HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը

2020 թ. 44-օրյա պատերազմից մինչ օրս Ադրբեջանը փուլ առ փուլ շուրջ 200 քկմ է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից: Անօրինական ներխուժումները եւ զավթումները կատարվել են հատկապես 2021-2023 թթ.: Այդ ընթացքում Ադրբեջանը շարունակական ագրեսիաներով ՀՀ-ից տարածքներ է օկուպացրել Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում: Ընդ որում՝ 200 քկմ-ի մեջ ներառված չէ ՀՀ տարածքի հաշվին ձեւավորված չեզոք գոտին՝ միջդիրքային վտանգավոր հատվածը, որը չի գտնվում կողմերից որեւէ մեկի տիրապետության տակ, սակայն դիտարկվում է երկու կողմից էլ, նշանառության տակ է ու անօգտագործելի, այսինքն՝ կորսված է հայկական կողմի համար:  

Վայոց Ձորում եւ Սյունիքում Հայաստանի կորցրածի մի մասը բնության հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ) են՝ արգելոց ու արգելավայրեր, որոնք պետական սեփականություն են: Նախորդ հոդվածում անդրադարձել ենք Սյունիքի մարզի օկուպացված ԲՀՊՏ-ներին: Այս անգամ կպատմենք Վայոց Ձորի մասին: 

Վայոց Ձորի մարզում 2022 թ. սեպտեմբերյան հարձակման արդյունքում Ադրբեջանը մոտ 65 քկմ է զավթել ՀՀ սուվերեն (ինքնիշխան) տարածքից: Խոսքը կոնկրետ այս մարզից կորսված հողերի մասին է, սակայն շուրջ 8.5 քկմ էլ Հայաստանը կորցրել է Կարմրակատար լեռից (3058 մ, գտնվում է Վայոց Ձորի ու Սյունիքի սահմանագլխին) հարավ՝ Սյունիքի մարզում:  

65 քկմ-ն հավասար է 100 հատ Երեւանյան լճի: Մյուս կողմից՝ այս օկուպացիոն գոտին ամբողջությամբ բնության հատուկ պահպանվող տարածք (ԲՀՊՏ) է, որը պետական սեփականություն է: Խոսքը Ջերմուկի ջրաբանական պետական արգելավայրի մասին է: Օկուպանտների դիտարկման ու նշանառության տակ է հայտնվել նաեւ դրա հարեւան Ջերմուկի անտառային պետական արգելավայրը: 

65 քկմ-ի մեջ, ինչպես ասվեց, ներառված չէ չեզոք գոտու տարածքը, որը ձեւավորվել է թե՛ ջրաբանական, թե՛ անտառային արգելավայրերի հողերի հաշվին: Այսինքն՝ 2022-ին աշնանն Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով երկու ԲՀՊՏ-ներն էլ տարածքային կորուստներ են ունեցել: 

Քարտեզում գույներով նշված են՝
Կարմիր - ՀՀ դիրքեր
Կապույտ - ԱՀ դիրքեր
Շագանակագույն - ՀՀ տիրապետության տակ գտնվող բարձունքներ
Մանուշակագույն - ԱՀ գրաված բարձունքներ
Խակի - Ջերմուկի ջրաբանական արգելավայր
Նարնջագույն - Ջերմուկի անտառային արգելավայր
Մոխրագույն - ՀՀ օկուպացված տարածք (ըստ Google Maps-ի չափումների)
Մանրամասների համար սեղմեք նշանների վրա

Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37.2 տոկոսն օկուպացված է

Ջերմուկի ջրաբանական արգելավայրը ստեղծվել է ՀՀ կառավարության 17.09.2009 թ. որոշմամբ: Այն գտնվում է Արփա գետի վերին հոսանքի ջրհավաք ավազանի տարածքի սահմաններում՝ ակունքից մինչեւ եզրափակման կետը՝ «Ջերմուկ» առողջարանի հիդրոլոգիական կետը: Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակն է Արփա գետի վերին հոսանքի ջրհավաք ավազանի ջրային ու հարակից էկոհամակարգերի, դրանց կենսաբազմազանության պահպանությունը, ինչպես նաեւ հողի, օդի, ջրի եւ կենսաբազմազանության ամբողջականության, բնական պաշարների, հազվագյուտ կենդանական տեսակների, դրանց ապրելավայրերի, հազվագյուտ բուսատեսակների ու դրանց աճելավայրերի պահպանության, բնականոն զարգացման, վերարտադրության ու կայուն օգտագործման ապահովումը: Արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտներ են Արփա գետի վերին հոսանքի ջրաէկոհամակարգը, բնական, այդ թվում՝ հանքային ջրերի աղբյուրների ելքերը, բնության կենդանի եւ անկենդան հուշարձանները: 

Պաշտոնական տվյալներով՝ Ջերմուկի ջրաբանական արգելավայրում հանդիպում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված անողնաշար կենդանիների 3 տեսակ:

Կառավարության վերոնշյալ որոշման հիման վրա Ջերմուկի ջրաբանական արգելավայրը 2010-ին մտցվել է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի կազմ, որը ներկայում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը (ՇՄՆ) ենթակա կազմակերպություն է: Նույն տարում հաստատվել են արգելավայրի սահմանների նկարագիրը, հատակագիծն ու տարածքի չափը: Ըստ այդմ՝ Ջերմուկի ջրաբանական արգելավայրի տարածքը 17,371.76 հա է կամ 173.7 քկմ: Օկուպացված տարածքը (ըստ Google Maps-ով մեր չափումների՝ 64.6 քկմ) հավասար է արգելավայրի 37.2 տոկոսին: 

Արգելավայրի պահպանությունն իրականացնում է ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը: Սակայն ներկա պայմաններում, երբ դրա 37.2 տոկոսը (չհաշված չեզոք գոտին) գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ, եւ օկուպացիոն գոտու երկայնքով տեղակայված են հակամարտ զորքերի մարտական դիրքերը, էկոպարեկները հասանելություն ունեն արգելավայրի ոչ ամբողջ տարածքին: 

Նաեւ հարկ է նկատել, որ արգելավայրի հյուսիսային ու արեւելյան սահմանները (ընդհանուր՝ մոտ 28 կմ) համընկնում են հայ-ադրբեջանական սահմանին, որի երկայնքով եւս տեղակայված են մարտական դիրքեր: 

Ջերմուկի ջրաբանական արգելավայրի տարածքում ադրբեջանցիների վերահսկողության տակ են անցել ռազմավարական նշանակություն ունեցող Սառցալի (3433 մ), Դրանակ (3396 մ) եւ Կարմրակատար (3058 մ) լեռնագագաթները: Սրանք ոչ միայն իշխող դիրք ունեն հարեւան տարածքների նկատմամբ, այլեւ դրանցից սկիզբ է առնում Արփա գետի ձախակողմյան վտակների մի մասը:

Սառցալի լեռից դեպի ՀՀ խորքը՝ Ջերմուկի ջրաբանական արգելավայր բացվող տեսարան (2022 թ. օկուպացիայից առաջ)

2022-ի սեպտեմբերին խորանալով ՀՀ տարածքում՝ հակառակորդը հասել է մինչեւ Արջիսար բարձունք (2612 մ), որը գտնվում է Ջերմուկ քաղաքի բնակելի հատվածից ընդամենը 4,4 կմ հեռավորության վրա: Դրա վրա տեղակայված օկուպացիոն դիրքից քաղաքը դիտարկվում է (ընդ որում՝ հակառակորդն էլի ունի դիրքեր, որտեղից Ջերմուկը երեւում է): 

Ադրբեջանական հարձակման օրերին՝ 2022-ի սեպտեմբերի 13-14-ին, NASA FIRMS-ն արձանագրել է կրակի/հրդեհի օջախներ ոչ միայն Ջերմուկ քաղաքի վարչական սահմաններում, այլեւ դրանցից դուրս՝ Ջերմուկի ջրաբանական եւ Ջերմուկի անտառային պետական արգելավայրերում: 

Ջերմային անոմալիաները/հրդեհները Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի օրերին՝ 2022 թ. սեպտեմբերի 13-14-ին, աղբյուրը՝ NASA FIRMS, մանրամասները՝ այստեղ 

Այսինքն՝ օկուպանտները մեծ վնաս են հասցրել ոչ միայն քաղաքային ենթակառուցվածքներին, այլեւ բնության հատուկ պահպանվող տարածքներին:

Ջերմուկի անտառային արգելավայրի մի մասը դարձել է չեզոք գոտի

Այս արգելավայրը հիմնադրվել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի 13.09.1958 թ. որոշմամբ: Գտնվում է Արփա գետի ավազանում՝ ծովի մակարդակից 1100-2800 մ բարձրության վրա: Ընդգրկում է 3,865 հա տարածք: Պահպանության օբյեկտը խոշորառէջ կաղնու լեռնային անտառներն ու դրանց բնորոշ կենդանական աշխարհն են: 

Պաշտոնական տվյալներով՝ այս արգելավայրում հանդիպում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված անողնաշար կենդանիների 4 տեսակ:

Ջերմուկի անտառային արգելավայրը կառավարվում է ՇՄՆ-ին ենթակա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից, իսկ պահպանությունն իրականացնում է ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը: Սակայն ջրաբանականի նման այստեղ եւս նշված ծառայությունը հասանելիություն ունի ոչ ամբողջ տարածքին, քանի որ արգելավայրի հյուսիսային հատվածը (Արփա գետի կիրճը) դարձել է հայ-ադրբեջանական չեզոք, միջդիրքային գոտի: 

Այս արգելավայրը եւս տուժել է 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայի օրերին առաջացած հրդեհներից: Նկատենք, որ, ի տարբերություն ջրաբանական արգելավայրի, որի տարածքի 75 տոկոսը ենթալպյան լեռնամարգագետիններ են, անտառային արգելավայրի 50.5 տոկոսը անտառներ են:  

Copernicus-Browser-11-21-2026_09_58_PM.png (1.65 MB)

Ադրբեջանական հարձակման հետեւանքով հրդեհված տարածքներ ՀՀ խորքում՝ Ջերմուկի հատվածում, 18.09.2022 թ., աղբյուրը՝ Sentinel-2 արբանյակ 

«Ջերմուկ» ազգային պարկ ստեղծելու ծրագիրը տարիներով մնում է թղթի վրա

Ջերմուկի ջրաբանական եւ անտառային արգելավայրերը միավորելու ծրագիր կա ավելի քան 20 տարի, որն այդպես էլ իրականություն չի դառնում: 

Դեռեւս 2004-2005 թթ. ՀՀ պետբյուջեի միջոցներով իրականացվել էր «Ջերմուկ» ազգային պարկ ստեղծելու միջնաժամկետ ծախսային ծրագիրը: Հետագայում Բնության համաշխարհային հիմնադրամի՝ WWF-ի հայաստանյան գրասենյակի կողմից կատարվել էին լրացուցիչ ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կրկին հիմնավորվել էր «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման անհրաժեշտությունը: 

Ծրագրվող ազգային պարկի ընդհանուր տարածքը կոպիտ հաշվարկներով նախատեսվում է մոտ 30 հազ. հա, որի մեջ պիտի ներառվեն Ջերմուկի ջրաբանական (17,372 հա), Ջերմուկի անտառային (մոտ 3,865 հա), ինչպես նաեւ Հերհերի նոսրանտառային (6,139 հա) արգելավայրերը: Ըստ Կառավարության 2014 թ. որոշման՝ դա հնարավորություն կտա ապահովել էկոհամակարգերի ամբողջականության պահպանությունը եւ աջակցել ազգային պարկի պահպանման գոտում գտնվող համայնքների տնտեսական զարգացմանը, խթանել զբոսաշրջության զարգացմանն ու բարձրացնել բնակչության կենսամակարդակը:

Հայաստանի գործող եւ նախատեսվող ԲՀՊՏ-ներն ու այլ արդյունավետ գործիքակազմերը (OECM). 2025 թ., քարտեզի հեղինակ՝ Կարեն Մանվելյան (WWF Armenia)

Նոր ազգային պարկի ստեղծման ծրագրի ձգձգման այլ պատճառներից բացի՝ 2022-ից մինչ օրս շարունակվող ադրբեջանական օկուպացիան փաստացի լուրջ խոչընդոտ է նախատեսվող պարկի արդյունավետ կառավարման ու օգտագործման ճանապարհին: 

Ամփոփում

2020 թվականից հետո Ադրբեջանի կողմից մասամբ օկուպացվել է ՀՀ բնության հատուկ պահպանվող 4 տարածք՝ 1 արգելոց եւ 3 արգելավայր (տես ստորեւ):

Սյունիքի մարզում օկուպացվել են Շիկահողի արգելոցը (մոտ 1/6 մասը կամ 17 տոկոսը), «Սոսու պուրակ» (մի փոքր հատված) եւ «Սեւ լիճ» (գրեթե ամբողջությամբ) արգելավայրերը: Վայոց Ձորում օկուպացվել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37.2 տոկոսը, իսկ Ջերմուկի անտառային արգելավայրի մի մասը (հյուսիսային հատվածում) վերածվել է չեզոք գոտու: 

Առաջին լուսանկարում՝ Ջերմուկի անտառային արգելավայրը, 2012 թ. հուլիս, հեղ.՝ Արմինե Աղայան, commons.wikimedia.org 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter