
Խորհրդարանը մերժեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը
Վահե Գրիգորյանը չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում:
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները. ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 53-ը, կողմ է քվեարկել 30-ը, դեմ՝ 23-ը:
Հիշեցնենք, որ ՍԴ անդամի ընտրության համար անհրաժեշտ էր առնվազն 63 պատգամավորի կողմ քվեարկություն: Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել էր նախագահ Արմեն Սարգսյանը:
Նկատենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածուն չի ընտրվում ՍԴ անդամի պաշտոնում: Արմեն Սարգսյանը մայիսին առաջադրել էր Արցախի նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանի թեկնածությունը, սակայն վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի չընտրվելուց հետո մայիսի 4-ի հերթական նիստը «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները բոյկոտել էին, ինչի հետևանքով քվեարկությանը 105 պատգամավորներից մասնակցել էր 54-ը: ՍԴ անդամի ընտրությունն իրականացվում է փակ-գաղտնի ընթացակարգով՝ պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ի ձայներով, և ըստ այդմ՝ առնվազն 63 պատգամավորների կողմ քվեարկությամբ:
Մեկնաբանել