HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

«Արարատ»՝ բիզնես ցանց, որը միավորում է ԱՄՆ-ում ապրող հայերին

Վաշինգտոնում և ամերիկյան այլ քաղաքներում հաստատված հինգ հայ գործարարներ երեք տարի առաջ միավորվել և հիմնել են բիզնես ցանց, որն անվանել են «Արարատ»։ Նպատակն է, միմյանց բիզնես առաջարկներ ու ծառայություններ փոխանցելով, նպաստել ցանցի անդամ հանդիսացող գործարարների բիզնեսի զարգացմանը։  Այսօր ցանցի անդամների թիվը երկու տասնյակից ավելին է։ Նրանք տարբեր ոլորտներից են։ Մի մասն իր սեփական բիզնեսն ունի, մյուս մասը՝ ընդգրկված է տարբեր բիզնեսներում։

«Արարատ» բիզնես ցանցի համահիմնադիր Արարատ Ստեփանյանն ասում է, որ նման կառույց հիմնելու գաղափարն իր մոտ ծնվել է գործարար հավաքներից մեկի ժամանակ, երբ տեղում ներկա այլազգի գործարարներից մեկն իրեն առաջարկել է ծանոթացրել է մեկ այլ հայի հետ։

«Մասնակցում էի նման ցանցային հավաքի՝ նեթվորքինգի, որտեղ իմ ծանոթներից մեկն ասաց, որ կարող է ծանոթացնել ինձ մի հայի հետ և ես վատ զգացի, որ հայը հայի հետ չի կարողանում ծանոթանալ, այլազգին պետք է ծանոթանի։ Անհրաժեշտություն տեսա, որ հայերս, հատկապես՝ գործարարներով, մեկս մյուսին ճանաչենք։ Մի քանի հոգով որոշեցինք այդ բիզնես ցանցը հիմնադրել, որ հայ գործարարներով միմյանց ճանաչենք ու օգնենք՝ մեկս մյուսին  բիզնես փոխանցելու ճանապարհով։ Օրինակ՝ մեր անդամներից մեկը վերջերս տուն գնեց։ Այդ հիփոթեքային վարկը տրամադրեց մեր հայ անդամներից մեկը, անշարժ գույքի գործակալը հայ էր, տան ապահովագրությունն իրականացրեց մեր մյուս անդամը, ծաղիկների հարցը լուծեց մեր ծաղկավաճառը և այլն։ Այսինքն՝ մեկ գործարքից օգտվեց է մի քանի հայ։ Եթե մեր ցանցը չլիներ, տան գնորդ հայը կօգտվեր այլ ծառայություններից։ Նա կարող էր տասնյակ այլազգի գործարարների հետ գործարքներ անել, բայց քանի որ կա այս ցանցը, նա հայերի հետ աշխատեց»,- «Հետք»-ի հետ զրույցում պատմեց Արարատ Ստեփանյանը։

Ձախից՝ Արարատ Ստեփանյանը

Արարատ Ստեփանյանը մասնագիտությամբ տնտեսագետ է։ ԱՄՆ է տեղափոխվել 2001 թվականից, որտեղ ձեռք է բերել նաև հոգեբանի մասնագիտություն։ ԱՄՆ-ում հիմնել է սեփական բիզնեսը՝ «Արտերիքս»-ը։ Ինչպես ինքն է ասում՝ օգնում է ամերկացիներին պայքարել վնասատու միջատների դեմ.«Այստեղ շատ են փայտե տները և պատերի մեջ ճեղքեր են առաջանում։ Միջատներն այդ ճեղքերում հաստատվում են ու վնասում են փայտը։ Մենք օգնում ենք մարդկանց պայքարել դրանց դեմ»։

«Արարատ» բիզնես ցանցի անդամներն իրենց կառույցի գործարարների շրջանակն ու աշխարհագրությունն ընդլայնելու ծրագրեր ունեն։ «Այս պահին մեր բիզնես ցանցը միավորում է հիմնականում Վաշինգտոնում բնակվող հայ գործարարներին։ Ունենք  ընկերներ այլ նահագներից ու այլ երկրներից, որոնք ևս հետարքրված են այս գաղափարով։ Նախատեսում ենք, որ մոտ ապագայում Մոսկվայում էլ նման կառույց բացվի»,- տեղեկացրեց Արարատ Ստեփանյանը։

Շահույթի 5%-ը՝ բարեգործական ֆոնդին

«Արարատ» բիզնես ցանցում մեկ «խիստ» կանոն է գործում. ցանցի միջոցով կայացված գործարքների արդյունքում ստացված շահույթի 5%-ը գործարարները փոխանցում են իրենց կողմից հիմնադրված «Հայլենդ» բարեգործական ֆոնդին։ Այն Հայաստանում իրականացնում է ոչ կրոնական և ոչ քաղաքական բարեգործական ծրագրեր՝ օգնում է վիրավոր զինվորի, գիրք է հրատարակում և այլն։

«Մեր առաջ խնդիր ենք դրել բիզնես զարգացնելու ու դրա հետ մեկտեղ բարեգործություն անելու։ Ապագայի համար հեռանակարն այն է, որ մեր ցանցը տարածենք այն բոլոր երկրներում, որտեղ հայեր են ապրում։ Մենք կարող են այցելել իրենց, ծանոթանալ, կապեր հաստատել»,- ասում է Արարատ Ստեփանյանը։

Նա ցավում է, որ Հայաստան այնքան հաճախ չի այցելում, որքան կցանկանար։ Մոտ երկու շաբաթ առաջ է այստեղ եղել։ Ասում է՝ չնայած, որ Հայաստանում, իր կարծիքով, դեռևս ներդրումների ու բիզնեսի հարցում խոչընդոտներ կան, սակայն վերջին այցելությունից ստացած ընդհանուր տպավորությունները հուսադրող են։

«Ներդրումային միջավայրը մեկ տարի առաջվա համեմատ բարելավվել է։ Շուկան փոքր է, այդ խնդիրը դեռ մնում է։ Բայցի այդ, տրանսպորտի խնդիրն է բարդացնում հարցը։ Բայց եթե կարողնանք արտահանման համար ապրանքներ թողարկել, կարելի է հաջողության հասնել։ Պետք է ընտրել Հայաստանի բնակլիմայական և այլ պայմաններին հարմար ապրանքներ ու արտահանել։ Ես հիմա մի գործարարի հետ եմ խոսում, ով ունի չրի արտադրություն։ ԱՄՆ-ի շուկան շատ մեծ պահանջարկ ունի օրգանիկ մթերքների նկատմամբ՝ չիր, պտուղ-բանջարեղեն և այլն։ Եվ  թանկ է, և մեծ պահանջարկ ունի։ Խանութների ցանցեր կան, որ եթե իմանան՝ բնական է, կգան, տոննաներով կգնեն։ Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքն, ի տարբերություն այլ երկրների, շատ համեղ է։  Եվ եթե կարողնանք օրգանականի սերտիֆիկատը ներկայացնել, Հայաստանում այդ ճյուղը մի քանի տարվա մեջ թռիչքային զարգացում կարող է ապրել՝ արտահանելով ոչ միայն Ամերիկա, այլև՝ Կանադա, Եվրոպա և այլն: Հայաստանում նաև ներդումային մեծ ներուժ կա, հատկապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում»,- կարծում է ամերիկահայ գործարարը։

Նրա խոսքով՝ քննարկվում է նաև Վաշինգտոնում հայ-ամերիկյան առևտրատնտեսական պալատ հիմնելու հարցը։ «Մեր անդամներից յուրաքանչյուրը բազմաթիվ ծանոթներ ունի՝ և հայ, և այլազգի։  Նրանց միջև առևտրատնտեսական կապեր հաստատելու գործում մենք կարող ենք մեծ դերակատարում ունենալ։ Տարածված է այն միտքը, որ հայը հայի հետ գործ չի անում։ Դա հոգեբանական պատնեշ է։ Օտարազգի մարդիկ հայ գործարարների մասին բարձր կարծիք ունեն։  Հիմա մտածում եմ՝ եթե օտարազգիները մեր մասին այդքան բարձր կարծիքի են, ինչու ենք մենք բոլորս այդպես վատ արտահայտվում մեկս մյուսի մասին։ Լավն էլ ունենք, վատն էլ։ Եկեք փորձենք գտնել լավերին և ձևավորել հայ բիզնես էլիտա և այդ էլիտայի ծառայությունները մատուցենք ոչ միայն օտարազգիներին, այլև՝ ինքներս մեզ՝ հայերիս»,- նշեց Արարատ Ստեփանյանը։

Հարցին՝ Հայաստան վերադառնալու ծրագրեր ունե՞ն, թե՞ ոչ, նա պատասխանում է. «Բոլորս էլ գիտենք, որ  մեր վերջնական հանգրվանը Հայաստանն է։ Բնականաբար մտածում ենք այդ մասին՝ սպասելով ամենահարմար պահին։  Ես մտածում եմ Հայաստանում ներդրումներ կատարելու և ընտանիքով  տեղափոխվելու մասին, բայց առայժմ ժամկետներ չգիտեմ»։

«Արարատ» բիզնես ցանցն ունի տարբերանշան, որ վրա նշված է 9390 թիվը։ Ըստ Արարատ Ստեփանյանի՝ այն խորհրդանշում է Վաշինգտոնի և Արարատ լեռանի միջև հեռավորությունը։  

 

 

Մեկնաբանություններ (2)

Ալեքսանդր Վարպետյան
Շատ հեռանկարային նախաձեռնություն է: Երիցս առավել, որ Արարատ Ստեփանյանը նվիրյալ հայորդի է և բիզնեսի հետ զարգանալու է ոգե-գաղափարական հասունացումը:
Preston Bagrationi
Here is a beautiful early rock song by the Who. "Armenia city in the sky." https://www.youtube.com/watch?v=2naTu5WpsEQ&list=RDMMpt2PnfdqzTg&index=14 God bless our motherland, Armenia. Proud Armenian, Preston Bagrationi

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter