ կյանքով ես ապրում և պետք է պետությանը ավելի շատ հարկ վճարես, քան ավելի ցածր թվով ձիաուժ ունեցող մեքենայի սեփականատերը։ Իսկ եթե այս փոփոխությունը մշակողները մտածում են, որ ինչքան ձիաուժը բարձր է, այնքան՝ մեքենան ավելի շատ ծուխ է արտանետում, ու պարտավոր է բնապահպանական ավելի բարձր վճար մուծել, ապա դա անհեթեթություն է։ Բարձր ձիաուժ ունեցող մեքենան կարող է ունենալ այնպիսի բարձր ստանդարտներով համակարգեր, որ մի քանի անգամ ավելի քիչ վտագավոր նյութեր արտանետի, քան ցածր ձիաուժ ունեցողները»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց վարորդ Արմենակ Բաբայանը։

Սոցիալական ցանցերում տեղի ունեցող քննարկումներում ևս այս հարցի շուրջ քաղաքացիների հիմնական պնդումն այն է, որ պետք չէ մեքենաներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքաչափը հաշվարկել ըստ ավտոմեքենայի ձիաուժերի։

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության հիմնադիր Տիգրան Քեյանը ևս աբսուրդ է համարում, որ մինչև այժմ մեքենաների բնապահպանական հարկը հաշվարկվում է ըստ ձիաուժերի մեծության։ Նրա խոսքով՝ այս խնդրի մասին իրենք բազմիցս բարձրաձայնել են, սակայն ոչ Բնապահպանության նախարարությունը, ոչ էլ՝ մյուս պատկան մարմինները չեն փոխել բնապահպանական հարկը գանձելու չափանիշները։ «301 և ավել ձիաուժ ունեցող մեքենաների բնապահպանական հարկը բարձրացնելու առաջարկը մեզ հետ չի քննարկվել։ Նախագիծը ներկայացրել է Ֆինանսների նախարարությունը, սակայն ենթադրվում է, որ դրան դրական գնահատական է տվել նաև Բնապահպանության նախարարությունը»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Տ. Քեյանը։  

Հարկային օրենսգիրքն ուժի մեջ է մտել 2018թ. հունվարի մեկից։ Մինչ այդ բնապահպանական վճարների դրույքաչափերը հաշվարկվել են ըստ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի։ Հարկային օրենսգրքով բնապահպանական վճարների կտրուկ բարձրացում տեղի ունեցավ, սակայն բազմաթիվ դժգոհություններից հետո այն որոշակիորեն նվազեցվեց, և նշանակվեցին այն դրույքաչափերը, որոնք նշված են քիչ վերևում գտնվող աղյուսակում։  

Տ. Քեյանի խոսքով՝ դրույքաչափերի այս նվազեցումը, սակայն, հարցի լուծում չէր, քանի որ նույն խնդիրը շարունակվում է. տրամաբանական կապ չի կարող լինել մեքենայի ձիաուժերի մեծության ու բնապահպանական հարկի չափի միջև։ Եվ այժմ նախատեսվող փոփոխությամբ կրկին էական բարձրացում է սպասվում։ «Եթե ներկայում, օրինակ, 400 ձիաուժ ունեցող մեքենայի բնապահպանական հարկը կազմում է 20 000 դրամ, ապա այս փոփոխությունից հետո այն կդառնա 60 000 դրամ»,- նշեց մեր զրուցակիցը։

Ֆինանսների նախարարությունից ևս ընդունում են, որ միայն այն հանգամանքը, որ ավտոմեքենան ունի մեծ հզորությամբ շարժիչ, դեռևս չի նշանակում, որ տվյալ ավտոմեքենան համարվում է շքեղության առարկա, քանի որ այն կարող է լինել հին, հետևաբար նաև ոչ թանկարժեք ավտոմեքենա: Նաև ընդունում են, որ շրջակա միջավայրին պատճառվող վնասի աստիճանը միշտ չէ, որ ուղիղ կախված է շարժիչի հզորությունից: Սակայն պնդում են, որ դա այն գործոնն է, որն ամենամեծ ազդեցությունն ունի շրջակա միջավայրին պատճառվող վնասի աստիճանի վրա։ 

«Նախագծով ներկայացված առաջարկության տրամաբանությունը կայանում է նրանում, որ մեծ հզորությամբ շարժիչ ունեցող ավտոմեքենաները, այլ հավասար պայմաններում, այո, ավելի շատ են աղտոտում շրջակա միջավայրը, հետևաբար արդարացի ու տրամաբանական է, որպեսզի դրանց մասով սահմանվի տարբերակված՝ ավելի բարձր բնապահպանական հարկ: Միևնույն ժամանակ, համակարծիք ենք այն դիտարկման հետ, ըստ որի՝ շրջակա միջավայրին պատճառվող վնասի աստիճանը միշտ չէ, որ ուղիղ կախվածության մեջ է գտնվում շարժիչի հզորությունից: Այդուհանդերձ, վերջինս այն գործոնն է, որը, այլ հավասար պայմաններում, ամենից մեծ ազդեցությունն ունի շրջակա միջավայրին պատճառվող վնասի աստիճանի վրա (խնդրում ենք հաշվի առնել նաև այն, որ ՀՀ հարկային օրենսգրքի 168-րդ հոդվածի կարգավորումների համաձայն՝ բնապահպանական հարկի մեծությունն արդեն իսկ կախվածության մեջ է դրված մեկ այլ կարևոր գործոնից՝ մեքենայի թողարկման տարեթվից): Բացի այդ, մեքենայի շարժիչի հզորության հիման վրա բնապահպանական հարկ հաշվարկելու մոտեցումն արդեն իսկ ամրագրված է ՀՀ հարկային օրենսգրքով»,- նշել են Ֆինանսների նախարարությունից՝ հանրային քննարկման ժամանակ ներկայացված առաջարկությունների ամփոփաթերթում:

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում առաջարկվող փոփոխությունների արդյունքում որոշ հարկատեսակների մասով բյուջեի մուտքերի նվազում է կանխատեսվում, օրինակ՝ եկամտային հարկի համահարթեցման արդյունքում։ Եվ այդ բացասական ազդեցությունը չեզոքացնելու նպատակով նախագծի մշակողները նախատեսել են այլ հարկատեսակների բարձրացում և դրանց գծով բյուջեի մուտքերի աճ։ Մեծ հզորությամբ շարժիչ ունեցող ավտոմեքենաների բնապահպանական հարկի բարձրացումը ևս միտված է բյուջեն «լցնելուն»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter