HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Երեք ամիս անց Ստեփանակերտի քաղաքապետը տրամադրում է այն պետական մարմնի հասցեն, որին կարելի է ուղղել հարցումը

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նոյեմբերի 6-ին պատասխանել է ԼՂՀ ՄԻՊ աշխատակազմի գրությանը: Հիշեցնենք, որ «Հետք»-ն օգոստոսի 3-ին և 6-ին տեղեկատվություն ստանալու երկու հարցում է ուղարկել Սուրեն Գրիգորյանին: 

Խնդրել ենք տրամադրել 2012-2017 թթ. Ստեփանակերտի քաղաքապետարանի մանկապարտեզներին սնունդ ու կահույք մատակարարող կազմակերպությունների ու նրանց հատկացված գումարների մասին տեղեկատվություն։ Երկրորդ հարցմամբ խնդրել ենք տրամադրել վերջին հինգ տարիներին Ստեփանակերտում ասֆալտապատված ճանապարհների երկարությունը, ասֆալտապատված փողոցների անունները, ասֆալտապատման աշխատանքներ իրականացրած կազմակերպությունների անունները, և յուրաքանչյուր փողոցի ասֆալտապատման համար հատկացված գումարները։

Սուրեն Գրիգորյանն օրենքով սահմանված ժամկետներում հարցումներին չի պատասխանել,  իսկ Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի միջամտությունից հետո, ստացել ենք հետևյալ գրությունը. «Ի պատասխան Ձեր 2018 թվականի օգոստոսի 06-ի գրությունների՝ տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտի քաղաքապետարանի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը տեղադրված է Ստեփանակերտի քաղաքապետարանի պաշտոնական Stepanakert.am կայքէջում, որտեղից կարող եք փնտրել Ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը»:

Սակայն Ստեփանակերտի քաղաքապետարանի կայքում տեղադրված հաշվետվությունում  չկար մեզ հետաքրքող տեղեկատվությունը. ասֆալտապատման վերաբերյալ ոչ մի խոսք, իսկ մանկապարտեզների մասին ընդամենը մեկ պարբերություն. «Հաշվետու տարում շարունակվել են հ. 9 հիմնական դպրոցի հիմնանորոգման աշխատանքները: Հրատապ են մնում հ. 12 հիմնական դպրոցի հիմնարար 22 Ստեփանակերտի քաղաքապետարանի գործունեության հաշվետվություն 2017 վերանորոգման, հ. 4 և հ. 6 մանկապարտեզների համար երաժշտական դահլիճների, նախադպրոցական ցանցի ընդլայնման նպատակով տարբեր թաղամասերում նոր մանկապարտեզների կառուցման խնդիրները: 2018թ. առաջնահերթ կմնան հ. 10 հիմնական դպրոցի հիմնարար վերանորոգման և կահավորման հարցերը»:

ՄԻՊ աշխատակազմին ուղարկված նոր պատասխանում քաղաքապետարանը միայն Ստեփանակերտում թվով 6 պետական մանկապարտեզների ֆինանսավորված ծախսերի ցանկն է ներկայացրել, այն էլ 2016 թվականից:  Պատճառաբանելով, որ «մինչև 2015 թվականը դրանց ֆինանսավորումն իրականացվում էր պետական բյուջեից՝ կենտրոնացված հաշվապահության միջոցով, իսկ 2016 թվականից՝ կրկին պետական բյուջեից՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի միջոցով»: 

Մանկապարտեզներին սնունդ ու կահույք մատակարարող կազմակերպությունների վերաբերյալ, ըստ քաղաքապետարանի, «միասնական տեղեկատվություն հնարավոր չէ տրամադրել», քանի որ ապրանքների ձեռքբերումն ու ծառայությունների մատուցումը մանկապարտեզները, որպես պետական ոչ առևտրային կազմակերպություններ, իրականացնում են ինքնուրույն՝ «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան: 

Երկրորդ հարցմանը քաղաքապետը պատասխանել է, որ Ստեփանակերտ քաղաքում ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են Արցախի Հանրապետության Քաղաքաշինության նախարարության կողմից, «հետևաբար դրա մասին տեղեկատվություն Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից հնարավոր չէ տրամադրել»:  

Ստացվում է, որ քաղաքապետարանն ընդհանրապես տեղյակ չէ իր ենթակայությամբ գործող մանկապարտեզներից, քաղաքում ասֆալտապատվող փողոցներից։ Անհայտ է, թե ինչով է զբաղվում Ստեփանակերտի քաղաքապետը։

Իրականում քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը թաքցնում է այդ տեղեկությունները, որպեսզի հայտնի չդառնա մանկապարտեզներին սնունդ մատակարարող եւ քաղաքում ասֆալտապատող ընկերությունների սեփականատերերի փոխկապակցվածությունն իր եւ այլ պաշտոնյաների հետ։

Լուսանկարում՝ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter