
Արցախի ՄԻՊ-ը «Հետք»-ի բողոքը քննարկման ընդունեց
2018 թ. նոյեմբերի 16-ին «Հետք»-ը տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանին՝ խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկությունները. վերջին հինգ տարիներին Ստեփանակերտում ասֆալտապատված ճանապարհների երկարությունը, ասֆալտապատված փողոցների անունները, ասֆալտապատման աշխատանքներն իրականացրած կազմակերպությունների անունները և յուրաքանչյուր փողոցի ասֆալտապատման համար հատկացված գումարների չափը:
Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը ցայսօր չի պատասխանել հարցմանը: Նույնաբովանդակ հարցմանը երեք ամիս չէր պատասխանել նաև Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Արցախի ՄԻՊ-ի միջամտությունից հետո քաղաքապետը վերջապես պատասխանել է հարցմանը՝ հայտնելով, որ Ստեփանակերտ քաղաքում ասֆալտապատման աշխատանքներն իրականացնում է քաղաքաշինության նախարարությունը (այդ իսկ պատճառով հարցումը ուղղել ենք քաղաքաշինության նախարարին):
Շուտով կլրանա Կարեն Շահրամանյանի՝ հարցմանը չպատասխանելու հինգերորդ ամիսը:
Այդ կապակցությամբ մարտի 19-ին «Հետք»-ը բողոք է ներկայացրել ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին: Ապրիլի 2-ին «Մարդու իրավունքների պատշպանի մասին» ԱՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, օմբուդսմանը որոշեց քննարկման ընդունել «Հետք» թերթի թղթակից Հայկ Ղազարյանի բողոքը:
Լուսանկարում՝ Կարեն Շահրամանյանը: Լուսանկարը՝ Wikipedia-ից:
Մեկնաբանել