HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վահե Գրիգորյանը նախընտրում է գործող և ոչ թե հաջորդ խորհրդարանում ՍԴ անդամ ընտրվել

Խորհրդարանը քննարկեց Սահմանադրական դատարանի թափուր անդամի պաշտոնում փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածության հարցը: Վահե Գրիգորյանին ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել նախագահ Արմեն Սարգսյանը:  Վահե Գրիգորյանը փաստաբանական գործունեություն է ծավալում ինչպես Հայաստանում, այնպես էլ Միացյալ Թագավորությունում: Մի շարք գործերով որպես տուժողի ներկայացուցիչ, իրավահաջորդ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և հաղթել:

«Եթե ինձ հարցնեին, թե որ խորհրդարանի առջև կցանկանայի կանգնել որպես ՍԴ դատավորի թեկնածու, այս խորհրդարանի, որն արձակման եզրին է, թե ավելի կայուն խորհրդարանի, որը գալու է, իմ պատասխանը միանաշանակ էր լինելու՝ այս խորհրդարանի»,- իր ելույթում ասաց Վահե Գրիգորյանը:

ՍԴ դատավորի թեկնածուի խոսքով՝ գործող խորհրդարանում որևէ ուժ չունի քաղաքական մեծամասնություն, ուստի չի կարող կանխորոշել դատավորի ընտրության որոշումը:

«Ընտրվելու դեպքում ես կնախընտրեմ հենց նման խորհրդարանի կողմից ընտրվեմ, որովհետև դա առնվազն որոշակի քաղաքական համաձայնություն է նշանակում, ՍԴ ցանկացած դատավորի համար իր ընտրության ընթացքում իր ընտրությամբ ձեռք բերված բարձր լեգիտիմության մանդատը միշտ մեծագույն օգնություն է իր ծանր պատասխանատվությունը կրելու հարցում»,- ասաց Գրիգորյանը:

Վահե Գրիգորյանի խոսքով՝ ինքը նախընտրում է հենց այս խորհրդարանի միջոցով ընտրվել, քանի որ այս խորհրդարանը չի վերահսկվում գործադիր իշխանության կողմից:

«Էդպիսին լինելու է եկող խորհրդարանը. ինչպիսին էլ լինի ընտրության արդյունքները, որ քաղաքական ուժն էլ ստանա մեծամասնություն, եկող խորհրդարանում մեծամասնությունը և գործադիր իշխանությունը վերահսկվելու է մեկ քաղաքական ուժի կողմից, այլ խոսքով՝ գործադիրի միջամտությունը, գործադիրի ազդեցությունը կրկին էական է լինելու այնտեղ: Եւ իհարկե, սա մի խորհրդարան է, որի կազմի մեջ մտնող բոլոր քաղաքական ուժերը, նրանց ներկայացուցիչներից որևէ մեկը չի կարող կասկած ունենալ, որ Հայաստանը թթվածնի պես ունի անհրաժեշտություն նման՝ առանց ազդեցությունների ՍԴ  դատարան ձևավորելու, այսպիսի դատարանի դատավոր ընտրելու: Մենք շատ երկար ենք տառապել իրական ՍԴ-ի բացակայության պայմաններում»,- ասաց Վահե Գրիգորյանը:

Վահե Գրիգորյանն ասաց, որ ինչպիսին էլ լինի պատգամավորների ընտրությունը, ինքն ուրախությամբ է ընտրելու այն:

«Ես ունեմ աշխարհի ամենազնվական մասնագիտություններից մեկը՝ փաստաբանությունը, չընտրվելու դեպքում հետ եմ վերադառնալու իմ հարմարավետության զոնա՝ փաստաբանություն, բայց չընտրվելու դեպքում ուրախանալու եմ այս պահի դրությամբ, կարճաժամկետ մի շրջան, իմ հարմարավետության զոնա վերադառնալով, իսկ ընտրվելու դեպքում այդ ուրախությունը կունենամ տարիներ անց, երբ կտեսնեմ իմ գործունեության պտուղները: Էնպես որ ձեզ մաղթում եմ իմաստուն ընտրություն»,- ասաց Վահե Գրիգորյանը՝ դիմելով ԱԺ պատգամավորներին:

ՍԴ դատավորի թեկնածուն նաև հայտնեց, որ իր որոշման մեջ այնքան վճռական է, որ ընտրվելու դեպքում հրաժարվելու է նաև այն գործերից, որոնց պաշտպանությունը ստանձնելու համար դեռևս տարիներ առաջ դիմել էր ՄԻԵԴ, և մեծ է հավանականությունը, որ այդ գործերով հաղթանակներ են լինելու:

Տեղեկացնենք, որ ՍԴ դատավորի ընտրությունն ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի ընթանում է փակ-գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ով, այսինքն առնվազն 63 պատգամավորի կողմ քվեարկությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter