HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Դելավերում գրանցվել է «ԹՐԻՓՓ զարգացման ընկերության» ամերիկյան բաժնետերը

ԱՄՆ Դելավեր նահանգում նոյեմբերի 25-ին գրանցում է ստացել TDC US Inc. կորպորացիան, որը դառնալու է Հայաստանում ստեղծվելիք «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն» ՓԲԸ-ի (TRIPP Development Company) 74 %-ի բաժնետերը: Այս մասին տեղեկանում ենք Դելավեր նահանգի պաշտոնական կայքից:

TDC US Inc.-ի գրանցումից ժամեր անց՝ նոյեմբերի 26-ին, ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «TRIPP զարգացման ընկերություն» ՓԲԸ-ի բաժնետերերի միջեւ կնքվելիք բաժնետիրական համաձայնագրին։ Գործադիրը նաեւ լիազորեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին իր անունից կնքել համաձայնագիրը TDC US Inc.-ի հետ։

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ ստորագրված ռազմավարական համաձայնագրի (նախաստորագրվել է այս տարվա մայիսին Երեւանում, ստորագրվել հունիսին հեռավար կարգով)՝ նախատեսվում է, որ ՀՀ-ն ու TDC US Inc.-ը ստորագրելու են 2 առանձին փաստաթուղթ՝ «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն» ՓԲԸ-ի կանոնադրությունը եւ բաժնետիրական համաձայնագիրը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում հայտարարել է, որ հայ-ամերիկյան համաձայնագիրն ստորագրվելու է 1 շաբաթվա ընթացքում, ինչին հաջորդելու է «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն» ՓԲԸ-ի պետական գրանցումը Հայաստանում:

«Արդեն իսկ այս երկուշաբթի սկսեցինք TRIPP նախագծի գործնական իրագործման նախապատրաստական աշխատանքները։ Այսինքն՝ տեղում, մասնավորապես, երկաթուղային հատվածում, մաքրման, շինհրապարակի նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։ Զուգահեռ հիմա նաեւ ճանապարհի եւ ավտոճանապարհի, երկաթուղու եւ էլեկտրահաղորդման գծերի նախագծման աշխատանքներ ենք իրականացնում։ Այդ ամենն անում է ՀՀ կառավարությունը։ Երբ «TRIPP զարգացման ընկերությունն» արդեն ամբողջությամբ ձեւավորված կլինի, գործերը կփոխանցենք իրենց, որպեսզի նրանք նույն կետից շարունակեն, եւ հնարավորինս քիչ ժամանակ կորցնենք»,- ասել է Փաշինյանը։

Փոխնախարար Ղալեչյանն էլ հիշեցրել է, որ հայ-ամերիկյան ընկերության 26 %-ը պատկանելու է ՀՀ-ին, իսկ 74 %-ը՝ TDC US Inc.-ին, որը պետական գործակալության՝ ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (ԶՖԿ կամ DFC- US International Development Finance Corporation) դուստր ընկերությունն է:

Ըստ Ղալեչյանի՝ հայ-ամերիկյան ՓԲԸ-ի տնօրենների խորհուրդը բաղկացած է լինելու 5 անդամից, որոնցից 3-ին նշանակելու է ամերիկյան, իսկ 2-ին՝ հայկական կողմը։ «Համաձայնագրով ամրագրվում է ռազմավարական նշանակություն ունեցող անկյունաքարային հարցերով որոշումների կայացման համար հայկական կողմի պարտադիր համաձայնության շատ գործուն մեխանիզմներ,- ասել է փոխնախարարը,- համաձայնագրով առանձնացվելու է հարցերի 16 խումբ, որոնց վերաբերյալ որոշումները չեն կարող ընդունվել առանց երկու կողմերի համաձայնության։ Մասնավորապես, ի թիվս այլ հարցերի՝ այդ հարցերից են քաղաքական նշանակություն ունեցող որոշումները, ընկերության սեփականության կառուցվածքը եւ ծրագրերին 3-րդ կողմերի մասնակցությունը, ներդրողների ընտրությունը եւ կոնցեսիոն պայմանագրի պայմանների սահմանումը, ընկերության ֆինանսական եւ տնտեսական գործունեության առանցքային որոշումները, ընկերության գործադիր մարմնի ընտրությունը եւ գնումների քաղաքականությունը։ ՀՀ կառավարությունը շարունակում է մնալ կոնցեսիոն իրավունքներ տրամադրող միակ կողմը»:

ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ ստորագրված ռազմավարական համաձայնագրով նախատեսվել է, որ հայ-ամերիկյան ՓԲԸ-ի բաժնետերերը նախնական 49-ամյա ժամկետի ավարտից հետո հնարավորություն ունենան փոխադարձ համաձայնությամբ երկարաձգելու իրավունքները եւս 50 տարով. այդ դեպքում Հայաստանի բաժնեմասնակցությունը «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն» ՓԲԸ-ում պետք է ավելանա մինչեւ 49 %, իսկ ժամկետի երկարաձգումը պետք է լինի Հայաստանի կողմից միակ հատուցումը ՓԲԸ-ում ՀՀ բաժնեմասնակցության նշված ավելացման համար: Մյուս կողմից՝ ՀՀ բաժնեմասնակցության ավելացումը պետք է լինի TDC US Inc.-ի կողմից միակ հատուցումը ժամկետի երկարաձգման համար:

Հավելենք, որ 2 օր առաջ հիմնադրված TDC US Inc.-ից բացի՝ ամերիկյան կողմն այս տարվա հունվարի 26-ին կրկին Դելավեր նահանգում հիմնել է Trans-Caspian Enterprise Fund-ը (Անդրկասպյան / Տրանսկասպյան ձեռնարկատիրական ֆոնդ), որի հայտնի է նաեւ TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդ անունով:

Դրա ղեկավար է նշանակվել ԱՄՆ գործող հանրապետական իշխանությանը եւ, մասնավորապես, նախագահ Դոնալդ Թրամփին աջակցող գործարար Կոնստանտին Սոկոլովը: Վերջինս պաշտոնապես համարվում է Հայաստանի շարժական կապի խոշորագույն օպերատոր «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի 20 %-ի բաժնետերը:

Trans-Caspian Enterprise Fund-ը ներկա պահին լիազորված է 201 մլն դոլարի ներդրումներ կատարել Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում, այսինքն՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում եւ Ուզբեկստանում: Ներդրումների նպատակը լինելու է այս երկրների մասնավոր հատվածի ռազմավարական զարգացման խթանումը, իսկ ներդրումներ ասելով՝ պետք է հասկանալ վարկերի տրամադրում, բաժնետիրական ներդրումներ եւ դրամաշնորհներ: Այդուհանդերձ, նշված գումարի իրացման հիմնական վայրը լինելու է Հայաստանը: 

Ձեռնարկատիրական ֆոնդ գործում է իբրեւ անկախ, ինքնավար կազմակերպություն, որը կառավարվում է տնօրենների խորհրդի կողմից, իսկ ԱՄՆ կառավարությունը պատասխանատու է դրա գործունեության վերահսկողության համար:

Առաջին լուսանկարում՝ հայ-իրանական սահմանին զուգահեռ անցնող Մեղրի-Շվանիձոր (Հ-63) ճանապարհը, որով անցնելու է TRIPP-ը, 16.07.2024, հեղ.՝ Վահե Սարուխանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter