Պետության «չաշխատող» բաժնեմասերը. 19 ընկերությունից մեծ մասը բյուջե շահութաբաժին չի վճարում
2026 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում գրանցված այն ընկերությունները, որոնցում պետությունն ունի մինչև 50% մասնակցություն, պետական բյուջե են վճարել շուրջ 14 մլրդ դրամի շահութաբաժին։ Այս մասին տեղեկանում ենք Ֆինանսների նախարարությունից։
Պետք է նկատի ունենալ, որ շահութաբաժինը (դիվիդենդը) հարկատեսակ չէ և չի նույնանում այն հարկերի հետ, որոնք կազմակերպությունները վճարում են պետական բյուջե։ Այն ընկերության՝ հարկերի վճարումից հետո մնացած և բաշխման ենթակա շահույթից բաժնետերերին կամ մասնակիցներին վճարվող եկամուտն է։ Շահութաբաժինը կարող է բաշխվել ինչպես տվյալ տարվա, այնպես էլ նախորդ տարիներին կուտակված և չբաշխված շահույթի հաշվին։
Այս դեպքում, քանի որ պետությունը տվյալ ընկերությունների բաժնետեր է, ընկերությունների շահույթի բաշխման արդյունքում ստանում է իրեն հասանելիք շահութաբաժինը։
Այս ուսումնասիրությամբ «Հետք»-ը պարզել է, թե պետությունը՝ որպես բաժնետեր, ինչ ծավալի շահութաբաժիններ է ստանում կազմակերպություններից։
Այսպես՝ այս տարվա հունվար-հոկտեմբերին, մասնավորապես՝ մինչև հոկտեմբերի 21-ը (հարցման պատասխանը ստանալու պահին), բյուջե վճարված 14 մլրդ դրամից 11.8 մլրդ դրամը վճարել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ), 2 մլրդ դրամը՝ «Վիվա Արմենիա» (նախկինում՝ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն, ապրանքանիշը՝ Viva), մնացած 0.2 մլրդ դրամը՝ 3 ընկերություն միասին (մեծ մասը՝ «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈւՎԿ ՓԲԸ (193 մլն դրամ), «Հարավային տերմինալ» ՓԲԸ-ն՝ 26.1 մլն դրամ, «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ն՝ 830 հազար դրամ)։ Այս մասին տեղեկանում ենք Ֆինանսների նախարարությունից։
Ընդհանուր առմամբ, այսօր 19 ընկերությունում պետությունն ունի մինչև 50% մասնակցություն։ Նրանց շարքում առավել հայտնի ընկերություններից են «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ն, Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, «Հարավային տերմինալ» ՓԲԸ-ն և այլն։
Վերջին հինգ տարում բյուջե դիվիդենդներ են վճարել նշված 19 ընկերություններից միայն 5-ը։
Տարիներ շարունակ պետական մասնակցությամբ ընկերություններից բյուջե հոսող շահութաբաժինները փոքր են եղել։ Միայն 2024 թվականից այդ գումարները քիչ թե շատ տեսանելի դարձան, երբ ԶՊՄԿ-ն սկսեց շահութաբաժիններ վճարել պետությանը։
ԶՊՄԿ-ն շահութաբաժիններ է վճարում 2024 թվականից
2021 թվականի տարեվերջին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի 21.875%-ն անցավ պետությանը։
Չնայած պետությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) բաժնետեր է դարձել դեռևս 2021 թվականի վերջին, ընկերությունն առաջին շահութաբաժինը պետբյուջե է վճարել միայն 2024-ի տարեվերջին։
2024 թվականի դեկտեմբերի 19-ին Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԶՊՄԿ-ն որպես Հայաստանի Հանրապետության շահաբաժին (շահութաբաժին) պետական բյուջե է փոխանցել 33.2 մլրդ դրամ։ Սակայն այդպես էլ չպարզաբանվեց, թե ինչու է շահութաբաժինների բաշխման որոշումը կայացվել հենց այդ պահին և ինչ ընթացակարգով։
Հատկանշական է, որ այս հայտարարությանը նախորդած երկու ամիսների ընթացքում «Հետք»-ը գրավոր հարցումներով դիմել էր թե՛ Պետական գույքի կառավարման կոմիտե, թե՛ ԶՊՄԿ՝ շահութաբաժինների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով, սակայն երկու կառույցներն էլ մերժել էին տվյալների տրամադրումը։
Տեղեկատվությունը հասանելի դարձավ միայն այն բանից հետո, երբ խմբագրությունը դիմեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ, որի միջամտությամբ Պետական գույքի կառավարման կոմիտեն տրամադրեց հայցվող տվյալները։ Դրանից մեկ շաբաթ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակային հայտնեց շահութաբաժինների վճարման մասին։
Հաջորդող երկու տարիներին ևս՝ 2025–2026 թթ., ԶՊՄԿ-ն պետությանը վճարել է շահութաբաժիններ, սակայն շատ ավելի քիչ, քան 2024-ին՝ տարեկան 11-12 մլրդ դրամ։
ԶՊՄԿ-ի պետական մասնաբաժնի կառավարման լիազորությունը վերապահված է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին։
«Վիվա Արմենիա»-ն պետությանը երկու տարում վճարել է 5.6 մլրդ դրամի շահութաբաժին
Հաջորդ ընկերությունը, որտեղ պետությունն ունի մինչև 50% բաժնեմասնակցություն, և որը վճարում է շահութաբաժիններ, «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն է։
Պետությունը «Վիվա Արմենիա»-ում բաժնետեր է 2024 թվականի սկզբից։ Ընկերության 20%-ը պետությունը նվեր է ստացել, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ Կառավարությունը շնորհակալությամբ է ընդունում նվիրատվությունը։
Այդ ժամանակ ընկերությունը դեռևս կոչվում էր «ՄՏՍ Հայաստան»։ Պետական բաժնեմասի կառավարման լիազորությունը վերապահվել է վարչապետի աշխատակազմին:
2025–2026 թվականներին (2026-ին՝ մինչև հոկտեմբերի 21-ը) «Վիվա Արմենիա»-ն պետությանը վճարել է 5.6 մլրդ դրամի շահութաբաժին։
Դեռևս 2025 թվականից քննարկվում է Կառավարության բաժնեմասը վաճառելու հարցը։ Սակայն, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում եղած տվյալների համաձայն՝ պետությունն այսօր շարունակում է հանդիսանալ «Վիվա Արմենիա»-ի 20% բաժնետեր։
«Չաշխատող բաժնեմասեր». 19 ընկերությունից 14-ը բյուջե որևէ շահութաբաժին չի վճարել
Բացի նշված երկու ընկերություններից, մինչև 50% պետական մասնակցությամբ ընկերություններից բյուջե շահութաբաժին է վճարել ևս երեք ընկերություն, սակայն անհամեմատ ավելի քիչ։
Մասնավորապես, վերջին հինգ տարում «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈւՎԿ ՓԲԸ-ն, որտեղ պետությունն ունի 49.1% մասնաբաժին, բյուջե է վճարել 551 մլն դրամի շահութաբաժին, «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ն՝ 4.5 մլն դրամ, «Հարավային տերմինալ» ՓԲԸ-ն՝ վերջին երեք տարում մոտ 61 մլն դրամ։
Ստացվում է, որ թեև պետությունը տասնյակ ընկերություններում ունի բաժնեմասնակցություն, դրանց ճնշող մեծամասնությունը տարիներ շարունակ պետբյուջե որևէ շահութաբաժին չի վճարել՝ կա՛մ ֆինանսական ցածր ցուցանիշների, կա՛մ շահույթի բաշխման քաղաքականության բացակայության, առհասարակ չգործելու, կա՛մ այլ պատճառներով։
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որում պետությունը 12.5% բաժին ունի, Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի մասին հայտարարել է այս տարվա հոկտեմբերին և դեռևս պարզ չէ՝ առաջիկայում պետությունը ի՞նչ եկամուտներ կստանա շահութաբաժինների տեսքով։
Բոլոր դեպքերում, պետական մասնակցությամբ ընկերությունների կողմից շահութաբաժինների չվճարումը կամ դրանց փոքր ծավալը հարցեր է առաջացնում պետական բաժնեմասերի կառավարման արդյունավետության վերաբերյալ։ Թեև շահութաբաժինների բացակայությունը կարող է պայմանավորված լինել ընկերությունների ֆինանսական վիճակով, ներդրումային ծրագրերով կամ շահույթի բաշխման վերաբերյալ որոշումներով, պետությունը պետք է գնահատի՝ արդյոք այդ մասնակցությունն ապահովում է բավարար տնտեսական արդյունք և համապատասխանում է պետական սեփականության կառավարման նպատակներին։
Շահութաբաժինները պետական բյուջեի եկամուտների առավելագույնը 1.5%-ն են կազմել
Բացի նշված ընկերություններից, որտեղ պետությունը մինչև 50% մասնակցություն ունի, կան այլ կազմակերպություններ ևս, որտեղ պետության բաժնեմասնակցությունն ավելի մեծ է կամ դրանք ամբողջովին պետական են։
Դրանց թվում են բժշկական կենտրոնները, շտապօգնության ծառայությունը, որոնք գործում են Առողջապահության նախարարության ենթակայության ներքո, ինչպես նաև ջրային, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտների պետական ընկերությունները։
Օրինակ՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն, «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ն, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն, «Ջրառ» ՓԲԸ-ն, «Հայփոստ» ՓԲԸ-ն, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն և այլն։
2027 թվականի պետական բյուջեի նախագծի ուղերձում կարդում ենք, որ 2025 թվականի տվյալներով՝ Հայաստանում պետական և համայնքային մասնակցությամբ 201 ընկերություն կա։ Նրանցից 19-ը մինչև 50% պետական մասնակցությամբ ընկերություններն են (մինորիտար), 32-ը գտնվում է Երևանի քաղաքապետարանի կառավարման ներքո, 150-ում էլ պետությունը 50%-ից ավելի մասնակցություն ունի։
50%-ից ավելի պետական մասնակցությամբ ընկերությունների մեծ մասը (հատկապես ենթակառուցվածքային, առողջապահական, կոմունալ կամ հանրային ծառայությունների ոլորտներում) հաճախ կատարում է սոցիալական, կարգավորող կամ ենթակառուցվածքային գործառույթներ, այլ ոչ թե առավելագույն շահույթ ստանալու նպատակ ունի։
Պետական գերակա բաժնեմասով ընկերությունների զգալի մասն ունի ցածր շահութաբերություն, կուտակված պարտավորություններ կամ ենթակառուցվածքների արդիականացման ու վերանորոգման մշտական կարիք, ինչի պատճառով ստացված միջոցներն ուղղվում են ընթացիկ գործունեության կամ ներդրումների պահպանմանը, այլ ոչ թե շահութաբաժինների վճարմանը։
2015-2025 թթ. պետական մասնակցությամբ ընկերությունների կողմից պետական բյուջե փաստացի վճարված շահութաբաժինների գումարի առավելագույն չափը գրանցվել է 2024 թվականին՝ կազմելով 38.8 մլրդ ՀՀ դրամ՝ պայմանավորված ԶՊՄԿ-ի շահութաբաժիններով։
Քանի որ հաջորդող երկու տարում ԶՊՄԿ-ի շահութաբաժինները նվազել են, հետևաբար պակասել են նաև բյուջե հոսող ընդհանուր շահութաբաժինները։
Շահութաբաժինները պետական բյուջեի եկամուտներում մեծ կշիռ չունեն։ Ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2024 թվականին դրանց տեսակարար կշիռը բյուջեի եկամուտներում կազմել է 1.5%, 2025-ին՝ 0.5%։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել