
Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց դատավոր Արմեն Բեկթաշյանի որոշումը
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանավորված:
Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ քիչ առաջ հրապարակեց նրա խափանման միջոցի գործով որոշումը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատավոր Արմեն Բեկթաշյանի որոշումը:
Որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Քոչարյանի գործով դատախաղ Պետրոս Պետրոսյանը:
Քոչարյանի պաշտպանները բողոքարկել են նրա կալանքի ժամկետը երրորդ անգամ երկարացնելու և իրենց ներկայացրած գրավի միջնորդությունը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը: Դատախազությունն էլ բողոք է ներկայացրել որոշման դեմ՝ նրան վերագրվող կաշառքի հոդվածում հիմնավոր կասկածի բացակայության և թաքնվելու վտանգ չլինելու մասով:
Նշենք, որ դատավոր Արմեն Բեկթաշյանը, քննելով Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, մարտի 15-ին նրան կալանավորելու որոշում էր կայացրել, բայց գտել, որ նրան վերագրվող կաշառքի դրվագում հիմնավոր կասկած առկա չէ: Բացի այդ, դատարանը նաև գտել էր, որ առկա չէ Քոչարյանի թաքնվելու վտանգ:
Քոչարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Նրա, ինչպես նաև «Մարտի 1-ի գործով» մեղադրյալներ Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի վերաբերյալ գործով նախաքննությունն ավարտվել է, ամենայն հավանականությամբ գործը շուտով դատարան կուղարկվի:
Մեկնաբանել