HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Քաղաքապետարանը «Փյունիկ» հիմնադրամին փոխանցած միլիոնավոր դրամները հսկելու մեխանիզմ չի ունեցել

«Փյունիկ» բարեգործական հիմնադրամը հրապարակել է 2018 թվականի տարեկան հաշվետվությունը։ Հիմնադրամի 2017-2018 թվականների ֆինանսական միջոցների համեմատությունից պարզվում է, որ 2018 թվականին հիմնադրամի ֆինանսական միջոցները կրճատվել են 236 միլիոն դրամով։ Նշենք, որ 2017 թվականին հիմնադրամի ֆինանսական միջոցները կազմել են մոտ 725 միլիոն դրամ, իսկ 2018-ին՝ 489 միլիոն դրամ։

«Փյունիկ» բարեգործական հիմնադրամի բյուջեն ձևավորվում է նվիրատվություններից։ Տարիներ շարունակ խոշոր նվիրատուները եղել են Երևանի քաղաքապետարանն ու «Երևան» հիմնադրամը։

Հիշեցնենք, որ «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը  Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն է։ 2018 թ․-ին՝ իշխանափոխությունից հետո, Լևոն Սարգսյանը հեռացել է Հայաստանից, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված։

2018 թվականին քաղաքային բյուջեից «Փյունիկ» հիմնադրամին փոխանցվել է 303 միլիոն դրամ, 2017 թվականին՝ մոտ 275 միլիոն դրամ, 2016 թվականին՝ 85 միլիոն դրամ։ Այս գումարները՝ որպես նվիրատվություն, տրամադրվել են Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ժամանակ։

2018-ին փոխանցված 303 միլիոն դրամից 103 միլիոն դրամը հատկացվել է սիզամարգերի ստեղծմանն ու ծաղկապատմանը, 200 միլիոնը՝ բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման ու պահպանման համար։

2019 թ․ Երևանի քաղաքապետարանը «Փյունիկ» հիմնադրամի հետ սիզամարգերի ստեղծման և ծաղկապատման նոր պայմանագրեր չի կնքել: Այդ աշխատանքներն արդեն կկատարեն Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ՓԲԸ-ները։

Երևանի քաղաքապետարանը տեղյակ չէ՝ «Փյունիկ» հիմնադրամին տարիներ շարունակ փոխանցված գումարները որքանով են արդյունավետ ծախսվել։

Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ հիմնադրամի հետ կնքած այդ պայմանագրերում վերահսկողության որևէ մեխանիզմ նախատեսված չի եղել։ Այդ իսկ պատճառով աշխատանքների լիարժեք կատարման մասով ոչ մի փաստաթուղթ չի կազմվել:

Տարիների շարունակ Երևանի քաղաքապետարանը նվիրատվության կարգով միլիոնավոր դրամներ է փոխանցել «Փյունիկ» բարեգործական հիմնադրամին։ Բացի այդ, հիմնադրամին միլիոնավոր դրամներ են տրամադրվել «Երևան» հիմնադրամից, որն էլ իր հերթին այդ գումարները ստացել է Երևանի քաղաքապետարանից։

Չնայած այս գումարները քաղաքային բյուջեից «Փյունիկ» հիմնադրամին փոխանցվել են ծառայությունների մատուցման համար, սակայն ձևակերպվել են որպես նվիրատվություններ։

Երևանի քաղաքապետարանից «Երևան» հիմնադրամի միջոցով «Փյունիկ» հիմնադրամին կատարած փոխանցումները «Հետք»-ն ուսումնասիրում էր դեռևս 2018 թվականի հունիսին։ Այդ գործարքների մասին գրավոր հարցում էինք ուղարկել «Երևան» հիմնադրամ, որը մնացել է անպատասխան, քանի որ Ազգային անվտանգության ծառայությունն առգրավել էր «Երևան» հիմնադրամի փաստաթղթերը։

«Փյունիկ» հիմնադրամը նաև խուսափել է հարկեր վճարելուց։ www.1000plus.am կայքի տվյալներով` 2017 թվականից մինչ օրս «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» ամսական վճարում է 1000 դրամ։ Այսինքն՝ ունեցել է մեկ աշխատող։

Քաղաքային բյուջեից «Փյունիկ» հիմնադրամին փոխանցված գումարների մասին

2017 թվականին Երևանի քաղաքապետարանը «Փյունիկ» հիմնադրամին մոտ 255 միլիոն դրամ է տրամադրել։

162 միլիոն դրամ տրամադրվել է սիզամարգերի ստեղծման և ծաղկապատման համար, 65 միլիոն դրամ՝ սոցիալապես անապահով ընտանիքներին տոնական և հիշատակի օրերին աջակցություն ցուցաբերելու, 28 միլիոն դրամ՝ ջրային կառույցների շահագործման և պահպանման համար։

Քաղաքային բյուջեից հիմնադրամին տրամադրած ամենախոշոր նվիրատվությունը եղել է 2016 թվականին: Այդ տարում «Փյունիկ»-ին փոխանցվել է 636 միլիոն դրամ, որից 556 միլիոն դրամը՝ «Երևան» հիմնադրամի միջոցով։

«Երևան» հիմնադրամի փոխանցած 156 միլիոն դրամով պետք է ստեղծվեին սիզամարգեր և իրականացվեր ծաղկապատում, իսկ 400 միլիոն դրամով՝ պահպանվեին և հիմնանորոգվեին բակային տարածքներ և խաղահրապարակներ։

Իսկ քաղաքապետարանի փոխանցած 65 միլիոն դրամով հիմնադրամը պետք է տոնական և հիշատակի օրերին սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերեր աջակցություն, 15 միլիոն դրամով էլ արտադպրոցական կազմակերպությունների համար անհրաժեշտ գույք գներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter