HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանը վաղը կքննարկի Գոռ Հովհաննիսյանի թեկնածության հարցը. «Իմ քայլում» դռնփակ հանդիպմամբ տպավորված չեն

Վաղը մեկնարկող նստաշրջանի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներկայացված է նաև Սահմանադրական դատարանի թափուր անդամի թեկնածու Գոռ Հովհաննիսյանի ընտրության հարցը։

Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրել է հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ Գոռ Հովհաննիսյանը Բեռլինի Հումբոլդտի անվան Համալսարանի կողմից սահմանադրական իրավունքի ոլորտում իրավաբանական գիտությունների դոկտորի (Doctor iuris) աստիճանի ունի, 2006-2013 թվականներին աշխատել է սահմանադրական դատարանում, դասավանդել  փաստաբանական դպրոցում, աշխատել է նաև տնտեսական դատարանում, տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն լեզուների։ 2002-2004 թվականներին ծառայել է զինված ուժերում։

Այս թեկնածությունը նախագահի կողմից առաջադրված երկրորդ թեկնածությունն է։ Նախորդ գումարման խորհրդարանում նախագահ Սարգսյանը ՍԴ թափուր տեղի համար առաջադրել էր Արցախի նախագահի նախկին խորհրդական Էմիլ Բաբայանի թեկնածությունը, սակայն վերջինս չէր ընտրվել, քանի որ ընտրության օրը համընկել էր հեղափոխության օրերին, երբ կամ պատգամավորները խորհրդարան չէին գալիս, կամ էլ չէին կարողանում շենք մուտք գործել։

Քվեարկությանը 105 պատգամավորներից մասնակցել էր 54-ը, որից 51-ը կողմ է քվեարկել, երեքը՝ դեմ։

ՍԴ անդամի հաջորդ թեկնածուն Վահե Գրիգորյանն էր, վերջինիս թեկնածությունը կրկին նախագահն էր առաջադրել։ Չնայած ընտրությունը կայացավ արդեն հեղափոխությունից հետո, սակայն խորհրդարանում դեռևս ՀՀԿ-ն էր քաղաքական մեծամասնություն կազմում։ Գրիգորյանի թեկնածությունը ևս մերժվեց։ ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էր 53-ը, կողմ էր քվեարկել 30-ը, դեմ՝ 23-ը:

Երկրորդ թեկնածուի մերժումից հետո հանրապետության նախագահը նախաձեռնել էր մասնագիտական քննարկումներ, որից հետո որոշել էր առաջադրել Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը։

Խորհրդարանը մինչ այդ մերժել էր նաև դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը։

Այսօր իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ դռնփակ հանդիպումից հետո կարծես թե ավելի է ամրապնդվել խորհրդարանական մեծամասնության որոշումը՝ կողմ չքվեարկել Հովհաննիսյանի թեկնածությանը։

«Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ, որոնք չցանկացան, որ իրենց հղում արվի, ասացին, որ այնքան էլ տպավորված չեն Հովհաննիսյանի հետ հանդիպումից։ 

Հիշեցնենք, որ ՍԴ անդամն ընտրվում է փակ-գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր երեք հինգերորդի ձայներով։

Հիշեցնենք նաև, որ ՍԴ-ի մասին օրենքի փոփոխությունների ժամանակ ընդդիմադիր և իշխող ուժի պատգամավորները տարբեր կերպ էին մեկնաբանում ՍԴ դատավորի ընտրության կարգը. ըստ փոփոխության, եթե ՍԴ դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրավասու մարմինը առաջադրում է Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու։

Եթե ընդդիմադիրները պնդում էին, որ նոր թեկնածու տերմինը նշանակում է նախկինում երբեք չառաջադրված ու մերժված թեկնածու, ապա նախագծի հիմնական զեկուցող, արդադարատության նախարար Արտակ Զեյնալյանը հակադարձում էր՝ ոչ թե թեկնածուն է նոր, այլ ՍԴ անդամի ընտրության գործընթացը։ Ընդդիմադիրները պնդում էին, որ օրենքի այս փոփոխությունը միայն նրա համար է, որ նախկինում մերժված Վահե Գրիգորյանի թեկնածությունը կրկին առաջադրվի, «Իմ քայլ»-ից ու կառավարությունից թեև անուններ չհնչեցրին, սակայն նախարար Զեյնալյանը ներկայացրեց կառավարության մոտեցումը նոր թեկնածու եզրույթի վերաբերյալ, ըստ որի ԱԺ-ի կողմից նախկինում մերժված թեկնածուն կարող է ներկայացվել ՍԴ անդամի նոր թեկնածու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter