HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գոռ Հովհաննիսյան. «Ուզում եմ միասին ցույց տանք, որ հնարավոր է ՍԴ դատավոր դառնալ նախագահին Բեռլինից մի նամակ գրելու միջոցով»

Խորհրդարանում քննարկվում է Սահմանադրական դատարանի թափուր պաշտոնի համար առաջադրված Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը:

Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրել է հանրապետության նախագահը։

«Սահմանադրական դատարանի դատավորի անձի վերաբերյալ իր պատկերացումը հետևյալն է՝ մի մարդ է, որն ունի հրաշալի իրավաբանական գիտելիքներ և որի արժեհամակարգում արդարությունը գտնվում է ամենաբարձր աստիճանի վրա։ Առաջին պահանջը նշանակում է, որ դատավորը պետք է ունենա հրաշալի իրավաբանական կրթություն և կարողանա ճիշտ մեկնաբանել և ճիշտ կիրառել գործող Սահմանադրությունն ու օրենքները։ Երկրորդ պահանջը ենթադրում է, որ դատավորն իր էությամբ պետք է լինի անկախ ու համարձակ մարդ, որը կարող է արհամարհել ցանկացած ճնշում և կայացնել օբյեկտիվ վճիռ ցանկացած պարագայում»,- ասաց Հովհաննիսյանը։

ՍԴ դատավորի թեկնածուն խորհրդարանում խոսեց նաև քաղաքական չեզոքության պահանջի մասին։

«Քաղաքական չեզոքության պահանջն ամրագրված է և՛ Սահմանադրությունում, և՛ Սահմանադրական դատարանի մասին օրենքում: Անդրադառնալով իմ անձին՝ կարող եմ ասել, որ երբեք որևէ կուսակցության անդամ չեմ եղել, չեմ հարել որևէ կուսակցության, երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել, երբեք որևէ քաղաքական ուժի կամ կուսակցության հետ կապ չեմ ունեցել և չունեմ, որևէ քաղաքական ուժի կամ ներկայացուցչի ծառայություն չեմ մատուցել, որևէ մեկին որևէ բան պարտք չեմ»,- ասաց նա:

Գոռ Հովհաննիսյանն ասաց, գիտի, որ Հայաստանում բարձր չէ հասարակության վերաբերմունքը դատարանների նկատմամբ։

«Ես գիտակցում եմ, որ ինքս զոհողության եմ գնում, պատրաստ եմ հրաժարվել Գերմանիայում իմ կարիերայից, իմ ընկերներից, ուզում եմ իմ ներդրումն ունենալ հայկական իրավունքի զարգացման մեջ»,- ասաց Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի խոսքով՝ երբ դիմել է նախագահին՝ իր թեկնածությունը ևս դիտարկելու համար, և այդ մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում, շատերն են ասել, որ իր դիմումը անիմաստ է, քանի որ ամեն ինչ արդեն կանխորոշված է։

«Նրանց բնորոշմամբ՝ իմ դիմումն ավելին չէ, քան խաբեություն և հողմաղացների դեմ պայքար: Ես այդ մարդկանց հետ համամիտ չեմ եղել և հիմա էլ համամիտ չեմ: Այս փուլում ուզում եմ ձեզ հետ միասին ցույց տալ, որ խորհրդարանը ՍԴ-ի հանդեպ այնքան հարգանք ունի, որ դատավոր է ընտրում բարձր մասնագիտական պատրաստվածության և քաղաքական չեզոքության չափանիշով: Ուզում եմ միասին ցույց տանք, որ թավշյա հեղափոխությունից հետո հնարավոր է ՍԴ դատավոր դառնալ Բեռլինից նախագահին մի էլեկտրոնային նամակ գրելու միջոցով»,- ասաց Հովհաննիսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter