
Անօթևանների սառը տունը. անջատված ջեռուցում, սառեցված հաշիվներ և կուտակված պարտքեր
Վարդաշենի անօթևանների կացարանից ահազանգ ստացանք. մարտի 1-ից ջեռուցումն անջատված է, բնակիչները մրսում են: Հոսանքազրկված են նաև սենյակների վարդակները: Անօթևանները չեն կարողանում նույնիսկ թեյ տաքացնել սենյակներում, լիցքավորել հեռախոսները: Կացարանի միջանցքում են վարդակներն աշխատում, անջատված չէ միայն սենյակների լուսավորությունը:
Խնդրեցինք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից որևէ ներկայացուցիչ մեզ միանա, որպեսզի մեր մուտքը կացարան չսահմանափակվի, քանի որ այն հատուկ հաստատություն է, սակայն այդ մասին նախապես տեղյակ չպահեն անօթևանների կացարանի տնօրինությանը: Մեր այս խնդրանքը նախարարի օգնականին, թերևս, միամտություն էր, քանի որ մինչ մեր հասնելը, կացարանի մեր աղբյուրները տեղեկացրին, որ հոսանքը սենյակներում վերականգնել են, կացարանում մաքրման աշխատանքներ են իրականացվում, և հրահանգվել է սենյակները կարգի բերել՝ լրագրողներ են այցելելու:
Մարտի 5-ի կեսօրին կացարանում էինք: Մեր ժամանմանը սպասում էր ողջ անձնակազմը՝ կազմ ու պատրաստ: Մեզ ուղեկցում էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը:
Անօթևանների ժամանակավոր կացարանը Հաղթանակ (նախկինում՝ 4-րդ գյուղ) թաղամասից տեղափոխվեց Վարդաշեն 2014 թվականի հունվարի 1-ից: Այն միացվեց «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին: Կանոնադրությամբ՝ հիմնադրամի գործունեության հիմքում դրված է սոցիալապես ծանր պայմաններում հայտնված անձանց «օգնություն ինքնաօգնության համար» սկզբունքը: Հիմնադրամն իր գործունեությունը կազմակերպում է Դանիայում Կոֆոեդ ամուսինների կողմից 1928թ. ստեղծված դպրոցի օրինակով: Մինչ կացարանի միացումը, 2000 թվականին ստեղծված հիմնադրամը դանիական մոդելով զբաղվում էր սոցիալապես անապահով, անվճարունակ, 20-ից բարձր տարիք ունեցող անձանց կարճաժամկետ մասնագիտական ուսուցում իրականացնելով, այդ թվում` խոհարարություն, վարսահարդարում, մատնահարդարում, դիմահարդարում, կավագործություն և այլն: 2014 թվականից այն փոխեց իր մասնագիտացումը և առավելապես ստանձնեց անօթևաններին կացարան տրամադրելու գործառույթը:
«Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Շավարշ Խաչատրյանը վրոդովված է մեզ դիմավորում: Ասում է` անօթևանների համար նախատեսված «Ձմեռ» նախագիծը սկսվում է նոյեմբերից և ավարտվում` մարտի 1-ին, դրանից հետո ջեռուցումն անջատվում է:
Սենյակներից մեկը մուտք գործելիս դռան ճռռոցից անկողնու տակից դուրս է գալիս Գևորգ Չրամյանը: Անկողնու վրա լցված են նրա շորերը: Հոգեբան Սուսաննա Ումուտյանի դժգոհ հարցին, թե ինչու է Գևորգը շորերը լցրել անկողնու վրա, պատասխանում է` որ տաք լինի: Անօթևանները սենյակներում վերարկուներով էին, ոմանք՝ անկողնու մեջ փաթաթված:
Վարդակներում էլեկտրաէներգիայի բացակայության համար Շավարշ Խաչատրյանը տարօրինակ հիմնավորում է տալիս. ջեռուցման տաքացուցիչները հոսանքով են միանում, և կացարանի համակարգն այնպիսին է, որ երբ ջեռուցման համակարգն անջատվում է, անջատվում է նաև վարդակներ գնացող հոսանքը: Եվ քանի որ մարդիկ փորձել են լույսերից վարդակներ հոսանք հաղորդել, համակարգը շարքից դուրս է եկել: Սակայն մարտի 5-ին, այսինքն՝ մեր այցելության օրը, համակարգի խափանումը վերացվել էր, և արդեն վարդակներում էլ հոսանք կար: Թե ինչպես են կառուցված կացարանի հոսանքագծերը, որ ջեռուցման համակարգի անջատումը կամ միացումը կապ ունի վարդակներ հոսանք մտնելու հետ, տնօրենը դժվարացավ բացատրել:
20 րոպե լոգանք՝ շաբաթը մեկ անգամ
«Շաբաթը մեկ անգամ հազիվ կարողանում ենք լողանալ, այն էլ՝ 10-20 րոպեով են թույլ տալիս: Մինչև շորերդ հանում ու հագնում ես, 10 րոպեն անցնում է: Եթե հանկարծ մի քիչ ուշանաս, դուռը կկոտրեն, մինչև դուրս չգաս»,- պատմում է անօթևան Վանիկը (անունը փոխված է):
Կացարանի լոգասենյակում 5 լողախցիկ կա: Առաջինից ջուրը չռռում է անկանոն, հաջորդ երկուսն են քիչ թե շատ նորմալ վիճակում, չորրորդում, ըստ աշխատակիցների, միայն հաշմանդամներն են լողանում, քանի որ ջրի ծորակն ամրացված չէ պատին: 5-րդ խցիկը ծառայում է որպես մաքրելու պարագաների պահեստ: Տաք ջուրը միանում է միայն աշխատակցի հսկողությամբ և լողանալու համար սահմանված ժամերին, որովհետև, ինչպես հոգեբան Սուսաննա Ումուտյանը բացատրեց, «հոգեկաններ, անոտ, անձեռ մարդիկ կան», վտանգավոր է գազի կաթսաները մշտապես միացած թողնելը:
Այսինքն՝ եթե գրաֆիկից դուրս որևէ մեկը լողանալ ուզենա, պետք է դա անի սառը ջրով:
Աշխատակազմը մեր այցելության ժամանակ հավաստիացնում էր, որ շաբաթը 2-3 անգամ անօթևանները լողանում են: Սակայն նրանցից մի քանիսի հետ զրույցները նույն պահին բոլորովին այլ պատկեր ներկայացրին, որից անսպասելի շփոթվեցին նաև կացարանի աշխատակիցները:
2018թ. դեկտեմբերից «Հետք»-ը սկսեց ուսումնասիրել անօթևանների կացարանը և այնտեղ տիրող իրավիճակը: Անօթևանները մասնավոր զրույցներում մի շարք խախտումների, ինքնիրավչության, իրենց իրավունքների սահմանափակումների, սննդակարգի որակի և բարձիթողի վիճակի մասին էին պատմում: Մասնավորապես՝ անորակ սնունդ, տնօրենի բարեկամների լայն ներկայացվածություն անձնակազմում, հոգեկան անառողջ մթնոլորտ կացարանում, թմրանյութեր և ալկոհոլ օգտագործողներ, հիմնադրամին ուղարկված օգնության՝ հագուստի պարագաների չտրամադրում, ջեռուցման օրական մի քանի ժամով միացում, լողանալու անհնարինություն և այլն:
Կացարանում մեր ուսումնասիրությունների և չնախատեսված, ոչ պաշտոնական այցերի ընթացքում ականատես ենք եղել ալկոհոլային խմիչքի կիրառմանը, իսկ ծխելու արգելքն այստեղ ձևական է: Տղամարդկանց որոշ սենյակներում ծխախոտի հոտը քթիդ է փչում դուռը բացելուն պես:
Ովքեր են բնակվում անօթևանների կացարանում
Ի սկզբանե կացարանի տեսլականում դրվել էր այն դրույթը, որ փողոցում հայտնված անօթևանին, 3 ամիս կացարան տալուն զուգահեռ, պետք է աջակցել, որպեսզի լուծվեն նրա խնդրիները, որի հետևանքով անձն անօթևան է դարձել, անհրաժեշտության դեպքում` կարգավորվեն փաստաթղթերը, հնարավորության դեպքում` ընտանիք վերադարձնեն, աշխատանքի տեղավորեն կամ համապատասխան հաստատություն տեղափոխեն: Այլ կերպ ասած՝ կացարանը պետք է նպաստեր, որ անօթևանն ինտեգրվեր հասարակություն:
Ժամանակավոր կացարանի գործառույթը, սակայն, տասնյակ անօթևանների համար կենսունակ չէ. այստեղ ապաստան ստացածներից շատերի համար այն ոչ թե 3-ամսյա ապաստարան է դարձել, այլ` վերածվել մշտական բնակության վայրի: Մի մասն էլ այստեղ մահացել է: 2014-ից հետո կացարանում տարեկան միջինում 10 անօթևան է մահացել: Այսինքն՝ 10 տոկոս մահացություն է գրանցվել:
Կացարանում 2-3 և ավելի տարի բնակվող անօթևաններ կան: Նույնիսկ այնպիսիները, ովքեր 2014-ին Հաղթանակ գյուղի կացարանից տեղափոխվել են հիմնադրամի ապաստարան, դեռևս շարունակում են մնալ անօթևան: Նրանց հարցերը տարիներով հաստատությունը չի կարողացել լուծել: Բացի դրանից, կան հաշմանդամություն, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք:
Սերգեյը երկու տարի է՝ ապրում է այստեղ: Պրոթեզավորել են, սակայն չի համակերպվում դրան: Ասում է՝ նոր պրոթեզ է ուզում, որը հարմար կնստի ոտքին, որ հագնի ու դուրս գա աշխատելու: Արթուր Կեսոյանը հորդորում է նրան՝ գնալ ծերանոց, որտեղ երեքանգամյա սնունդ են տալիս: Անձնակազմն ասում է՝ Սերգեյն ինքն է հրաժարվում ծերանոց տեղափոխվել:
-Ձեզ մոտ շատ են 67 տարին լրացած անձինք, հաշմանդամության խումբ ունեցողներ, որոնք ապրել են երեք ամիս և ավելի, որ դուք փաստաթղթերը պետք է պատրաստեք նրանց խնամքի կենտրոն ուղարկելու համար: 30-ից ավելի անձինք կան,- նկատում է Արթուր Կեսոյանը:
-Տեղյակ ենք,- արձագանքում է հոգեբանը:
-Տեղյակ լինելը մի բան է, փաստաթղթերը դասավորելը՝ մեկ այլ բան: Մենք հերթ ունենք անօթևաններում, բայց էդ մարդիկ ապրում են ձեզ մոտ: Խնամքի կենտրոններում ունենք տեղեր, որտեղ կարող ենք ուղեգրել այդ մարդկանց, բայց այս խդնիրը կա: Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, արագ կարգավորեք այս հարցը:
-Քաղաքացին է հրաժարվում, պրն. Կեսոյան:
-Քաղաքացու հրաժարումը բերում է քաղաքացուց հրաժարվելուն:
100 անօթևանից 20-ը հոգեկան առողջության խնդիրներ ունի: Կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանը հավաստիացնում է, որ իրենց մոտ միայն հոգեկան թույլ արտահայտված շեղումներով մարդիկ են: Հոգեբանը նույնպես վստահ է, որ նրանք որևէ վտանգ չեն ներկայացնում շրջապատի համար: Սակայն ծրագրերի ղեկավար Համլետ Հովհաննիսյանը հաստատում է մեր տեղեկությունը, որ այստեղ 5 տարի առաջ պատուհանից ներքև նետվելով` ինքնասպանություն է գործել մեկը, ով հոգեկան առողջության խնդիր է ունեցել:
Հոգեբան Սուսաննա Ումուտյանն էլ ասում է, որ ծերունական փսիխոզով տառապող 5 բնակչի չի ուզում ուղեգրել համապատասխան հաստատություն, որովհետև, իր կարծիքով, նրանք այդպիսի հատուկ հաստատությունների շահառուներ չեն:
Կացարանի այլ բնակիչներ ձայնագրել և մեզ են փոխանցել հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների հետ ամենօրյա վեճերը, բարձր բղավոցները, անպարկեշտ արտահայտություններ, որոնք ազդում են առողջ անօթևանների հոգեկանի վրա և խաթարում մյուսների անդորրը: «Ի վերջո, սա հոգեբուժարան չէ, այլ անօթևանների ժամանակավոր կացարան է, բայց մենք էլ ենք հոգեկան դառնում արդեն` ամեն օր իրենց բղավոցները, հայհոյանքներն ու վեճերը լսելով»,- ասում է Վարուժանը (անունը փոխված է):
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ներկայությունը անօթևանների կացարանում Արթուր Կեսոյանը հիմնավորում է այսպես. նրանք մնում են «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում 20 օր, որից հետո դուրս են գալիս և հայտնվում փողոցներում: Նրանց խնամքը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է իրականացնում, որն ունի երկու հաստատություն՝ Վարդենիսի նյարդաբանական տուն-ինտերնատը և «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնը: Մի տեղում՝ 450, մյուսում՝ 120 տեղ կա: Այդ հաստատություններում հազվադեպ են տեղեր ազատվում, և հերթ է գոյանում: Այս է պատճառը, որ հոգեկան առողջության թույլ արտահայտված խնդիրներ ունեցող անձինք ապրում են անօթևանների ժամանակավոր կացարանում:
«Ինչ անենք, դուրս թողնենք՝ դառնում է անօթևան»,- ասում է Արթուր Կեսոյանը:
Պաշտոնյան նշում է, որ այս առումով նախարարության քաղաքականությունն այն է, որ բոլոր մարզերում ստեղծվեն հոգեկան խնդիրներ ունեցողների համար նախատեսված փոքր տներ, որտեղ իրենք իրենց առօրյան կարողանան ինքնուրույն կազմակերպել: Սակայն տները դեռ ստեղծված չեն, ինչի հետևանքով հոգեկան խնդիրներ ունեցողները ևս ապաստանում են կացարանում:
«Տուբերկուլյոզովը փողոցում է, հեպատիտ C-ովը փողոցում է, վեներական հիվանդություններ ունեցողը փողոցում է, մաշկային հիվանդները փողոցում են: Ի՞նչ անենք»,- միջամտում է Շավարշ Խաչատրյանը:
Շավարշ Խաչատրյանը կացարանն ընդլայնելու նպատակներ ունի, քանի որ անօթևանների հերթացուցակ կա, մարդիկ սպասում են տեղեր ազատվելուն: Խաչատրյանի ասելով՝ բանակցություններ են ընթանում Երևանի քաղաքապետարանի հետ, որպեսզի հաստատության երրորդ հարկում 50 տեղ հատկացնեն: Երրորդ հարկն ազատ է, և այն կարող է ծառայել միայն երևանաբնակ անօթևանների համար: Դրա համար արդեն գույքն ունեն, որը ներմուծվել է Դանիայից: Եվս մեկ գաղափար կա՝ անօթևանների համար փոքր կացարաններ ստեղծել մարզերում, որպեսզի բոլորը չհայտնվեն Երևանում, և հերթ չգոյանա:
Հաղթանակ թաղամասի թիվ 1 տուն-ինտերնատին կից անօթևանների կացարանը երեքանգամյա սնունդ էր տալիս նրանց, և այնտեղ հայտնված անօթևանները տարիներ շարունակ մնում էին, որովհետև չէին ուզում դուրս գալ: «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հետ ծրագրի մեկնարկին խնդիր էր դրվել երկանգամյա սնունդ սահմանել՝ առավոտյան և երեկոյան, իսկ կեսօրին անօթևանները պետք է աշխատանք գտնեին, աշխատեին և հոգային իրենց սնունդն ինքնուրույն: Դա պետք է հիմք դառնար, որ հետագայում նրանք կենտրոնից դուրս գային: Սակայն կացարանի ղեկավարությունը վստահեցնում է, որ հիմնականում ոչ մեկն էլ չի ցանկանում աշխատել և մնում է կացարանում: Այսինքն՝ ի սկզբանե հաստատության համար նախանշված նպատակները չեն իրագործվում, կամ իրականացվում են մասնակիորեն:
«Մատուցվող ծառայությունների համար թիվ ենք դրել, որ այդչափ թվի անօթևաններ պետք է վերադարձվեն տներ, հաշտեցնեն հարազատների հետ»,- ասում է նախարարության աշխատակիցը:
«Ընտանիք վերադարձողների թիվն ավելի է գերակշռում, քան խնամքի տուն կամ ինքնուրույն կյանքի գնացողներինը»,- միջամտում է կացարանի հոգեբան Սուսաննա Ումուտյանը:
Ի՞նչ են ուտում անօթևանները
Կացարանի խոհանոցը լի էր սառեցված և պահածոյացված սննդով: Միս այստեղ երբևէ չի մատուցվում: Փոխարենը` սառեցված նրբերշիկի մեծ խմբաքանակ է պահվում սառցարանում, մակարոնեղենի ու ընդեղենի տեսականիներ: Տնօրինությունն ասում է, որ սոցապ նախարարությունն է սննդակարգից միսը հանել, քանի որ յուրաքանչյուր անօթևանի համար նախատեսված է օրական 760 դրամի չափով ֆինանսավորում: Սնունդը երկանգամյա է՝ առավոտյան և երեկոյան: Կեսօրին, ինչպես արդեն նշել ենք, անօթևաններն ինքնուրույն պետք է հոգան իրենց սննդի հարցը:
Սննդի համար կացարանը մրցույթ չի հայտարարել, այլ ինքն է իրականացնում գնումները: Չնայած ֆինանսավորման առյուծի բաժինը պետական բյուջեից է, այդուհանդերձ, Շավարշ Խաչատրյանն ասում է, որ իրենց հիմնադրամի կանոնադրությամբ կարող են մրցույթ չհայտարարել:
Կացարանի հաշիվները կալանքի տակ են
ՀՀ պետական բյուջեից անօթևան մարդկանց համար ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայություններ տողով պետական բյուջեից տարեկան հատկացվում է միջինում 56 մլն դրամի սահմաններում սուբսիդիա: Միայն 2019-ին է նախատեսվել փոքր-ինչ քիչ՝ 52,6 մլն դրամի չափով: Տնօրեն Շավարշ Խաչատրյանն ասում է, որ Դանիայի «Կոֆոեդ» դպրոցի կողմից ևս կացարանը ֆինանսավորում ստանում է: Սակայն դանիական կողմն էլ սպասում է, որ պետբյուջեից հաստատումն արվի, դրանից հետո նոր փոխանցում իրականացնեն: Տնօրենը խուսափում է հստակ թվեր հրապարակելուց:
Հիմնադրամի ֆինանսական հաշվետվություններն ուսումնասիրելուց հետո պարզ է դառնում, որ դանիական կողմի ներդրումը սիմվոլիկ է: Օրինակ՝ 2017թ.-ին 4,2 մլն դրամ է հատկացրել հայաստանյան «քույր» հիմնադրամին: 2018թ.-ի հաշվետվությունում դանիական «Կոֆոեդ» դպրոցից որևէ փոխանցում չի երևում:
«Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի ֆինանսական աղբյուրները` ըստ 2011-2018թթ. հաշվետվությունների
Հիմնադրամը տարեկան միջինում 28 աշխատակից է ունեցել, միջին աշխատավարձն այստեղ 160 հազար դրամ է: Աշխատակազմին վճարված աշխատավարձերի թիվը տարեկան 28 մլն դրամի սահմաններում է: Եթե դիտարկենք, որ հիմնադրամի տարեկան բյուջեն 60 մլն դրամի սահմաններում է, ապա դրա կեսը միայն աշխատավարձերի վճարմանն է գնում: Բյուջեի կեսով են հոգում 100 անօթևանի կեցության ծախսերը:
Շավարշ Խաչատրյանի վրդովմունքը միայն մեր «անակնկալ» այցելությամբ չէր պայմանավորված. պետբյուջեից հատկացված սուբսիդիան ավարտվել է 2018-ի դեկտեմբերի վերջին, և մինչ այժմ (մարտի 5-ի դրությամբ) պետբյուջեից փոխանցում չի կատարվել 2019-ի ծախսերի համար: Երկու ամիս է՝ կացարանի աշխատակազմն աշխատավարձ չի ստացել:
Արթուր Կեսոյանն ասում է, որ խնդիրն առաջացել է սուբսիդավորումից դրամաշնորհային կարգի անցնելու պատճառով: Ծառայություններ մատուցող ՀԿ-ները հունվարի մեկից մրցութային կարգով են մասնակցելու պետությունից դրամաշնորհներ ստանալու կարգին: Քանի որ բյուջեն դեկտեմբերի 28-ին է հաստատվել, հունվարի 1-ից չեն կարողացել մրցույթ հայտարարել: Կառավարությանն են դիմել, որ թույլ տա պայմանագիրն առաջին եռամսյակի համար կնքել, մինչև ամփոփվեն մրցույթի արդյունքները, և անցնի թղթաբանական ողջ գործընթացը:
«Ես գտնում եմ, որ պետությունը պետք է ընդառաջ գնար և ավելի շուտ այս պայմանագիրը կնքեր, որպեսզի մարդիկ աշխատավարձ ստանային: Մարդկանց մենք կերակրում ենք դոնորի հաշվին կամ այլ միջոցների հաշվին, ծախսերը մեր վրա են, մարդկանց չենք կարող աշխատավարձ տալ: Բացի դրանից, անկախ նրանից, թե մենք աշխատավարձ տալիս ենք, թե չէ, հարկային պարտավորություններ են առաջացել աշխատավարձի չտալու համար: Դրա համար ընկել ենք սանկցիաների տակ»,- հակադարձում է Շավարշ Խաչատրյանը:
Պարտքերի պատճառով հիմնադրամի հաշիվների վրա կալանք է դրվել:
«Ոչ մեկը չգիտեր, որ այս տարի սուբսիդիայի պայմանագիրը չի կնքվել, դրամաշնորհ է լինելու: Դրամաշնորհն իրենից ենթադրում է մրցակցություն, և մինչև մրցույթ է հայտարարվում, մինչև հաղթող է ճանաչվում, ժամանակ է անցնում»,- արդարացնում է Արթուր Կեսոյանը:
Մեր պաշտոնական այցելությունն ավարտվեց անձնակազմի աշխատասենյակում, որտեղ հրավիրվեցինք որոշ վիճակագրության ծանոթանալու համար: Անձնակազմի աշխատասենյակում շոգ էր, և այնտեղ ջեռուցում կար: «Էլեկտրական տեն է»,- հերթով սկսեցին արդարանալ աշխատակազմի անդամները:
Աուդիտ, որը մի շարք խախտումներ է հայտնաբերել
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գրավոր հարցմամբ խնդրել էինք հայտնել, թե արդյոք նախարարությունը ստուգումներ իրականացրե՞լ է կացարանում: Մեր հարցմանն ի պատասխան` նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարտիրոսյանը հայտնել է, որ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամում նախարարությունը ստուգումներ չի իրականացրել, եղել է միայն աուդիտ 2014 և 2016 թվականներին: Աուդիտ իրականացվել է նաև 2018 թվականին: Արդյունքներն ամփոփման փուլում են և պատրաստ կլինեն 10-օրյա ժամկետում:
Անդրադառնանք վերջին` 2016թ. աուդիտին, որտեղ 2014թ. աուդիտի համեմատ, մանրամասն ներկայացված են արդյունքները:
Այսպիսով, նախարարության աուդիտն արձանագրել է, որ չի ապահովվել`
- անօթևանների կողմից կացարան կրկնակի դիմելիության ցուցանիշը` անօթևանների ընդհանուր թվի ոչ ավել, քան 20 %-ը,
- անօթևանների ընդհանուր թվի առնվազն 10 %-ի վերադարձ ընտանիք,
- անօթևան անձանց ընդհանուր թվի առնվազն 20 %-ի ներգրավում մասնագիտական ուսուցման դասընթացներում:
Բացի սրանցից, չի իրականացվել նախարարի 2014թ. համապատասխան հրամանի պահանջը, այն է` կացարանի յուրաքանչյուր սպասարկվող պետք է ապահովված լինի առանձին մահճակալով, մեկ փոքր պահարանով, իսկ յուրաքանչյուր ննջասենյակ` հանդերձապահարանով (յուրաքանչյուր չորս անձի հաշվարկով` մեկ հատ): Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կազմակերպության ննջասենյակներն ապահովված չեն եղել չափորոշիչով սահմանված փոքր պահարաններով և հանդերձապահարաններով:
Կացարանի լվացքի մեքենաների հզորությունը չի համապատասխանել հրամանով հաստատված պահանջին, համաձայն որի` կացարանը պետք է ունենա լվացքատուն, լվացքը չորացնելու համար առանձին տարածք, լվացքի մեքենաներ` յուրաքանչյուր հինգ սպասարկվողի հաշվով 1 կգ հզորությամբ: Ստուգմամբ պարզվել է, որ կացարանի լվացքի մեքենաների հզորությունը կազմում է 17 կգ` պահանջվող 20 կգ-ի փոխարեն:
Կացարանի սանհանգույցը չի համապատասխանում հրամանով հաստատված պահանջին, այն է` կացարանը պետք է ունենա սանհանգույց, մեկ հատ` յուրաքանչյուր 10 խնամվողի հաշվարկով և բաղնիք` յուրաքանչյուր 20 խնամվողին մեկ ցնցուղի հաշվարկով: Ստուգմամբ պարզվել է, որ կացարանում առկա է եղել 2 սանհանգույց, մեկը` կանանց, մյուսը` տղամարդկանց համար, յուրաքանչյուրում առկա է եղել 3 լվացարան, 4 զուգարանակոնք:
Հիմնադրամում բացակայել են կացարանի` հիմնադրամի տնօրենի կողմից հաստատված, ներքին կարգապահական կամ համակեցության կանոնները, ինչը ևս սահմանված պահանջ է:
Խախտվել են մի շարք այլ կետեր, ինչպես, օրինակ, փաստաթղթեր լրացնելու, կացարանում նոր բնակչի ընդունելության և դուրսգրման ձևակերպման, բժշկի կողմից նրան զննելու և որոշակի հիվանդության դեպքում առանձնացված կարանտինային սենյակում տեղավորելու վերաբերյալ:
Հիմնադրամի տնօրենի կողմից հաստատված հաստիքացուցակը չի համաձայնեցվել նախարարության հետ:
«Ուսումնասիրվող ժամանակաշրջանում կացարանում բնակվող անօթևաններին սննդամթերքով ապահովելու նպատակով` ՀՀ պետական բյուջեով ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցներով` պայմանագրով տրամադրված 27 մլն 816 հազար դրամ միջոցները ծախսվել են մթերային խանութներից ուղղակի գնում կատարելու միջոցով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործընթացը չի կարգավորվում գնումների օրենսդրությամբ, այդ իսկ պատճառով աշխատանքային խմբի կողմից այն դիտարկվում է բարձր ռիսկային: Միաժամանակ, հարկ է նշել, որ կազմակերպությունում բացակայում է սննդամթերքի բաշխման ընթացակարգը»,- ամրագրվել է ստուգման արդյունքների փաստաթղթում: Սրանից բխող հանձնարարություն է տրվել Շավարշ Խաչատրյանին` հիմք ընդունելով նախարարի հրամանի պահանջները և հաշվի առնելով կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների յուրահատկությունները` կացարանում բնակվող անօթևանների սննդամթերքի ձեռքբերման (անկանխիկ ձևով) և բաշխման նպատակով մշակել գնումների իրականացման և սննդամթերքի բաշխման համապատասխան ընթացակարգ` համաձայնեցնելով նախարարության հետ:
Մեր այցելությունները ցույց են տալիս, որ այս խախտումների մեծ մասը դեռևս չի վերացվել: Ավելին, Դանիայի Կոֆոեդ դպրոցի մոդելը և դրա սոցիալական ցանցերի հրապարակումներն ուսումնասիրելով՝ կարելի է եզրակացնել, որ այն հայաստանյան հիմնադրամի գործունեության հետ այլևս աղերսներ չունի: Դպրոցի հայաստանյան «քույրը» այդպես էլ չի կարողացել ադապտացնել դանիական մոդելը և ձևավորել ինքնօգնություն ցուցաբերելու, սոցիալական անապահով խավի զբաղվածությունն ու կրթությունն ապահովելու սկզբունքները:
Եվ քանի դեռ մարդաքանակ ապահովելու համար անօթևանների կացարանում տարիներով մարդիկ են պահվում, փողոցներում շարունակում են մնալ տասնյակ անօթևաններ:
Հ. Գ. Կացարանի էլեկտրաէներգիայի կուտակած պարտքի՝ 800 հազար դրամից ավելի, պատճառով ՀԷՑ-ն օրերս սպառնացել է անջատել կացարանի էլեկտրաէներգիայի մատակարարումը: Տնօրինությունն ու նախարարությունը փորձում են բանակցել, որպեսզի այն չանջատվի՝ մինչև կլուծվի ֆինանսավորման հարցը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել