HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանը մերժեց զորացրվող զինծառայողներին համալիր փորձաքննության ենթարկելու ԼՀԿ-ի նախագիծը օրակարգ ներառելու փաթեթը

Խորհրդարանի հերթական նստաշրջանը սկսվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքների նախագծերի քննարկմամբ։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած նախագծին, որով վերջիններս առաջարկում էին զորացրվելուց առաջ համալիր բժշկական փորձաքննության ենթարկել զինծառայողներին, և եթե պարզվի, որ նրանց մոտ առողջական խնդիրներ են առաջացել զինծառայության հետևանքով, ապա պետությունը պարտավոր է փոխհատուցել այդ ծախսերը։

Նախագծերի համահեղինակ Տարոն Սիմոնյանը ներկայացրեց նախագծերի էությունը, որպեսզի քվեարկությամբ հնարավորություն ընձեռվի նախագծերն ընդգրկել լիագումար նիստերի օրակարգ։

«Էությունն այն է, որ զինծառայության ավարտից հետո նախատեսում ենք պարտադիր բուժզննության անցում, որպեսզի ի հայտ բերվի պատճառահետևանքային կապը, որ առաջացել են հիվանդություններ զինծայառության ընթացքում, և պետությունը կպարտավորվեր այդ ծախսերը իր վրա վերցնել, համապատասխան փոփոխություն էինք առաջակում նաև «1000 դրամներ»-ի օրենքում, որպեսզի հատկացումներ լինեին նաև հիմանդրամից»,- ասաց նա։

Պատգամավորը հիշեցրեց, որ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել նախագծին, սակայն անմիջապես հետո նմանատիպ նախաձեռնություն կառավարության որոշման մակարդակով է դրել շրջանառության մեջ։

«Մտավախություն է առաջանում, որ գաղափարը տալիս ենք, կառավարությունը մերժում է, բայց մեր առաջարկածը կառավարության որոշման մակարդակով առաջ է քաշում, խնդիրն այն է, որ իրավունքներ ու պարտավորություններ սահմանող իրավական փաստաթղերը չեն կարող լինել կառավարության որոշման մակարդակով, այլ պետք է լինեն օրենքների մակարդակով»,- ասաց Սիմոնյանը։

Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի տեսակետը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը։

«Ներկայացրած նախագիծը ակտուալ է, բայց օրենքում բազմաթիվ խութեր կան: Որպեսզի միանագամից այդ խնդիրները օրենքի մակարդակ տալուց հետո խնդիրներ չլինեն, կառավարությունը որոշել է կառավարության որոշման մակարդակով անցկացնել: Ինչ վերաբերում է հազար դրամների հիմնադրամին, նպատակ է դրված մինչև 92 թվականը իջեցնել շահառուներին, այնտեղ լրացուցիչ բեռ ավելացնելու կարիք չկա»,- ասաց Կարապետյանը։

Պատգամավորը կառավարության եզրակացությունից նաև մեջբերեց այն, որ ժամկետների հետ կապված խնդիր կա, որովհետև նախագծերով նշված փորձաքննությունների ժամկետները համընկնում են զորակոչային ժամկետների հետ։

«Հեղինակային իրավունքի խնդիր չկա, մեր երկրի պաշտպանությանն է վերաբերում այս հարցը»,- ասաց Կարապետյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ արեց կառավարությանը ԼՀԿ-ի մերժած նախագծերը, որոնք հետագայում ներկայացնում է կառավարությունը, ներկայացնել, թե ովքեր են հեղինակել այն։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կոչ արեց կառավարությանը իրենց նիստին ևս մեկ անգամ հնչեցնել, որ որոշման հիմքում ԼՀԿ-ի առաջարկն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter